HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Թրաֆիքինգի հետևում այն կանայք են, ովքեր ժամանակին դրա զոհն են եղել

Մեր զրուցակիցն է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը

Պարոն Պետրոսյան, թրաֆիքինգ կոչվող երևույթի դրսևորումները Հայաստանում երբվանի՞ց են սկսել նկատվել, որո՞նք են Հայաստանում թրաֆիքինգին նպաստող գործոնները, և ո՞ր մարմիններն են այսօր զբաղվում թրաֆիքինգի դեմ պայքարով:

Մարդկանց թրաֆիքինգ իրականացնողների վերաբերյալ տեղեկություններ իրավապահ մարմիններում ստացվեցին 1994-ից սկսած, բայց այդ ժամանակ թրաֆիքինգ հասկացությունը դեռ չէ գործածվում: Կային տեղեկություններ, որ որոշ քաղաքացիներ տեղափոխվում են արտերկիր, այնտեղ ենթարկվում բռնության և հարկադրված զբաղվում մարմնավաճառությամբ: Մեր իրավապահ մարմինները, այդ արարքը նմանեցնելով կավատություն հանցատեսակին, պատասխանատվության էին ենթարկում թրաֆիքինգ իրականացնողներին ՀՀ քրեական օրենսգրքի՝ կավատությամբ զբաղվելու համար նախատեսված հոդվածով, որը պատիժ էր սահմանում ազատազրկման ձևով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հոդվածի պատժաչափը բնականաբար չէր արտացոլում արարքի ծանրությունը, ինչը հնարավորություն էր տալիս, որ թրաֆիքինգ իրականացրած ձերբակալված անձինք կարճ ժամանակ անց հայտնվեն ազատության մեջ և շարունակեն իրենց հանցավոր գործունեությունը, թեև իրավապահ մարմիններն ի սկզբանէ ուշադրություն էին դարձնում հենց այս տեսակ կավատության դեպքերի հատուկ բացահայտմանը, որոնք հաշվետվություններում տարանջատվում էին որպես արտագնա կավատության դեպքեր:

Ինչ վերաբերում է թրաֆիքինգի դեմ պայքարով զբաղվող մարմիններին, ապա ասեմ. ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կա մասնագիտացված ենթակառույց՝ թրաֆիքինգի դեմ պայքարի բաժին: Բացի մեր բաժնից, որը հիմնականում օպերատիվ- հետախուզական գործունեություն է իրականացնում թրաֆիքինգի և հարակից հանցատեսակների դեպքերի հայտնաբերման ուղղությամբ, կան նաև մասնագիտացված քննիչներ քննչական գլխավոր վարչության կազմում, մասնագիտացված դատախազներ Գլխավոր դատախազության համապատասխան վարչության կազմում:

Ի՞նչ է ցույց տալիս օպերատիվ տեղեկատվության վերլուծությունը և արձանագրված նոր դեպքերի վիճակագրությունը՝ ՀՀ քաղաքացիներին թրաֆիքինգի ենթարկելու դեպքերը նվազո՞ւմ են, թե՞ հակառակը:

Որակային առումով դեպքերը նվազում են, այսինքն՝ նվազել են զոհերի կազմակերպված փոխադրումները: Ժամանակի ընթացքում ավելի շատ աչքի են ընկնում հանրապետության ներսում շահագործման դեպքերը: Սակայն չպետք է ենթադրել, թե նմանատիպ դեպքերն են շատացել, պարզապես մենք արդեն թրաֆիքինգի կազմակերպված ձևի դեմ պայքարից անցնում ենք մանր դեպքերի հայտնաբերմանը, որոնք մինչ այժմ երկրոդական պլանում էին:

Որո՞նք են Հայաստանի համար աշխատանքային և սեռական թրաֆիքինգի հիմնական նպատակակետ երկրները:

Աշխատանքային թրաֆիքինգի հիմնական նպատակակետ երկիրը ՌԴ-ն է, իսկ սեռական շահագործման առումով շարունակում են լինել ԱՄԷ-ն և Թուրքիան:

Նպատակակետ երկրներից ՌԴ-ի և ԱՄԷ-ի հետ Հայաստանը ակտիվ համագործակցում է: Իսկ ինչպե՞ս է խնդիրը կարգավորվում Թուրքիայի հետ:

Այո, փոխհամագործակցության խնդիր Թուրքիայի հետ ունենք: Այս երկրի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, և իրավապահ մարմինների հետ համագործակցությունն իրականացվում է միայն Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մի շարք բարդություններ է ստեղծում զոհերի ռեպատրիացիայի, հետախուզման մեջ գտնվող թրաֆիքինգի կազմակերպիչների հայտնաբերման և էքստրադիցիայի միջոցառումների իրականացման համար: Թեև Թուրքիայի իրավապահ մարմիններն էլ երբեմն համագործակցում են: Դրա վառ օրինակը վերջերս Թուրքիայից թրաֆիքինգի համար հետախուզվող անձի էքստրադիցիան էր:

Պարոն Պետրոսյան, ժամանակին ՀՀ-ից թրաֆիքինգ իրականացնողները հիմնականում կանայք էին. այսօր ի՞նչ դեր ունեն նրանք:

Անդրազգային բնույթի թրաֆիքինգի դեպքում Հայաստանից իրականացնողները հիմնականում կանայք են, այն կանայք, ովքեր նախկինում իրենք են զոհ եղել կամ իրենց ցանկությամբ մարմնավաճառությամբ են զբաղվել արտերկրում, գիտեն ձևերը: Ամբողջ աշխարհում այս ամենի հետևում հիմնականում այն մարդիկ են, ովքեր անցել են այդ ճանապարհով և գիտեն ինչպես կարելի է խաբել ու շահագործել: Իսկ եթե ներքին շահագործումների մասին խոսենք, ապա դրանց թիկունքում ավելի շատ տղամարդիկ են:

Հայաստանը համարվում է սկզբնաղբյուր երկիր, և որպես կանոն, խոսվում է թրաֆիքինգի՝ հանրապետությունից դուրս բերվող զոհերի մասին: Իսկ կա՞ն դեպքեր, երբ շահագործման նպատակով մարդիկ Հայաստան են բերվում այլ երկրներից, եթե այո, ապա ո՞ր երկրներից, և որո՞նք են կիրառվող թրաֆիքինգի ձևերը:

Իհարկե կան նման դեպքեր, պարզապես դրանք քանակական առումով այնքան քիչ են, որ հնարավոր չէ ընդհանրացված ներկայացնել կոնկրետ երկրների վիճակագրությունը: Իհարկե ունեցել ենք բացահայտված դեպքեր նույն ՌԴ-ից, երբ կանայք փոխադրվել են և աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվել: Խոսքը վերաբերում է մերկապարերով գիշերային ակումբներում շահագործված օտարազգիներին:

Թրաֆիքինգի ի՞նչ ձևեր կան, որո՞նց հետ է առնչվում ՀՀ-ն, սոցիալական ո՞ր խմբերի ներկայացուցիչներն են առավելապես դառնում թրաֆիքինգի զոհ:

Շահագործման ձևերը շատ են. ամեն տարի մի նոր ձև է ի հայտ գալիս, և փորձ է արվում միջազգային հանրության ուշադրությունը բևեռել այդ ձևի վրա, որի դեմ պայքարը կարիք ունի կատարելագործվելու: Թրաֆիքինգի դեմ ակտիվ պայքարը սկսվել է պոռնկության շահագործման նպատակով թրաֆիքինգից, սակայն հիմա միջազգային հանրությունը փորձում է ուշադրությունը կենտրոնացնել աշխատանքային թրաֆիքինգի վրա:

ԵԱՀԿ վերջին խորհրդաժողովի ընթացքում պարզ դարձավ, որ նոր շահագործման ձև է ի հայտ գալիս. դիվանագիտական առաքելությամբ այլ երկրում գտնվող դիվանագետները որպես տան ծառայող են ընդունում մարդկանց և հետագայում նրանց դարձնում շահագործման զոհեր: Մեր երկրում նման դեպքեր դեռևս չեն արձանագրվել, բայցև մենք էլ ապահովագրված էլ չենք դրանցից:

Ի դեպ, եթե նախկինում մարդուն հավաքագրելու հիմնական հարկադրանքի միջոցը խաբեությունն էր, հիմա դա ավելի քիչ է կիրառվում: Այժմ հավաքագրման փուլում անձին հիմնականում ասվում է, որ նա արտերկրում զբաղվելու է, օրինակ, մարմնավաճառությամբ, բայց խաբեությունն այս դեպքում առկա է նրան առաջարկվող պայմանների նկարագրական մասում: Բնականաբար, թրաֆիքինգի զոհ են դառնում այն խմբերը, որոնք ունեն սոցիալական խնդիր և կարիք՝ բարելավելու իրենց վիճակը:

Սակայն հաճախ թրաֆիկյորների թիրախում հայտնվում են նաև մարդիկ, որոնք սոցիալապես ապահովված են, ունեն բարձրագույն կրթություն, ինքնավստահ են: Նրանք պարզապես չափազանց վստահ են, որ իրենց հետ նման բան երբեք չի պատահի:

Սեռական, աշխատանքային, ինչպես նաև երեխաների շահագործման վերաբերյալ տեղեկատվությունը ավելի տարածված է, սակայն մարմնամասերի և հյուսվածքների բիզնեսի ու երեխաների առուվաճառքի առումով շատ քիչ տեղեկատվություն կա: Նմանատիպ դեպքե՞րն էլ մեր իրականությունում քիչ են:

Երեխաների առուվաճառքի դեպքեր լինում են՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք կամ այլ անձի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառք: Սրանք այն դեպքերն են, երբ անձը, ի վիճակի չլինելով պահել իր երեխային, խնամքի է հանձնում այլ անձի և դրա դիմաց ստանում որոշակի շահ: Տարեկան որդեգրման նպատակով երեխայի առքուվաճառքի 1-2 դեպք ենք ունենում: Սակայն մարդու մարմնամասերի և օրգանների վաճառքի դեպքեր չունենք:

Պարոն Պետրոսյան, ի՞նչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, ում կասկածելի առաջարկ է արվում:

Խորհուրդ կտամ ցանկացած կասկածելի առաջարկի դեպքում չծուլանալ, նախևառաջ հարցում անել այդ առաջարկի վերաբերյալ այն կազմակերպություններին, որոնք մասնագիտացած են թրաֆիքինգի դեմ պայքարում: Կան կազմակերպություններ, որոնք, օգտվելով մարդկանց անուշադրությունից, բանավոր խոսքում այլ բան առաջարկելով՝ այդ մարդկանց հետ կնքում են այլ բովանդակությամբ պայմանագիր: Այսպիսի խաբկանքներից զերծ մնալու համար պետք է շատ ուշադիր կարդալ պայմանագիրը, քննարկել այն իրավաբանի հետ, և նոր միայն ստորագրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter