HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաբական Միացյալ Էմիրություների գործարար կանայք՝ ՀՀ կառավարությունում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություների (ԱՄԷ) գործարար կանանց խորհրդի նախագահ շեյխուհի Հինդ ալ Քասիմիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետն ընդգծել է, որ պատվիրակության այցը լավ հնարավորություն է հայ-էմիրաթական տնտեսական համագործակցության հարցերի քննարկման, ինչպես նաև բիզնեսում հայ կանանց ներգրավելու առումով փորձի փոխանակման համար: Բարձր գնահատելով հայ-էմիրաթական քաղաքական հարաբերությունները` Տիգրան Սարգսյանը կարևորել է առևտրատնտեսական գործակցության ոլորտում առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը: 

ԱՄԷ-ի գործարար կանանց խորհրդի նախագահը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան կատարած իր առաջին այցի շրջանակում ծանոթացել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորություններին ու շահագրգռված է, նաև հայ գործարար կանանց մասնակցությամբ, առևտրատնտեսական գործակցության ընդլայնմամբ։ 

Վարչապետ Սարգսյանը պատվիրակության անդամներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության կառուցվածքը և ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Մասնավորապես, խոսելով մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին` նա կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ինովացիոն ծրագրերի համար ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ գործակցության զարգացումը:

Մանրամասներ ներկայացնելով ԱՄԷ գործարար կանանց խորհրդի գործունեության վերաբերյալ` շեյխուհի Հինդ ալ Քասիմին իր հերթին ընդգծել է նշված ոլորտներում փոխգործակցության ծավալման անհրաժեշտությունը:

Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հեռանկարային է համարվել սննդամթերքի, գյուղատնտեսական մթերքների, խմելու ջրի և ոսկերչական իրերի արտահանումը: Այդ առումով կառավարության ղեկավարն ընդգծել է «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու, և, մասնավորապես, սառնարանային տնտեսության ստեղծման կարևորությունը, ինչը խթան կհանդիսանա արտահանման ծավալների աճի համար: Երկուստեք առաջնային է համարվել զբոսաշրջության ոլորտում կապերի աշխուժացումը:

Համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում վարչապետը կարևորել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և նշել, որ ԱՄԷ գործարար կանանց խորհուրդը կարող է համագործակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության հետ: Այս մասին հայտնում են Կառավարության մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter