HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Երևանում բնակարանների առուվաճառքը 20,5%-ով նվազել է երկու տարում

Այս տարի Հայաստանի անշարժ գույքի շուկան ավելի պասիվ է, քան  նախորդ տարի և շատ ավելի պասիվ, քան 2014-ին։ Այլ խոսքով՝ նախորդ տարվա անկումը շարունակվում է։ Այս մասին են վկայում շուկայում գրանցված գործարքների տվյալները։ Դրանք տրամադրում է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն։

Տարվա առաջին ինն ամիսներին նվազել է թե շուկայի ընդհանուր գործարքների քանակը, թե մասնավորապես առուվաճառքինը։

Անշարժ գույքի շուկայի իրական միտումներն առավել լավ արտահայտված են օտարման գործարքներում, իսկ ավելի կոնկրետ՝ առուվաճառքում։ Ըստ կադաստրի՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում այս հունվար-սեպտեմբերին գրանցվել է ավելի քան 34 հազար 200 հատ օտարման գործարք։ Դա կազմում է շուկայի ընդհանուր գործարքների շուրջ 27%-ը։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ` օտարման գործարքների քանակը 3,4%-ով նվազել է։  

Օտարման 70%-ից ավելին առուվաճառքն է՝ ավելի քան 24 հազար 500 հատ գործարք (մնացածն հիմնականում նվիրատվությունն է)։ Երկու տարում առուվաճառքներն ավելի քան 14%-ով պակասել են: Առուվաճառքի գործարքների քանակը Հայաստանում` նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ, 5,4%-ով նվազել է, իսկ 2014-ի նույն ամիսների համեմատ անկումը ավելի քան կրկնակի է՝ 14,3%:  

Հիշեցնենք, որ 2015-ին հանրապետությունում անշարժ գույքի առուվաճառքի գրանցված գործարքները տարեկան կտրվածքով նվազել են ավելի քան 7%-ով։

Բազմիցս նշվել է, որ անշարժ գույքի շուկան տնտեսության լավագույն ցուցիչներից է. երբ տնտեսությունը անկում է ապրում, անշարժ գույքի շուկան անմիջապես արձագանքում է դրան ու բացասական ցուցանիշներ գրանցում։ Իսկ տնտեսության աշխուժացման պարագայում ենթադրվում է անշարժ գույքի շուկայի աշխուժություն կամ գոնե եղած տեմպերի պահպանում։ Բայց Հայաստանում ներկայացվող պաշտոնական վիճակագրությունում այս տրամաբանությունը չի գործում։

Պաշտոնական վիճակագրությունը տնտեսական աճ է արձանագրում, մինչդեռ այդ ընթացքում անշարժ գույքի շուկան անկում է ապրում։ Օրինակ՝ Հայաստանում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, այս տարվա առաջին կիսամյակի հաշվարկով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 4,7%-ի, միևնույն ժամանակ առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 7,3%-ով։ Եվ այս երկու ցուցանիշները ոչ մի կերպ չեն տեղավորվում նույն տրամաբանության մեջ, ինչը թույլ է տալիս մտածել, որ իրականում, տնտեսական ակտիվությունն ավելի ցածր մակարդակ ունի, քան ներկայացնում է պաշտոնական վիճակագրությունը։

Հունիսից հետո վիճակագրությունը արձանագրում է տնտեսական ակտիվության տեմպերի զգալի թուլացում։ Հունվար-սեպտեմբերին աճը կազմել է 1.6%: Իսկ առուվաճառքները, ինչպես նշեցինք, 5,4%-ով նվազել են։

Այս ամենը ցույց է տալիս, որ երկրում բնակչության գնողունակությունը ևս անկում է ապրում կամ առնվազն նույն ցածր մակարդակում է մնում։ Անշարժ գույքի շուկայի պասիվացման պատճառ կարող է լինել նաև արտագաղթը և բազմաթիվ այլ գործոններ։

Վերադառնալով առուվաճառքի գործարքներին՝ դրանց գերակշիռ մասը բնակարանների, տների ու հողերի առուվաճառքն է։ Ըստ դրանց էլ՝ փորձենք հասկանալ, թե ինչ փոփոխություններ են գրանցվել շուկայում։ Նախապես նշենք, որ երեքի մասով էլ անկում կա՝ թե Երևանում, թե մարզերում։ Իսկ դա կարող է նշանակել, որ մայրաքաղաքում և մարզերում բնակարանների, տների ու հողերի պահաջարկը նվազել է։  

Երևանում երկու տարում բնակարանների առուվաճառքը 20.5%-ով նվազել է

Եվ այսպես, ինչպես վկայում են ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալները, որոնք ստացվում են կադաստրից, 2015-ի նույն ընթացքի համեմատ, Հայաստանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները պակասել են 1,9%-ով։ Իրականում նվազումը մեծ չէ, սակայն հաշվի առնենք, որ համեմատում ենք նախորդ տարվա անկում ապրած ցուցանիշի հետ։ Իսկ եթե 2014-ի նույն ամիսների հետ ենք համեմատում, ապա հանրապետությունում բնակարանների առուվաճառքի գործարքները պակասել են 20,3%-ով, ինչն արդեն խոսում է շուկայում զգալի պասիվացման մասին, հատկապես՝ մայրաքաղաքի պարագայում։ Երևանում նախորդ տարվա համեմատ` անկումը կազմել է 0,8%, 2014-ի համեմատ` 20,5%։ Իսկ մարզերում՝ համապատասխանաբար 4.1% և 20% (տես ինֆոգրաֆիկան)։

Մյուսը բնակելի տների (առանձնատների) առուվաճառքի գործարքներն են, որոնց քանակը 2015-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 2.6%-ով, իսկ 2014-ի նույն ամիսների համեմատ՝ 20.3%-ով։ Ընդ որում՝ Երևանում նախորդ տարվա համեմատ անկումը կազմել է 1,2%, 2014-ի նույն ամիսների համեմատ՝ 11,9%։ Իսկ մարզերում՝ համապատասխանաբար 3.2%  և 23.4%:

Հողերի մասով (այդ թվում` գյուղատնտեսական նշանակության)  առուվաճառքի գործարքները 2015-ի նույն ամիսների համեմատ նվազել են 12%-ով, 2014-ի նույն ամիսների համեմատ՝ 4%-ով։ Երևանում նվազումը նախորդ տարվա համեմատ կազմել է 16%, 2014-ի համեմատ՝ 40%: Մարզերում՝ 12%  և 0,3%:

Ինչ վերաբերում է վաճառվող տների ու բնակարանների գներին ու դրանց փոփոխություններին, ապա այստեղ արդեն ավելորդ ենք համարում ներկայացնել Կադաստրի տվյալները։ Հատկապես գնային փոփոխությունների մասով ընթերցողների արձագանքից երևում է, որ նրանք վաղուց դադարել են վստահել այդ տվյալներին, քանի որ կադաստրի ներկայացրած գներն ու փոփոխությունները, սովորաբար, հակասում են այն գներին, որոնք տեսնում ենք իրականում։ Եվ վաղուց ժամանակն է, որ Կադաստրի կոմիտեն փոխի հաշվարկման մեթոդաբանությունն ու մոտեցումները։

Շուկայում իրականացվող ընդհանուր գործարքների մասով էլ համառոտ նշենք, որ այս հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ ավելի քան 126,1 հազար գործարք է գրանցվել։ Դա 3,3%-ով քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Վերջին հինգ տարիների նույն ամիսների համեմատությունը ցույց է տալիս, որ 2012-2014թթ. անշարժ գույքի հայաստանյան շուկայում գործարքների ընդհանուր քանակի աճի միտում է գրանցվել, իսկ նախորդ տարվանից՝ նվազում։

Հայաստանում տնտեսությունը , այդ թվում՝ անշարժ գույքի շուկան, կենտրոնացած է Երևանում։ Այս տարվա առաջին ինն ամիսների կտրվածքով՝ անշարժ գույքի ընդհանուր գործարքների 36,4%-ը կատարվել են Երևանում։ Մասնավորապես՝ և օտարման գործարքների, և առուվաճառքի շուրջ 37%-ը, բնակարանների առուվաճառքի ավելի քան 68%-ը, անհատական տների՝ ավելի քան 29%-ը։ Միայն հողերի առուվաճառքի մասով է, որ Երևանի շուրջ կենտրոնացվածությունը մեծ չէ (6%)։ Դա էլ պայմանավորված է նրանով, որ առուվաճառքի ենթակա հողերի կեսից ավելին ունեն գյուղատնտեսական նշանակություն, հետևաբար գտնվում են  մարզերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր