HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր քաղաքը» երեք պահանջ ունի

Ստորև ներկայացվում է «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքի էջում (http://www.facebook.com/note.php?note_id=306497319369345) հրապարակված երեք պահանջ՝ կապված Երևան քաղաքի կենտրոնում պատմամշակութային արժեք ունեցող շենքերի պահպանման և կառուցապատման խնդիրների հետ: Գրառումը վավերացրել է շուրջ 150 օգտատեր՝ անհատներ, քաղաքացիական նախաձեռնություններ, ՀԿ-ներ և այլ կառույցներ: Գրառումը, որը կարող է հետագայում օգտագործվել որպես թղթային տարբերակով կազմակերպված ստորագրահավաքի տեքստ, մեջբերվում է առանց մեկնաբանության:

Ելնելով Երևան քաղաքում վերջին ամիսներին իրականացված քաղաքաշինական գործընթացների արդյունքում անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ Սարյան փ. 9 հասցեում իր իսկ հեղինակած մենատան և ժողովրդական արտիստ, ասմունքի վարպետ Սուրեն Քոչարյանի՝ Բուզանդի 26 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շենքերի ապամոնտաժման փաստերից, ինչպես նաև հիմք ընդունելով քաղաքի կենտրոնում մի շարք այլ շենքերի նկատմամբ պատկան մարմինների ոչ ադեկվատ և անընդունելի վերաբերմունքը և դրանից ծագող հասարակական դժգոհությունները՝ հարկ ենք համարում հրապարակել հետևյալ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ Երևան քաղաքում առկա պատմամշակութային ճարտարապետական կառույցների հաշվին նախատեսվող կամ ապագայում հնարավոր քաղաքաշինական ծրագրերի առնչությամբ:

ԱՌԱՋԻՆ: Երևանի քաղաքային իշխանությունները, առանց քաղաքաշինական գործընթացների և բարեկարգումների ակնկալվող արդյունքի հիմնական շահառուների՝ այսինքն առանց Երևանի քաղաքացիների, հանրային, հասարակական խմբերի ու կազմակերպությունների հետ հանրային լայն քննարկումների իրականացման, որևէ իրավունք չունեն պայմանավորվելու որևէ կառուցապատողի կամ ներդրողի հետ՝ Երևան քաղաքում պատմական որևէ օբյեկտի հաշվին շինարարություն իրականացնելու վերաբերյալ:

Մենք պահանջում ենք հիմնավոր պարզաբանումներ և տեղեկատվական սպառիչ հրապարակում՝ Երևանի քաղաքային իշխանությունների նախագծով հետևյալ շենքերի համար նախատեսվող ճակատագրի առնչությամբ.

  1. Արամի 30
  2. Փավստոս Բուզանդի փող 30
  3. Փավստոս Բուզանդի փող 39
  4. Պուշկինի փող.2
  5. Եզնիկ Կողբացու փող. 22 (Փավստոս Բուզանդի 42)
  6. Եզնիկ Կողբացու փող. 41
  7. Եզնիկ Կողբացու փող. 43
  8. Եզնիկ Կողբացու փող. 45
  9. Տերյան փող. 11-13
  10. Արամի փող. 74

Նախապես հաստատում ենք, որ դեմ ենք ցանկացած պայմանով վերը նշված շենքերի ապամոնտաժմանը՝ իրենց բնական միջավայրից դրանց տեղափոխման, վերակառուցման և դրանց միջավայրի վերարտադրության ցանկացած խոստման կամ պարտավորության հիման վրա:

ԵՐԿՐՈՐԴ: Մենք դեմ ենք Երևանի կենտրոնում ավելի քան 50 տարեկան յուրաքանչյուր շենք կամ շինություն որևէ պայմանով կամ քաղաքաշինական այլ նպատակներից ելնելով ապամոնտաժելու գաղափարին: Նշված պարագայում քաղաքաշինական ցանկացած այլ նպատակ ստորադասվում է Երևանի ճարտարապետական պատմամշակութային արժեքների պահպանման հիմնախնդրին: Երևանցիներիս համար նշված շենքերի ու շինությունների՝ որպես հնության արժեքը չի սահմանվում որևէ անհատ պաշտոնյայի, մասնագետների խումբ-խորհուրդների վավերացնող ստորագրությամբ կամ կնիքով կամ հուշարձանների ցանկում այդ օբյեկտների հայտնվելու կամ չհայտնվելու փաստով: Նշված արժեքը սահմանվում է շենքի պատմաճարտարապետական, մշակութային տվյալների և ճարտարապետական տվյալ կոնտեքստում, ինչպես նաև հանրության համար դրա դերի և նշանակության հիման վրա, ինչը հաշվի չառնելը ենթադրում է պատկան մարմինների կամ առանձին չինովնիկի մասնագիտական-պաշտոնեական կոպիտ թերացում:

ԵՐՐՈՐԴ: Ելնելով սեյսմիկ ռիսկի, միջավայրի վրա ազդեցության և բնապահպանական վիճակի բացասական փոփոխության վտանգներից, ինչպես նաև քաղաքացիների կողմից Երևան քաղաքի ուրույն և անվերարտադրելի տեսքի ճանաչելիության, երևանցու «գենետիկ» հիշողության պահպանման և գալիք սերունդներին Երևան քաղաքի՝ պատմաժամանակագրական գործառույթ կրող սակավաթիվ շենք-շինությունների ստեղծած միջավայրը փոխանցելու անհրաժեշտություններից՝ մենք դեմ ենք քաղաքի կենտրոնում բարձրահարկ էլիտար նորակառույցների շինարարությանը և սատարում ենք դրանց կառուցման ցանկացած ծրագրի իրականացում բացառապես քաղաքի այլ հատվածներում՝ այդպիսով ապակենտրոնացնելուվ նաև առկա ֆինանսական կարողություններով պայմանավորված շինարարական ներուժը և դրա արդյունքները:

Այս նպատակով պահանջում ենք փոքր կենտրոնի հետագա կառուցապատման ընթացակարգի սահմանման և կարգավորման ծրագիր, որին զուգահեռ նախկին նախագիծը պետք է միառժամանակ սառեցվի՝ մինչև պատմական արժեք ունեցող շենքերն ընդգրկող գոտիների հաստատումը՝ որպես հետագա մշակվելիք նախագծի հիմք:

Հարգանքով՝ «Մեր քաղաքը» ՀՔՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter