HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿ-ը անդրադարձել է գնդապետ Գագիկ Հարությունյանի զեկուցագրին

Երեկ ԴԱՀԿ  ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ ծառայողական քննություն է նշանակվել Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ: Գագիկ Հարությունյանը խմբագրությանն էր ուղարկել իր «զեկուցագիրն» ուղղված՝ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին եւ արդարադատության նախարար Արփինեն Հովհաննիսյանին: Այսօր ԴԱՀԿ-ը պարզաբանում է ուղարկել զեկուցագրի վերաբերյալ, որը նույնությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարկադիր կատարման ծառայությունը հիշեցնում է, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ:

Վերջինիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն: Ծառայողական քննություն նշանակելու հրամանի առիթ է հանդիսացել Գ. Հարությունյանի՝ հինգ աշխատանքային օր աշխատանքի չներկայանալու փաստը:

Ինչ վերաբերում է ծառայողական քննությունով անցնող սուբյեկտի՝ ս/թ նոյեմբերի 18-ի ֆեյսբուքյան գրառմանը, ապա դրա հետ կապված՝ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.

Հարկադիր կատարման ծառայությունը հաստատում է, որ ՀՀ Նախագահի մոտ 02.11.2016թ. տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ներկայացրել է Ծառայության նախաձեռնությամբ մշակված՝ թեստավորման փուլում գտնվող ավտոմատացված ծրագիրը, որը գործում է Telegram messenger հեռահաղորդակցման համակարգի հենքի վրա։

Ծառայությունը հայտնում է, որ  ծրագիրը պաշտոնապես դեռևս չի հանձնվել շահագործման: Ավելին, դրանում վերջին շտկումները կատարվել են նախորդ շաբաթվա ընթացքում:

Ինչ վերաբերում է պարտապաններին՝ վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ գործիքակազմի և մեխանիզմների ներդրման վերաբերյալ ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների կատարմանը, ապա Ծառայության կողմից ՀՀ արդարադատության նախարարին ուղարկվել են պաշտոնական գրություններ այն մասին, որ SMS հաղորդագրությունների միջոցով պարտապաններին արգելանքի մասին ծանուցելու համար էլեկտրոնային ծրագրի մշակման և ներդրման նպատակով ծրագրային փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ է բարելավել Ծառայության էլեկտրոնային համակարգի ապահովման շտեմարանի սերվերի ֆիզիկական հիշողության ծավալը, որի համար անհրաժեշտ է մոտ 20,0 մլն ՀՀ դրամ, և ևս 3,0 մլն ՀՀ դրամ՝ ծրագրավորողի կողմից ինտեգրացված տարբերակով ծրագրային ապահովման մշակման համար: Այդ աշխատանքների համար անհրաժեշտ է մեկ ամիս ժամկետ:

Հիշյալ գրությունների ուղարկմանը նախորդել են մասնագիտական քննարկումներ և բանակցություններ, որոնց արդյունքում ձևավորվել է համապատասխան տեխնիկական առաջադրանքը, և այն հիմնավորվել է պաշտոնական գրություններում:

Ի դեպ, Հարկադիր կատարման ծառայությունը հայտնում է նաև, որ այդ քննարկումներում և բանակցություններում ի պաշտոնե իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև Գ. Հարությունյանը, որը Ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ հիշյալ թեմայով պարբերաբար անցկացվող քննարկումների ընթացքում մշտապես պաշտպանել է պաշտոնական գրություններում ներկայացված դիրքորոշումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter