HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մե՛ր ջան, եթե էս երկրում չես ուզում ստրուկ լինել, պիտի պայքարես». Արարատ Խանդոյան

Ամալյա Մարգարյան

«Նրանք ծառայում են իրենց քրեաօլիգարխիկ ռեժիմին, մենք էլ ծառայում ենք մեր հայրենիքին»,- իր քրեական գործով դատական նիստի մեկնարկից առաջ հայտարարեց Արարատ Խանդոյանը՝ տեսնելով դահլիճում գտնվող մորը։

Դատական նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներկայացրեց տուժող կողմի միջնորդությունները՝ նիստն առանց իրենց ներկայության անցկացնելու վերաբերյալ, միջնորդության մեջ նշված էր, որ տուժող կողմը՝ 46 ոստիկանները, որևէ քաղաքացիական հայց չունեն ամբաստանյալների վերաբերյալ, ինչպես նաև խնդրում են, որ նիստի ընթացքում իրենց փոխարեն հանդես գան ներկայացուցիչները։

Սրան ի պատասխան՝ Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Կարագյոզյանը առարկեց և ասաց, որ այն մարդիկ, ովքեր ցուցմունքներ են տվել, պետք է ներկա գտնվեն դատական նիստերին, որպեսզի իրենք հնարավորություն ունենան հարցեր տալու։

Արարատ Խանդոյանն էլ նշեց, որ գործում առկա տուժողները ոչ թե տուժողներ ե, այլ քրեաօլիգարխիկ ռեժիմի ներկայացուցիչներ: «Նրանք խաղաղ ցուցարարների վրա ոհմակի նման հարձակվողներ են»,- ասաց Ա. Խանդոյանը։ Դատավոր Մ. Մարտիրոսյանը զգուշացրեց ամբաստանյալին, որ դատարանում հնչեցված վիրավորական բառերի և արտահայտությունների համար կարող են սանկցիաներ կիրառվել»։

Իր ընդհատված խոսքը շարունակելով՝ Արարատ Խանդոյանը նշեց նաև, որ ոստիկանների նռնակների և լուսաձայնային արկերի կիրառման հետևանքով վիրավորվել են ոչ միայն խաղաղ ցուցարարները, այլև ոստիկանության աշխատակիցները, որի ընթացքում էլ վնասվել է ոստիկանների հագուստը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նորից ընդհատելով ամբաստանյալի խոսքը, նշեց, որ նման վկայություն ունենալու հնարավորություն կտրվի դատավարության այլ փուլում։

Պաշտպան Արա Կարագյոզյանը դատավարության ընթացքում հանդես եկավ միջնորդությամբ՝ ամբաստանյալ Արման Առաքելյանի և Արարատ Խանդոյանի տեսակցությունը սահմանափակելու վերաբերյալ։ Պաշտպանը միջնորդության հիմքում դրեց այն հանգամանքը, որ  նախաքննության մարմինն արդեն ավարտել է գործը։

«Ընտանիքի անդամներն այս գործում հետաքրքրություն չեն ներկայացնում, բայց ծանր հետևանքներ է թողնում նրանց հետ չհանդիպելու հանգամանքը, արդեն 4 ամիս է իմ պաշտպանյալը հարազատներին չի տեսակցել»,- հավելեց փաստաբանը։

Դատավորը այս միջնորդությունը և նաև Արման Առաքելյանի վերաբերյալ նույնանման միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ գործում առկա են չհրապարակված փաստաթղթեր։

Արա Կարագյոզյանը ներկայացրեց նաև կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն՝ նշելով նաև, որ իր պաշտպանյալ Արարատ Խանդոյանն Արցախյան հերոսամարտի մասնակից է, ունի մեդալներ` ՀՀ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրամադրված, մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին, բացի այդ ունի առողջական խնդիրներ, իր խնամքի տակ հաշմանդամություն ունեցող եղբայր և թոշակառու մայր. «Այս պահին գտնում ենք, որ Արարատ Խանդոյանի կալանավորումն ապօրինի է և քաղաքական որոշում է, որոշում, որտեղ կատարել են «Բաղրամյան 26»-ի պատվերը»։

Միջնորդությունը մերժվեց նախագահող դատավորի կողմից,  մերժվեց նաև մյուս ամբաստանյալ Արման Առաքելյանի վերաբերյալ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը, թեև Արա Կարագյոզյանը միջնորդության մեջ նշել էր, որ Արման Առաքելյանն իր խնամքի տակ ունի մեծահասակ մայր և տան միակ կերակրողն է, ինչպես նաև նշեց, որ եթե իր պաշտպանյալը փախուստի դիմելու ցանկություն ունենար, ապա ուներ բավարար ժամանակ այն իրագործելու համար։

Դատավորը մերժեց ներկայացված միջնորդությունը, որից հետո Արա Կարագյոզյանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար ժամանակ խնդրեց։

Փաստաբանը ժամանակին դատարան չէր ներկայացել, դատավոր Մարտիրոսյանը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Փաստաբան Արա Կարագյոզյանը դատարանին նախօրոք զգուշացրել էր, որ մեկ այլ նիստի է և նշանակված ժամկետը բավարար չէ միջնորդությունը ներկայացնելու համար։ Դատարանին ուղարկել էր նաև դիմում՝ նշելով, որ դատավորը անաչառ վերաբերմունք չի դրսևորում, իսկ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն կներկայացնի միջնորդությունների վերաբերյալ որոշումները ստանալուց հետո։

Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 15-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter