HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1800 երեխա հիվանդ վիճակում տուն է ուղարկվել. ԱՆ-ի տվյալները` գրիպի վերաբերյալ

Առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան: Նախարարությունը տեղեկացնում է, որ աշխատանքներ են իրականացվում առանձին հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հիվանդների հոսքն ուղղորդելու ուղղությամբ:

«Սուր շնչառական վարակների և գրիպի հետագա տարածումից խուսափելու համար, որպես կանխարգելիչ միջոցառում, մանկական նախադպրոցական կազմակերպություններում և դպրոցներում իրականացվում է կանխարգելիչ ֆիլտր: Վերջինիս նպատակն է գրիպանման երևույթներով երեխաներին չթույլատրել հաճախելու դպրոց կամ մանկապարտեզ, որպեսզի  խուսափենք նրանց առողջական վիճակի բարդացումից և վարակի աղբյուր չհանդիսանան այլ երեխաների համար: Միայն նոյեմբերի 21-ին հանրապետությունում իրականացված կանխարգելիչ ֆիլտր-ի արդյունքում հայտնաբերված հիվանդ վիճակում հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել, նրանց տվյալները փոխանցվել է պոլիկլինիկական կազմակերպություններին՝ բժշկական հսկողություն սահմանելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է մանկական հաստատությունների կազմակերպությունների ղեկավարներին՝ հնարավորինս բացառել հիվանդ երեխաների մուտքը դպրոց և մանկապարտեզ՝ սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխելու և բարդություններից խուսափելու համար:

Նախարարությունը հիշեցնում է, որ հանրապետությունում, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում վերջին մեկ ամսվա ընթացքում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ:  

«Միաժամանակ հորդորում ենք հանրությանը և զանգվածային լրատվամիջոցներին զերծ մնալ մասնագիտական վերլուծություններից ու եզրահանգումներից և հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- հայտնում է նախարարությունը:  

լուսանկարը` bellyblog.ca

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter