
Ձկների ուշ ձվադրման պատճառով որսի արգելքի ժամկետները փոփոխվեցին
Այսօր առավոտյան բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվելու է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
Հաղորդագրությունում ասվում էր .«Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 25-ից մինչ 2017 թվականի հունվարի 5-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը»։
Սակայն ժամեր անց նախարարությունը լրացուցիչ պարզաբանում ներկայացրեց, որ որսի արգելքի ժամկետները փոփոխվել են՝ սահմանվելով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ը։
Ինչպես «Հետք»-ին պարզաբանեցին բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ երեկ և այսօր ոլորտի մասնագետների հետ լրացուցիչ քննարկումներ են տեղի ունեցել, ինչպես նաև համադրվել են Սևանա լճում տեղի ունեցած վերջին ուսումնասիրությունների տվյալները եւ պարզվել է, որ այս տարի ջերմաստիճանի փոփոխությամբ պայմանավորված՝ ձկները առավել ուշ են ձվադրում կատարելու։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախարարությունը որոշել է որսի արգելքի ժամկետները փոփոխել։
Լուսանկարը՝ ԲՆ-ի
Մեկնաբանել