HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճնշումներ ռուսական շուկայում. «Գրանդ Տոբակո»-ն և «Դուստր Մարիաննա»-ն բողոքներ են ներկայացրել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Գրանդ Տոբակո» և «Դուստր Մարիաննա» ընկերություններից այն մասին, որ իրենց ապրանքները Ռուսաստանի Դաշնություն արտահանելիս հանդիպում են մուտքի խոչընդոտների: Այս մասին տեղեկացնում է հանձնաժողովը:

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մարիաննա» ընկերությունից պահանջել են հանել առկա ապրանքը ՌԴ խանութներից և ոչնչացնել այն.

«Դուստր Մարիաննա» ընկերությունը դիմել է Հանձնաժողովին՝ հայտնելով, որ ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները խոչընդոտում են «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից «MARIANNA» ապրանքային նշանով կաթնամթերքների մուտքը ռուսաստանյան շուկա: Ըստ «Դուստր Մարիաննայի» դիմում-բողոքի` ընկերությունը նախորդ տարի մասնակցել է Մոսկվայում կայացած «WorldFood Moscow» միջազգային ցուցահանդեսին, որտեղ առևտրային կազմակերպությունների հետ ունեցել է արդյունավետ հանդիպումներ և բանակցություններ` իր արտադրանքը ռուսական շուկաներում իրացնելու նպատակով:

Սակայն շուտով ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները դիմել են «Դուստր Մարիաննային»՝ նշելով, որ իրենք հանդիսանում են «МАРИАННА» և «Marianne» ապրանքային նշանների իրավատերերը և  հայկական ընկերությունը չի կարող այդ անվանումով արտադրանք ներկայացնել ռուսական շուկայում: Ընկերության ներկայացուցիչները պահանջել են նաև 10-օրյա ժամկետում հանել առկա ապրանքը ՌԴ խանութներից և ոչնչացնել այն, հակառակ դեպքում կդիմեն վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մեթոդների: Նշենք, որ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն դեռևս 1997-ից զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ և մշտապես հանդես է եկել այդ ապրանքանիշով, որը  նաև 2007-ին  գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները կաթնամթերքի արտադրությամբ և իրացմամբ չեն զբաղվում և երբևէ չեն զբաղվել: Բացի այդ, «Մրցակցության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով արգելվում է որևէ ապրանքային նշանի գրանցումը, եթե այն ուղղված է մրցակից ընկերություններին շուկայից դուրս մղելուն: Տվյալ պարագայում տնտեսվարողը գրանցել է մի ապրանքային նշան, որը օգտագործել է ոչ թե իր  արտադրանքը իրացնելու, այլ մրցակից տնտեսվարողների մուտքը շուկա սահմանափակելու նպատակով, ինչն օրենքի խախտում է՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Ըստ ՏՄՊՊՀ-ի, ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունների գործողություներն ուղղված են «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքի իրացումը ՌԴ-ում կանխելուն, հետևապես նաև մրցակցության սահմանափակմանը: Այդ իսկ նպատակով ՀՀ ՏՄՊՊՀ-ը դիմել է ՌԴ գործընկերներին՝ ներկայացված խնդիրը Ռուսաստանի մրցակցային օրենսդրության խախտման տեսանկյունից ուսումնասիրելու և հայկական արտադրանքի անարգել մուտքը ռուսական շուկա ապահովելու նպատակով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին է դիմել «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությունը՝ տեղեկացնելով, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերության պատճառով ՌԴ տարածքում հանդիպել է իրացման խոչընդոտների: Խնդիրն այն է, որ «Ֆիլիպ Մորիսը» դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Գրանդ Տոբակոյի», այն հիմքով, իբր վերջինս արտադրում է իր «Մալբոռո» ապրանքանիշին շփոթության աստիճան նման «Արարատ» անվանումով սիգարետները:

ՀՀ Մրցակցային մարմինը ուսումնասիրել է խնդիրը և պարզել, որ «Ֆիլիպ Մորիսը» Մոսկվայում մի շարք խոշոր խանութների հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի վերջիններս իրացնեն միայն իր արտադրանքը և դադարեցնեն համագործակցել «Գրանդ Տոբակոյի» հետ՝ հանելով վերջիններիս արտադրանքը շրջանառությունից:

Հանձնաժողովը գտնում է, որ երկու տեսակի արտադրանքների միջև շփոթության աստիճանի նմանություն առկա չէ, հետևապես ընկերությունը որևէ օրենսդրական նորմ չի խախտել: ՀՀ ՏՄՊՊՀ-ը խնդիրը ներկայացրել է նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայությանը, որը ևս պաշտպանում է ՏՄՊՊՀ տեսակետը՝ գտնելով, որ «Ֆիլիպ Մորիսը» իրավասու չէ նման գործունեություն իրականացնելու: Ըստ Հանձնաժողովի, «Ֆիլիպ Մորիսը» դրսևորել է նաև հնարավոր հակամրցակցային գործունեություն, քանի որ ՌԴ տարածքում գործող խոշոր խանութների հետ կնքել է պայմանգրեր՝ այլ արտադրողի, տվյալ պարագայում «Գրանդ Տոբակոյի» արտադրանքի իրացմանը խոչընդոտելու նպատակով:

Այս պահին, ՀՀ և ՌԴ մրցակցային մարմինները համատեղ հանդես են գալիս Մոսկվայի արբիտրաժային դատարանում՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝  ընդդեմ   «Ֆիլիպ Մորիս» ընկերության գործողությունների:

 «ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում տնտեսվարողները պետք է ունենան մրցակցային նույն հնարավորությունները և գործունեության հավասար պայմանները: Մենք օրենսդրության շրջանակներում պաշտպանելու ենք հայկական բարեխիղճ արտադրողների շահերը արտերկրում, որպեսզի վերջինները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը»,-իր խոսքում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ շեշտելով, որ նման խնդիրները ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում են և երկկողմանիորեն՝ թե արտերկրի տնտեսվարողների համար Հայաստանում և թե տեղի գործարարների համար դրսում, պետք է գործի բացառապես արդար և հավասար մրցակցային պայմաններով աշխատելու հնարավորությունը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter