
Գյուղնախարար. «Խնդիրներն այնքան շատ են, որ դժվար է հասկանալ՝ որտեղից սկսես, որտեղ վերջացնես»
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց 2017 թվականին պետական բյուջեով գյուղատնտեսության ոլորտի հատկացումները: Նախորդ տարվա համեմատ այս տարի հատկացվելիք գումարը 650 մլն դրամով պակաս է: Նախարարի խոսքով՝ պատճառն այն է, որ պարարտանյութը նախորդ տարի անցկացված տենդերի արդյունքում այս տարի ավելի էժան գնով են ձեռք բերելու:
2017-ի համար, ըստ նախարարի, այլ ֆինանսական փոփոխություն չկա: Նախարար ընդգծեց իր դիրքորոշումն առ այն, որ գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման ուղղությունները պետք է ընտրվեն հստակ, հասցեական, իսկ տենդերները, գնումները կատարվեն թափանցիկ՝ հնարավորին չափ տնտեսելով գումարներն ու դրանք ուղղելով այն ոլորտներ, որտեղ զարգացման պոտենցիալ կա։
Առաքելյանի կարծիքով՝ գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են՝ սկսած ֆերմերային տնտեսությունների և վերամշակողների ֆինանսական վիճակից, որտեղ վարկավորված են համարյա թե բոլորը, և վերավարկավորման խնդիր կա, վերջացրած մթերումներ կազմակերպելով, անասնաբուժության կազմակերպմամբ: Նախարարը կարծում է, որ պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել անասնաբույժների որակավորմանը:
Առաքելյանն ընդգծեց, որ մի կողմից՝ պետությունը Համաշխարհային բանկից վարկ վերցնելով զարգացնում է անասնապահությունը, մյուս կողմից՝ ուշադրություն չդարձնելով անասնաբուժությանը՝ կարող է շատ մեծ հետևանքների առաջ կանգնի։
Այս հանգամանքը հաշի առնելով՝ գյուղատնտեսության նախարարությունը տարածքային կառավարման նախարարության հետ արդեն համագործակցում է, որպեսզի մարզերում կարողանան ունենալ հաստիքներով հաստատված անասնաբույժներ: Եվ այն գումարները, որոնք այսօր ուղղվում են համաճարակային և ծրագրավորման խնդիրները լուծելու համար, դարձնեն աշխատավարձ՝ փորձելով անասնաբույժների մոտ համայնք վերադառնալու շահագրգռվածություն առաջացնել։
Ֆերմերներին և գյուղացիներին տրամադրվող խորհրդատվությունների վերաբերյալ նախարարն ասաց, որ թեև մի քանի տարի առաջ միջազգային ծրագրով ստեղծվել են ԳԱՄԿ-եր, սակայն քանի դեռ չկա ֆինանանսավորում, իջնում է նաև խորհրդատվության մակարդակը։ Նախարարն այս հանգամանքը համարեց ֆերմերային տնտեսությունների չզարգացման արդյունք. «Մենք ունենք խորհրդատվության մակարդակը բարձրացնելու կարիք, մենք ունենք մասնագետների կարիք, որոնք կարող են մեր ֆերմերներին ցույց տալ նոր տեխնոլգիաներ և ուղղություններ, թե ոնց է պետք զարգացնել իրենց բիզնեսը։ Առանց այս հանգամանքների շատ դժվար է»։
Նախարարը հայտնեց, որ արդեն պետք է սկսել մտածել հաջորդ տարի կատարվելիք մթերման մասին։ Նա հանդիպել է գյուղացիների, ֆերմերների և վերամշակողների հետ և համոզված է, որ «պետք է պետական միջամտությամբ խորհուրդներ ստեղծվեն, որոնք կպարտադրեն, քանի որ լիբերալության սկզբունքով գործելու դեպքում, նրա խոսքով, դաշտը կդառնա անկառավարելի և գյուղատնտեսությունը «կգնա» կոլապսի»։
Այդ պատճառով վարչապետի հանձնարարությամբ նախարարությունն արդեն աշխատում է պետություն-մթերող-գյուղմթերք արտադրող շղթա ստեղծելու ուղղությամբ և այդ խորհուրդների, խմբերի միջոցով պետք է կարողանան կարգավորել նվազագույն գինը, որակի դասակարգումը։ «Խնդիրներն այնքան շատ են, որ որտեղից սկսես, որտեղից վերջացնես՝ այսօր շատ դժվար է հասկանալ»,- ասաց Ի. Առաքելյանը։
Նախարարը ԱԺ դահլիճում ներկա գտնվող պատգամավորին հավաստիացրեց, որ լիովին պատկերացնում է ոլորտի խնդիրները և սկսել է աշխատել, համագործակցել, սակայն պատգամավորներից աջակցություն խնդրեց, որպեսզի նրանց ընտրատարածքներում գործող բիզնեսների սեփականատերերին, համայնքներին, որոնք նրանց հետ կապ ունեն, փորձեն բացատրել, որ անհրաժեշտ է համախմբվել։ Առաքելյանին մտահոգում է, օրինակ, որ եթե այսօր կաթի գծով խորհուրդ է ստեղծվում, բայց արտադրողները իրար մեջ մրցակից են տեսնում և չեն ցանկանում համագործակցել, նվազագույն գնի շուրջ պայմանավորվել, այս պարագայում պետությունը կարող է պարտադրել, սակայն նախարարը նման իրավիճակում ռիսկ է տեսնում։ Մասնավորապես՝ տնտեսվարողը կարող է ասել՝ ես փող չունեմ, չեմ գնում, գործարանս փակում եմ, գնամ, արդյունքում կսկսվի ոչ դրական և շանտաժային խոսակցություն, թե ով է ավելի ուժեղ լինելու այս հարցը լուծելու համար։
Մեկնաբանել