HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր (տեսանյութ)

Այսուհետ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ, այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը :Այս շաբաթ փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: 

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով` վերջին երկու տարիներին քննարկվում էր տարանցիկ մուլտիմոդալ փոխադրման այս ծրագիրը, քանի որ նախարարության գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Անդրադառնալով առաջին կոնտեյներների տեղափոխմանը` Արթուր Առաքելյանը նշել է, որ սա փորձնական փոխադրում էր:

«Այն թույլ տվեց մեզ ու մեր գործընկերներին դիտարկել ու վերլուծել ճանապարհին ծագող խնդիրները և համատեղ աշխատանքով փորձել վերացնել այն խոչընդոտները, որոնք ազդում են փոխադրման ժամանակի և գնի վրա», - նշել է նախարարի առաջին տեղակալը: Նրա խոսքով` կոնտեյներները Փոթիից Երասխ են հասցվել 38 ժամում, որը բավական լավ ցուցանիշ է, սակայն պետք է աշխատել հետագայում այդ ժամանակը հնարավորինս կրճատելու ուղղությամբ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի խոսքով` փորձնական փոխադրումը հաստատել է, որ նախագիծն իրատեսական է:

Սերգեյ Վալկոյի խոսքով` բեռնափոխադրման այս մոդելը ոչ միայն ժամանակի առումով է արդյունավետ, այլև հուսալի է: «Եվրոպայի տարածքում կոնտեյների վրա դրված կապարակնիքը մնում է ամբողջական մինչև բեռը կհասնի Թեհրան: Այսինքն՝ բեռը տեղ է հասնում այն նույն վիճակում, ինչպիսին եղել է ճանապարհի սկզբում»,- ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարը:

«Բացի տնտեսական ակտիվությունը մեծացնելուց, այս երթուղու ստեղծումը նաև ռազմավարական նշանակություն ունի: Հաշվի առնելով հարևան երկու պետությունների հետ փակ սահմանները` չափազանց կարևոր է, որ մենք ունենանք կայուն աշխատող տրանսպորտային միջանցք»,- ասել է Արթուր Առաքելյանը: Նրա համոզմամբ` այս ծրագիրը կնպաստի նաև հարևան Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը:

Արթուր Առաքելյանը, ըստ հաղորդագրության, կարևորել է նաև Իրանում Հայաստանի և ՀՀ-ում Իրանի դեսպանների դերակատարությունը կողմերի միջև արդյունավետ քննարկումներ անցկացնելու գործում:

Մանրամասները` տեսանյութում, որը տրամադրել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter