HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1,34 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում

«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 16-ից 20-ն անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 340 000 եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Նախորդ տարվա համեմատ գրանցելով հանգանակությունների մեկ տոկոս աճ՝ այս տարվա դրամահավաք-միջոցառումը նաեւ շուրջ 1700 նոր նվիրատու է ներգրավել: Հեռախոսամարաթոնին, ինչպես միշտ, մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները: Շուրջ 700 կամավորներ 4-օրյա դրամահավաքի ընթացքում զանգահարել են եվրոպաբնակ 46 000 հայ ընտանիքների եւ կազմակերպությունների՝ հորդորելով սատարել մեր հայրենակիցներին: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը:

Դրամահավաքի հասույթը, ըստ հաղորդագրության, մասնավորապես կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի եւ իրաքահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզի շուրջ 15 համայնքներում իրագործվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Հունաստանի տեղական մարմնի հավաքագրած գումարներն այս տարի եւս կուղղվեն Արցախի Քարին Տակ համայնքում մանկապարտեզի կառուցմանը:

Հիմնադրամի ամենամյա դրամահավաքների շարքը կեզրափակեն Բրազիլիայի տեղական մարմնի՝ նոյեմբերի 26-ից 27-ն անցկացվելիք հեռախոսամարաթոնը եւ Լիբանանի տեղական մարմնի՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունենալիք ռադիոթոնը: Իսկ տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը՝ Հեռուստամարաթոն 2016-ը, կկայանա նոյեմբերի 24-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter