Արտակ Շաբոյան. «Բազմաթիվ դեպքերում հենց վարույթի իրականացման ընթացքում իրավախախտումը վերացվել է»
Նոյեմբերի 26-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ Աղվերանում անցկացրեց կլոր սեղանի ձևաչափով քննարկում լրագրողների մասնակցությամբ:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, անդրադառնալով Հայաստանում առկա մրցակցային խնդիրներին և դրանց հետ կապված սպառողների շահերի պաշտպանությանը, ասաց, որ օրինախախտ տնտեսվարողների հանդեպ հանձնաժողովի կողմից կիրառվող տուգանքներն ինքնանպատակ չեն:
«Մեր հիմնական նպատակը տվյալ իրավախախտման վերացումն է, ինչի հարցում հետևողական ենք: Բազմաթիվ դեպքերում հենց վարույթի իրականացման ընթացքում արդեն իսկ արձանագրել ենք, որ իրավախախտումն ամբողջությամն վերացվել է, և սպառողների իրավունքները վերականգնվել են»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է օրենքի տարբեր խախտումների համար ՏՄՊՊՀ-ի կողմից կիրառվող տուգանքներին, ապա Արտակ Շաբոյանը նշեց, որ բացի տուգանքների չափից՝ տնտեսվարողների համար առավել անհանգստացնող է նաև այն, որ վնասվում է իրենց ընկերության վարկանիշը, ինչի հետևանքով արժանանում են սպառողների անվստահությանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար պրն Ժան Քրիստոֆ Գերանդը շեշտեց, որ մրցակցությունը ռեսուրսների օպտիմալ բաշխումն է և, հետևաբար, օպտիմալ արտադրողականությունը երաշխավորող ամենաարդյունավետ գործիք:
«Մրցակցությունը նպաստում է եկամուտների ավելի լավ բաշխմանը, քանի որ այն պարգևատրում է առավել արդյունավետ աշխատող մարդկանց' միևնույն ժամանակ կանխելով մշտապես չվերահսկվող տնտեսական իշխանության ձևավորումը»,- ասաց Ժան Քրիստոֆ Գերանդը:
ԵՄ թվինինգ ծրագրի փորձագետ Շարունաս Կեզերաուսկասը, ով ղեկավարում է Լիտվայի մրցակացային մարմինը, ներկայացրեց, թե ինչ միջոցառումներ են իրականացվում ԵՄ-ում գերիշխող դիրքի չարաշահումն արգելելու և միաձուլումների վերահսկողության առումով: Նա տեղեկացրեց տարբեր ժամանակահատվածներում ԵՄ մրցակցության հարցերով գլխավոր տնօրինության կայացրած երեք առանձին վարույթի, մասնավորապես հանրահայտ «Մայքրոսոֆտ» (Microsoft), «Ինտել» (Intel) և Լեհաստանի հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ՏՊՍԱ (Telekomunikacja Polska S.A.) ընկերության գործերի մասին: Շարունաս Կեզերաուսկասը ընդգծեց, որ գերիշխող դիրքը չի արգելվում, արգելվում է դրա չարաշահումը:
Փորձագետ Սաբինե Զիգելսկին, ով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսկարտելամտի (Մրցակցային մարմին) ավագ վարույթ իրականացնողն է, լրագրողներին տեղեկացրեց նաև, թե որքանով են մրցակցային խնդիրները բացասաբար անդրադառնում սպառողների շահերի վրա, ներկայացրեց ԵՄ անդամ երկրներում գործող վնասների փոխհատուցման տեսակները:
Միջոցառմանը լրագրողներն ակտիվ մասնակցեցին, քանի որ նրանց հետ միասին փորձագետները քննարկեցին նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրված երկու գործ, որից մեկը վերաբերում էր հեռահաղորդակցության և ինտերնետային կապի ոլորտում գործող Յուքոմ ընկերությանը, մյուսը' Հայաստանի էլեկտրական ցանցերին: Երկու դեպքում էլ տեղի էր ունեցել իրավախախտում, որի արդյունքնում սահմանափակվել էին սպառողների իրավունքները, և վերջիններս տևական ժամանակ վնաս էին կրել: ՏՄՊՊՀ միջամտության շնորհիվ՝ արդեն իսկ վարույթի իրականցման ընթացքում վերականգնվել էին տուժողների իրավունքները, իսկ վարույթի ավարտին խնդիրն արդեն ամբողջությամբ լուծված էր:
ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը տեղեկացնում է, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող Թվինինգ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ֆինանսավորումը կազմում է 1.1 միլիոն եվրո: Ծրագիրը 2011-2013 թթ.-ին համատեղ իրականացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և ԵՄ երկու անդամ պետության' ԳԴՀ էկոնոմիկայի և տեխնոլոգիայի դաշնային նախարարությունը և Լիտվայի մրցակցության խորհուրդը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել