HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի հարստացած անձին սպառնում է ազատազրկում, գույքի բռնագրավում

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմք ընդունելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները՝ օրինագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը: Ապօրինի հարստանալը հանցակազմի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: Այսինքն` հանցակազմի սուբյեկտ են դիտարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրա հետ փոխկապակցված անձը (բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը):

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի սանկցիայում որպես հիմնական պատժատեսակ նախատեսել ազատազրկումը, իսկ որպես լրացուցիչ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և գույքի բռնագրավումը: Մասնավորապես, ելնելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սանկցիաների ընդհանուր տրամաբանությունից, առաջարկվում է սահմանել ազատազրկում` երեքից վեց տարի ժամկետով:

Օրենսդրորեն թվարկվել են ապօրինի հարստացման հիմնական դրսևորումները` այդպիսով ապահովելով իրավական որոշակիության սկզբունքը: Այսպես, ապօրինի հարստացման դրսևորումներն են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Քննարկվող հանցակազմում էական չափը հստակեցնելու համար սահմանվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 310.1-րդ հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը): 

Կառավարության հավանությանն է արժանացել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը: Օրինագծով համապարփակ կկարգավորվի գործարքների այն շրջանակը, որով վճարումները չեն կարող կատարել կանխիկ ձևով, վճարումներ կատարելու առանձնահատկությունները, ինչպես նաև սուբյեկտների այն կազմը, որոնց կողմից գործառնությունները ենթակա են նման կարգով վերահսկման: Միաժամանակ, նախագծով կանխիկ դրամով սահմանափակումները կիրառելի են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց նկատմամբ: Արդյունքում՝ կնվազեցվի կանխիկ շրջանառությունը, կմեծացվեն ֆինանսական միջնորդության ծավալները, կուժեղացվի հարկային վարչարարությունը և պայքարը ստվերային տնտեսության դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter