
Վարչապետը հանձնարարականներ տվեց պետական մարմինների ղեկավարներին
Կառավարության այսօրվա հերթական նիստը սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով։ Մասնավորապես՝ տեսչական ստուգումների վերաբերյալ կառավարության ղեկավարը նախարարություններին և պետական կոմիտեներին հանձնարարեց՝ ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչը պետք է համարվի ոչ որպես վերահսկող, այլ աջակցող. «Պետք է խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել և օգնել տնտեսվարող սուբյեկտին իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար»,-նշում է վարչապետը։
Համագործակցության ձևավորման համար Կարապետյանը հանձնարարեց մշակել և գտնել կապի ապահովման մեխանիզմներ։ Մասնավորապես՝ տեսուչն իր գործունեությունն իրականացնելիս չպետք է ընկալվի որպես կարանտին կատարող, պատժող կամ տույժ ու տուգանք դնող։
Վարչապետի խոսքով՝ առաջին այցերը, որոնք տեսչական մարմինները կազմակերպելու են արտադրողների մոտ, ունենալու են առաջարկությունների փաթեթ, թե ինչ պետք է կատարի տնտեսվարողը, որպեսզի իր գործունեությունը համապատասխանի օրենքով սահմանված նորմերին: Նրանց կտրվեն ժամկետներ՝ առկա բացթողումները լրացելու համար։ Եվ եթե չեն լրացնի, այդ ժամանակ միայն կկիրառվեն օրենքի համապատասխան դրույթները։
Վարչապետի երկրորդ հանձնարարականը արտահանման խթանման՝ ՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի, հատկապես՝ սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման վերաբերյալ է։ Այս առնչությամբ Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի, առողջապահության, գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարեց՝ համատեղ քննարկել և հնգօրյա ժամկետում ներկայացնել այս նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին նախագիծ։ Աշխատանքային խումբը պետք է աշխատի իրանական կողմի հետ՝ այդ շուկա արտահանման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունների ապահովման նպատակով, և մինչ դեկտեմբերի 25-ը կառավարությանը պետք է ներկայացվի կատարված աշխատանքների մասին հաշվետվություն։
Դրա հետ մեկտեղ, վարչապետը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՊԵԿ նախագահին հանձնարարեց շահագրգիռ մարմինների և ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչ դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություններ։
Վարչապետի չորրորդ հանձնարականն ուղղված էր կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին։ Հանձնարարականը էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման վերաբերյալ էր, որով պետական մարմինների և տնտեսվարողների շփումը կրճատելու նպատակով Կարապետյանը հանձնարարեց երեք շաբաթվա ընթացքում ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն՝ իրավաբանական անձանց տրվող լիցենզիաները կտրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Վարչապետը առաջարկեց բացառություն սահմանել միայն ՊՆ-ի և միջուկային անվտանգության պետական կոմիտեի կողմից տրվող որոշ լիցենզիաների համար։
Իր այսօրվա հինգերորդ հանձնարարականով վարչապետը ներդրումային ծրագրեր ունեցող բոլոր գործընկերներին աաջարկեց դրանք ներկայացնել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։ Բացի այդ, Կարապետյանը մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում նախարարություն ներկայացնել պետական և մասնավոր ներդրումային ծրագրեր։
Վարչապետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին և արդյունաբերողների եւ գործարարների միությանը առաջարկեց մեկամսյա ժամկետում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ևս ներկայացնել ներդրումային ծրագրեր։
Իսկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց ամփոփել ներկայացված ներդրումային ծրագրերը, ընտրված իրատեսական ծրագրեր ներկայացնել օտարերկրյա պետություններում, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, պոտենցիալ ներդրողներին։
«Գիտեք, որ կառավարության ծրագրի մեջ նախատեսել ենք ստեղծել հատուկ խրախուսման ֆոնդ, որով բիզնեսին պետք է աջակցենք։ Կարծում եմ՝ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորությունը միշտ ունեցել ենք և ունենալու ենք։ Մեզ պետք են ծրագրեր, որոնք կտան մաքսիմալ արդյունավետություն և որոնք հիմնավոր են, որպեսզի կարողանանք այդ աղբյուրները ներգրավել»,-ամփոփեց կառավարության ղեկավարը։
Մեկնաբանել