HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շենգավիթում սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել քննչական գործողություններ՝ «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի։ Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել Մ.Մուշեղյանի սպանությունը դրդելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Արմեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար, Արտակ Նազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին  Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։

Քրեական գործի շրջանակներում նոյեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել նաև Պետրոս Իսրայելյանին՝  Մուշեղ Մուշեղյանի սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը)։

Այսպիսով՝ նոյեմբերի 21-ի դրությամբ նշված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter