
Որքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված Երևանում
Այս ու այն առիթով շատ է խոսվել, որ Հայաստանի մարզերում տնտեսությունը կամ թույլ է զարգացած կամ զրոյական վիճակում է, իսկ Երևանի շուրջ կենտրոնացվածությունը բարձր է։
Եվ այդ ամենը՝ երկրի համախառն ներքի արդյունքի (ՀՆԱ) ոչ մեծ ծավալների և ոչ բարձր տեմպերով աճի ֆոնին։ Դա ուղղակիրորեն ցույց է տալիս ՀՀ տնտեսության ներկա ոչ բարվոք վիճակը, մարզերի և Երևանի զարգացման տեմպերի մեծ տարբերությունը, որն էլ արտագաղթի եթե ոչ ամենագլխավոր, ապա գլխավոր պատճառներից մեկն է։
Երկու օր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Տավուշի մարզ։ Մարզպետի և համայնքի ղեկավարների հետ հանդիպմանը նա նշել է, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը։ «Այնուհետև քննարկելու ենք դրանք և առաջնահերթությունը տալու ենք ամենահեռանկարային ծրագրերին, որտեղ համայնքն իր վրա բեռ է վերցնում, բացի ակնկալելուց, որ կառավարության կողմից պետք է լինեն ներդրումներ, աջակցություն, այսինքն՝ մեր հարաբերությունները լինելու են գործընկերային»,- ասել է վարչապետը:
Ծրագրերն, իհարկե, գործի սկիզբն են։ Կարելի է ոգևորիչ ծրագրեր գրել ու տեսլականներ նախանշել։ Մարզերի սոցիալ-տնտեսական վիճակը զարգացնելու բազմաթիվ ծրագրեր են գրվել, այդ թվում՝ տեսլականներով հարուստ ծրագրեր։ Բայց մարզերի ներկա վիճակը ցույց է տալիս, որ այդ ծրագրերը հիմնականում կամ մնացել են թղթի վրա, կամ դրանց փոքր մասն է իրականացվել։ Այլ խոսքով՝ կարևորը ոչ թե ծրագրերն են ու դրանցում մեծ քայլերով առաջ գնալու հեռանկարները, այլ՝ դրանց իրականացումը, թեկուզ փոքր քայլերով։
Տնտեսությունն այսօր խարխուլ վիճակում է բոլոր մարզերում։ Այս մասին են վկայում նաև Երևանի շուրջ կենտրոնացվածությունը ցույց տվող տվյալները։ Պարզապես որոշ ոլորտների առումով մի քանի մարզում այն փոքր-ինչ ավելի բարվոք վիճակում է՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով, Երևանից ունեցած հեռավորությամբ, բնական պաշարների առկայությամբ և այլն։
Թե որքանով է Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված Երևանում, կարելի է հասկանալ մի քանի օրինակներով։ Ամենապարզ ու վիճակը լավագույնս բնութագրող ցուցանիշներից է արդյունաբերության կառուցվածքն՝ ըստ մարզերի և Երևանի։ Երկու օր առաջ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) հրապարակել է «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով» զեկույցը, որտեղ ներկայացված են 2015-ի տարեկան ամբողջական տվյալները։
Արդյունաբերության ավելի քան 40%-ը ապահովում է Երևանը
Այսպիսով, 2015 թվականին Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն ընթացիկ գներով կազմել է 1.3 տրլն դրամ։ Այդ ամբողջ արտադրանքի 41.2%-ն արտադրվել է Երևանում։ Իսկ մնացած 10 մարզերը միասին զբաղեցրել են արտադրության 58.8%-ը։ Նրանցից համեմատաբար մեծ է Արարատի, Կոտայքի, Սյունիքի ու Լոռու կշիռը։ Սյունիքի և Լուռու կշիռն ապահովվում է գլխավորապես հանքարդյունաբերության հաշվին, Կոտայքինը՝ էլեկտրաէներգիայի (մեծ է Հրազդանի ՋԷԿ-ի դերը), իսկ Արարատինը՝ մշակող արդյունաբերության մի քանի ճյուղերի շնորհիվ (ծխախոտ, խմիչք, թուղթ և այլն)։
Իսկ ամենատխուր վիճակում Տավուշն է։
Ընդ որում, վերջին հինգ տարում արդյունաբերության ոլորտում մարզերի և Երևանի ունեցած կշիռները էական փոփոխություններ չեն կրել։
Արտահանման մոտ 50%-ը, ներմուծման՝ ավելի քան 80%-ը
Արտահանման կառուցվածքում Երևանի շուրջ բարձր կենտրոնացվածությունը արդյունաբերության կենտրոնացվածության ուղղակի հետևանքն է։ 2015 թվականին Երևանին բաժին է հասել ՀՀ-ից ամբողջ արտահանման 48.8%-ը։ Այսինքն՝ ընդհանուր արտահանված ապրանքների մոտ կեսն արտադրվել է Երևանում։
Արտահանման կառուցվածքում Երևանի շուրջ կենտրոնացվածությունը ևս վերջին հինգ տարում տեսանելի փոփոխություններ չի կրել։ Իսկ մարզերին բաժին հասնող կշռում որոշակի փոփոխություններ կան, սակայն նորից՝ ոչ էական։
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա 2015 թվականին դեպի ՀՀ ամբողջ ներմուծման 82.2%-ն է զբաղեցրել Երևանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 1.48 մլրդ դոլար, ներմուծումը՝ մոտ 3.14 մլրդ դոլար։
Երեւանին բաժինէ ընկնում մանրածախ առևտրաշրջանառության՝76%-ը
Նորից ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015 թվականին Հայաստանում մանրածախ առևտրաշրջանառությունը կազմել է 1.3 տրլն դրամ, որից 1 տրլն դրամը բաժին է հասնել Երևանին։ Այսինքն՝ 76.4%-ը։ Սա ևս բարձր կենտրոնացվածության օրինակ է։
Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ
Ծառայությունների՝ ավելի քան 80%-ը
2015 թվականին Հայաստանում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 1.1 տրլն դրամ։ Երևանի բաժին է ընկել այս ցուցանիշի 81.4%-ը՝ 931 մլրդ դրամը։
Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ
Երեւանում է խոշոր հարկատուները մոտ 80%-ը
Այստեղ նորից տարեկան տվյալներն ենք դիտարկում։ Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած ցանկի՝ 2015 թվականին Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից 794-ը, այսինքն՝ մոտ 80%-ը, գրանցված են Երևանում։ Եվ միայն մնացած մոտ 20%-ը՝ 10 մարզերում միասին։ Սա՝ ըստ գրանցման վայրի։
Ըստ վճարած հարկերի ծավալի՝ խոշորների ցանկում տեղ գտած Երևանում գրանցված հարկատուները վճարել են մոտ 555 մլրդ դրամ։ Խոշորների ընդհանուր հարկերի ծավալը՝ մարզերը և Երևանի միասին, կազմել է 696.5 մլրդ դրամ։ Այսինքն՝ 1000 խոշոր հարկատուներից ստացված ընդհանուր հարկերի 80%-ն ապահովել են Երևանում գրանցված ընկերությունները։
Անշարժ գույքի շուկայի գործարքների 34%-ը
Անշարժ գույքի շուկան ևս տնտեսությունը բնութագրող լավագույն ցուցիչներից է։ Այստեղ ևս կենտրոնացվածությունը խոսում է այն մասին, որ տնտեսական գործընթացների մեծ մասը տեղի է ունենում Երևանում։ Ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտերի տվյալների՝ 2015 թվականին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է մոտ
181 հազ. գործարք, որի 34.4%-ը՝ Երևանում։ Մարզերից ամենաակտիվը եղել է Կոտայքը, ամենապասիվը՝ Վայոց Ձորը։
Ցանկության դեպքում կարելի է բազմաթիվ օրինակներ ավելացնել, որոնք կվկայեն, որ Հայաստանի տնտեսության՝ Երևանի շուրջ կենտրոնացման աստիճանը բարձր է ու մեծ է մայրաքաղաքի և մարզերի տարբերությունը։ Կենտրոնացվածությունը շղթայաբար արտահայտված է տնտեսության բոլոր ոլորտներում ու ճյուղերում։
Մեկնաբանել