
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը նվազել է
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերը գնալով թուլանում են։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին այն կազմել է ընդամենը 0.4%, մինչդեռ տարվա ընթացքում հասել էր 6%-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Իսկ հունվար-հոկտեմբերին գրանցված ցուցանիշն ամենացածրն է այս տարվա ընթացքում։ Հունվար-սեպտեմբերին այն 1.6% էր կազմել, հունվար-օգոստոսին՝ 2.4%:
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Հունվար-հոկտեմբերին ՏԱՑ-ի 0.4% աճն ապահովվել է արդյունաբերության և ծառայությունների ոլորտում գրանցված աճի շնորհիվ։
Մասնավորապես, այս տարվա հունվար-հոկտեմբերին 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.5%-ով՝ կազմելով 1.15 տրլն դրամ։
Իսկ ծառայությունների ծավալն աճել է 7.7%-ով ու կազմել 1 տրլն դրամ։
ՏԱՑ-ի հաշվարկման հիմքում եղած մյուս երեք ոլորտների ցուցանիշներն անկում են ապրել։
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7.3%-ով (757 մլրդ դրամ), շինարարության ծավալը՝ 9.8%-ով (276 մլրդ դրամ), իսկ ներքին առևտրաշրջանառության ծավալը՝ 0.1%-ով (1.7 տրլն դրամ)։
Նշենք, որ միայն հոկտեմբերին 2015-ի նույն ամսվա համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.8%-ով նվազել է։
Մեկնաբանել