
Պահանջվում են Ձմեռ Պապիկներ
Նոյեմբերի 17-ին մեկնարկել է ONEArmenia-ի երկրորդ ամենամյա «Պահանջվում են Ձմեռ Պապիկներ» նախաձեռնությունը, որի օգնությամբ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից հնարավորություն կունենան ամանորյա նվերներ հասցնել սիրիահայ երեխաներին` միաժամանակ աջակցելով տեղական արտադրությանն ու, հետևաբար, Հայաստանի տնտեսությանը:
ONEArmenia-ն նպատակ է դրել ապագայում տեսնել մի Հայաստան, որը ոչ թե գոյատևում է, այլ առաջադիմում: 2011թ. սկսած՝ Հայաստանն ընդունել է մոտ 18,000 սիրիացի փախստականների: Նրանց մի մասին հաջողվել է հայրենիքում հաստատվել ու բիզնեսներ հիմնել, սակայն կան մի շարք այլ ընտանիքներ, ովքեր մինչ այժմ պայքարում են աշխատանք ու բնակության վայր գտնելու համար: Նրանք Հայաստանի բնակչության կենսական մասնիկ են ու կարևոր դեր ունեն ազգի կայացման գործում:
ONEArmenia-ն աշխատում է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի հետ միասին` հասցնելու պրակտիկ, հետաքրքիր ու կրթական նվերներ վերջերս Հայաստան տեղափոխված երկու հարյուր սիրիահայ երեխաների: Նվերների նյութական ու գործնական օգուտը նախագծի միայն մի կողմն է: Դրանք նաև դրական հոգեբանական ազդեցություն կունենան երեխաների վրա: Իրենց տներն ու ընկերներին հետևում թողնելուց, նոր երկիր տեղափոխվելուց ու տեղահանության պատճառած անորոշությունը զգալուց հետո երեխաների վրա կարող են էական ազդեցություն թողնել այն նվերները, որոնք ստեղծվել են Հայաստանում` անձնապես իրենց համար:
Այս նվերները արտադրվել են տեղական յոթ ընկերությունների կողմից: Դրանք են AVA Shoes-ը, Huys-ը, #Sport-ը, «Զանգակ» հրատարակչությունը, Honey.am-ը, Այլ կերպը և Goghovit Knits-ը: Իսկ աջակցելու համար կարելի է նվիրաբերել $100 արժողությամբ փաթեթ, որի մեջ մտնում է`
Զրակայուն բաճկոն Huys-ի կողմից: «ՀԱԼԷՊ»-ը աշխատում է մեծ քանակությամբ երեխաների հետ, ովքեր չունեն համապատասխան ձմեռային հագուստ, որովհետև երբեք չեն զգացել դրա կարիքը: Huys-ի բաճկոնները կօգնեն երեխաներին պատրաստել գալիք ձմռանը:
Տաք շապիկ #Sport-ից: Տեղական ընկերություն, որն արտադրում է առօրյա հարմարավետ հագուստ:
Ձեռագործ շարֆ, որը կգործի Goghovit Knits-ը` Շիրակում բնակվող մի կին, ով այս մեծ պատվերի առիթով աշխատանքի կհրավիրի նաև այլ տեղացի կանանց:
Ձմեռային ամուր կոշիկներ, որոնք ձեռքով կարում է AVA Shoes-ը ու երաշխավորում, որ երեխաների ոտքերը տաք ու չոր կմնան ամբողջ ձմեռ:
«Զանգակ» հրատարակչության մեկից երեք գիրք, որոնք երեխաները իրենք կընտրեն: Իհարկե, հենց երեխաները ավելի լավ կիմանան, թե որ գիրքը ավելի մեծ սիրով կկարդան: Այս գրքերը նաև ընտիր լրացում կլինեն արևմտահայերենից արևելահայերեն տեղափոխված իրենց ուսումնական ընթացքի համար:
Կրթական ու զվարճալի սեղանի խաղ` Այլ Կերպիկ: Այն Հայաստանում մեծ տարածում գտած Այլ կերպ խաղի մանկական տարբերակն է: Անգլալեզու Taboo խաղի հայկական տարբերակը երեխաներին հնարավորություն կտա ուրախ ու մրցակցային միջավայրում զարգացնել արևելահայերենի իրենց գիտելիքները:
Տեղական ու բնական մեղր honey.am-ի կողմից: Այն լավ է երեխաների իմունային համակարգի համար, պայքարում է սեզոնային հիվանդությունների դեմ, ինչպես նաև խթանում է առողջ ապրելակերպ` վերամշակված քաղցրեցնողների փոխարեն բնական տարբերակ առաջարկելով:
Այս Նոր տարի դուք կարող եք դրական փոփոխություն մտցնել երկու հարյուր սիրիահայ երեխաների կյանքերում: Նվերների այս փաթեթները երեխաներին կօգնեն իրենց նոր կյանքին ընտելանալ մի քիչ ավելի ջերմ, մի քիչ ավելի ուրախ ու շատ ավելի դրական միջավայրում: Մասնակցեք արշավին www.onearmenia.org/campaign կայքում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել