
ԵՄ բանկը 12 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման համար
Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» ֆինանսավորվող դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները կօժանդակեն Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակը:
Հայաստանի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» իրականացման 12 մլն եվրո դրամաշնորհը կֆինանսավորվի «Հարևանության ներդրումային գործիքի» բյուջեից: Հայաստանի Հանրապետությանը ԵՆԲ-ն տրամադրում է դրամաշնորհը Եվրոպական Հանձնաժողովի անունից: ՀՆԳ դրամաշնորհն ունի երկու բաղադրիչ. առաջին բաղադրիչով սահմանված 6 մլն. եվրո ներդրումային դրամաշնորհով կֆինանսավորվեն շինարարական աշխատանքներն ու մատակարարման ծախսերը, իսկ երկրորդ բաղադրիչով նախատեսված 6 մլն. եվրոն՝ կհատկացվի որպես տեխնիկական աջակցություն:
Այս համաձայնագրի նպատակն է սահմանել 6 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի ժամանակացույցն ու պայմանները, որն ուղղված է շինարարական աշխատանքների ու մատակարարման ծախսերի ֆինանսավորմանը: 6 մլն. եվրո տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիրը արդեն ստորագրվել էր նախորդ տարում:
Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ Յան Վապաավուորին նշեց. «Մեծապես արժևորում եմ, որ Եվրոպական ներդրումային բանկն ու Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հետ միավորում են կարողություններն՝ ի նպաստ որակի չափանիշներին համապատասխանող, արդյունավետ և ապահով ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը, մարդկանց կյանքի որակի բարելավմանն ու տնտեսական աճի ու տարածաշրջանային համագործակցության խթանմանը»։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդգծեց Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը, և շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը ՀՆԳ ֆոնդի միջոցով շարունակական աջակցության և դրամաշնորհային ռեսուրսների մոբիլիզացման իր աշխատանքների համար՝ առանձնացնելով Եվրոպական ներդրումային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը միտված ենթակառուցվածքային զարգացմանը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ավելացրեց. «Այնպիսի երկրում ինչպիսին Հայաստանն է՝ ճանապարահային հաղորդակցությունը անհրաժեշտություն է» և շարունակեց ընդծելով՝ «Եվրոպական միությունը գոհ է, որ կարող է նպաստել ԵՆԲ-ի կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկների Հայաստանում ավելի ազատ ու ապահով տեղաշարժմանը և հարևան տարածքներ ու շուկաներ նրանց ավելի դյուրին մուտք գործելուն»:
2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր:
Ծրագիրը խթան կհանդիսանա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար ու, նպաստելով տարածարջանային ինտեգրման ամրապնդմանը, զգալի օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին:
Ֆինանսավորվող ծրագիրը հանդիսանում է հյուսիսից հարավ` Վրաստանի սահմանի Բավրայից Իրանի սահման`Մեղրի ձգվող Բավրա, Գյումրի, Աշտարակ, Երևան, Գորիս, Կապան և Մեղրի քաղաքներով անցնող 556 կմ երկարությամբ ճանապարհային միջանցքի բարելավմանն ուղղված հավակնոտ նախագծի բաղկացուցիչը:
Մեկնաբանել