HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սովորական մարդկանց գործերով վճիռների դեպքում ԴԱՀԿ-ն ոչինչ չի անում»

Անի Գևորգյան

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակչուհի Բուրաստան Սաֆարյանն իր անչափահաս դստեր հետ ապրում է վարձով, վթարային շենքում, որում չկա գազ, ջուր: Կինը օրավարձով աշխատում է, սակայն վաստակած գումարը չի բավականացնում ընտանիքի կարիքները հոգալու համար: Ընտանիքը նպաստ չի ստանում։ Պատճառն այն է, որ կա դատարանի վճիռ, որով Բ․Սաֆարյանի նախկին ամուսինը պարտադրվել է ալիմենտ վճարել դստեր համար: Արդեն վեց տարի է, ինչ նախկին ամուսինը չի վճարում, սակայն դատավճռի առկայությունը հիմք է հանդիսանում ընտանիքին նպաստից զրկելու համար: «ԴԱՀԿ-ից տեղեկանք եմ խնդրում, որով կհաստատի, որ մենք իսկապես ոչինչ չենք ստանում, բայց մեզ անգամ այդ տեղեկանքը չեն տալիս»,- պատմում է Սաֆարյանը:

2011թ-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ  է կայացրել, որով Բուրաստան Սաֆարյանի նախկին ամուսին Արսեն Սիրեկանյանին պարտադրել է ամեն ամիս անչափահաս դստեր համար ալիմենտ վճարել: Մինչ օրս նա ոչ մի անգամ չի վճարել:

Բուրաստան Սաֆարյանը պատմում է, որ չվճարված ալիմենտով նախկին ամուսինն իրեն արդեն 1.300.000 դրամ է պարտք:

Բուրաստան Սաֆարյան. «Երբ գնում եմ ԴԱՀԿ, ասում եմ, որ նախկին ամուսինս աշխատում է, գույք ունի, որ նրանք պարտավոր են նրանից դստերս հասանելիք գումարները ստանալ, ինձ սկսում են հեգնել, ծաղրել, ասել, որ ես միամիտ եմ»:

«Դատարանի օրինական որոշման դեպքում էլ այս երկրում արդարությանը հասնելը հնարավոր չի: Սովորական մարդկանց գործերով վճիռների դեպքում ԴԱՀԿ-ը ոչինչ չի անում: 

Հիմա ես ու անչափահաս աղջիկս սեզոնային աշխատանքի ենք գնում, հողագործությամբ մի քանի կոպեկ ենք աշխատում: Ես առավոտյան չորսին արթնանում եմ, գնում եմ կով եմ կթում, հետո էլ նույնը օրը երեկոյան: Ու դրանով ամեն օր երկու հազար դրամ եմ աշխատում»:

«Չեմ կարողանում աղջկաս կարիքները հոգալ, դրա պատճառով էլ հիմա Անուշիկը դպրոց չի գնում, նեղվում ա, որ հագուստ չունի, կոշիկ չունի, որ դպրոցի բուֆետից ընկերուհիների հետ չի կարող մի բան գնել ու ընդմիջում անել»:

Չորս տարի առաջ ԴԱՀԿ աշխատողները Սաֆարյանի նախկին ամուսնու տանից կահույք են առգրավել, ասելով, թե դա նրա միակ ունեցվածքն է:

15- ամյա Անուշը չի սիրում խոսել խնդիրների մասին ու չի դժգոհում:

Մայր ու դուստր ապրում են մեկսենյականոց բնակարանում, որը չի ջեռուցվում:

Բուրաստան Սաֆարյանը երազում է մի օր ստանալ իր դստերը հասանելիք գումարը, վերջապես դուրս գալ վթարային շենքից, գյուղի գոնե ծայրամասում տնակ գնել ու դստեր համար գոնե տարրական պայմաններով կյանք ապահովել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter