HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Օտարալեզու Երևան. կապիտալիզմը խոսում է անգլերեն

Եթե հայ ազգայնականները ճիշտ են, թե Հայաստանը գաղութ է, և եթե գաղութի նշաններից մեկը գաղութարարի լեզվով ցուցանակներն են, ապա Հայաստանը ոչ թե Ռուսաստանի գաղութն է, ինչպես պնդում են այդ ազգայնականները, այլ Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի:

Հայաստանին անծանոթ մեկը, ով փնտրում է գաղութարարների լեզվական հետք, Երևանի կենտրոնի փողոցներով քայլելիս անգլերեն ցուցանակների առատությունից կկարծի, որ սա բրիտանական գաղութ է կամ առնվազն նախկին գաղութ: Եթե ավելի մանրակրկիտ ուսումնասիրի, կորոշի, որ մինչ բրիտանական գաղութ լինելը եղել է ֆրանսիական, նաև իտալական գաղութ, քանի որ անգլերենից հետո ամենաշատ ցուցանակներ կան այդ լեզուներով: Իսկ եթե շատ ավելի խորանա, ապա կեզրակացնի, որ մինչ Բրիտանական, ամերիկյան, ֆրանսիական և իտալական գաղութ լինելն է եղել ռուսական գաղութ, քանի որ ռուսերեն ցուցանակները չորրորդ տեղում են: Իսկ եթե նա նաև հայերեն իմանա, համոզմունքը, որ շրջագայում է անգլիալեզու երկրի գաղութով, ավելի կամրանա, քանի որ ցուցանակների մի զգալի մասն էլ հայերեն տառերով անգլերեն բառեր են:

Մի շարք ճաշարաններում և սրճարաններում ճաշացանկն էլ է միայն անգլերեն, ինչպես օրինակ՝ Գրին Բինում, Le Italian-ում: Բազմաթիվ տեղեր էլ պատին փակցված ճաշացանկն է միայն անգլերեն, ինչպես օրինակ նույն Գրին Բինում, Դը Քոստում (Կասկադ), Դառըգետ գարեջրատանը (Արամի փողոց):

Երբ Le Italian սրճարանում մատուցողին հարցրեցի՝ ինչո՞ւ հայերեն ճաշացանկ չունեք, պատասխանեց՝ մեր կոնցեպտն է այդպիսին:

Ինչպիսի՞ն է` անգլերեն իմացողների համա՞ր միայն, իսկ ովքե՞ր գիտեն անգլերեն՝ ունևորները: Ընչազուրկը հազիվ հացի մասին մտածի, էլ ե՞րբ անգլերեն սովորի: Կոնցեպտ, որը չի ճանաչում աղքատներին:

Սա Հայաստանի քաղաքական վերնախավի կոնցեպտն է՝ արհամարհանք նրանց նկատմամբ, ովքեր փողի հետևից չեն հասնում կամ ովքեր փողի մեռած չեն:

Երևանի կենտրոնում Բաղրամյանով, Օպերայի մոտից դուրս գալով Թումանյան, Հյուսիսային պողոտայով, Աբովյանով, Արամով, ապա Փարպեցիով, Սարյանով, Կասկադով, Իսահակյանով, Մաշտոցի պողոտայի սկզբներով, նաև Կիևյանի որոշ հատվածներում շրջելու ընթացքում նկատված օտարալեզու ցուցանկաները.

Անգլերեն (նաև վերջում մի քանի իտալերեն, անգլերեն և ռուսերեն)

Crumbs, Retro Cafe, Tatoo, ACBA-Credit agricole Bank, mobile centre, GoodWin, Cuba Pab, Kalian Khalill MaaMoon, Philipp Plein, Tashir street shopping Gallery, bookinist, Bokacho, Kargin optik, Defonseca italy, Langery, Souvenirs Vernissage, Holly Bracken, Paula Richi, Kinds land, Armos, playstation, NewYorker, Hotel North Avenue, Polo Ralph Lauren, Megerian Carpet, Black Angus Authentic Pizzeria And Burger Bar Delivery, Kristo bar, Parfois, Just cafe, Cinnabon world Famous cinnamon rolls, Burberry, Ռիո Rio galleria,Chronograph watches & Jewellery, Lounge the View, Caffe Verganano, Coffeeshop company, Pizza Hut, Love, Geographic travel Club, No Walking on Grass, Anahit Simonyan fashon, Service My Notebook, Toto gaming, Glibe travel, Martiros, Image studio, Karaoke Club, vollmond jewels, Violet Home Decor, Mercury, Artioli, Vintage, Opera Suite Hotel, Casteliani barry care beauty fit, Say Cheese, Beer academy, Antares, N&S Fashion, Mexx, Basturma, The Italian, Femini Cafetria Crepes, Sacvoyage, Lacoste, Bella rosa, Massimo Dutti, 3illionaire italian counture, Milano, Sorriso Cafe, Castello d'Oro, Salon terrace, Оранжевый верблюд, Бегемот и К, Росгосстрах.

Հայատառ անգլերեն, նաև մի քանի ֆրանսերեն և մեկ հատ էլ իսպաներեն ցուցանակներ

Մոդա մեն mode Men, Եվրոպ քար Europ car, Էլիտ սպորտ, Պասսաժ Passage, Մարտինի Ռոյալ Martini Royal, Սիթի ԲայքՄարկետ, Հաուզ օֆ ռեինքառնեյշն House of Reincarnation, Քուին քեյք Queen cake, Կասկադ շուզ Kaskad Shoes, Պրինս Պրինցեսս Prince Princess, Իմպերիալ լաունջ բար Imperial Longe Bar, Սուբթայթլ Subtitle, Փեն բոքս Pen Box, Լեդի Մերի, Մարկետ Market, ֆուդ հաուզ Food house, Դը Քոստ Coast, Ֆիքշ՚ն Fiction, Մեֆ Թրևլ Map Travel, Ֆեյմըս Կալյան Լաունջ Famous Kalyan Lounge, Լա Ռոզ Դե Ֆլոռ La Rose De Fleur, Քրեյզի տուր Crazy tour, Մոբի սթայլ, Մայ փարթի My Party, Ռոյալ Պլազա Royal plaza, Էլիտհոմ, Diamond house Դայմոնդ հաուզ, Սքուեր ուան Square One, Լա բոհեմ կաֆե բոհեմ,  Նորդ Ավենյու, Կաֆե դե ֆրանս Cafe de Frans, Ավենյու Լ՛օրանժ Avenue by l'orange, Բլեք Բուլլ Black Bull, Էկշն ֆիթնես Action fitness, Աութլեթ Outlet, Բլյու & Ուայթ Blue&White, Սքայ տուր sky tour, Կաֆե ցենտրալ Cafe Central, Միքս դենտ Mixx dent, Արտ մոդա Art Moda, Բիրևան Beerevan, Արտ Շուզ Art shose, Սուպերմակետ, Կասա Դե էսպանիա Casa de Espania, Natural Gold, Արտ բրիջ Art bridge, Ուայթ սթոր-White store, Բեյք Bake, Երևան Սիթի Yerevan Sity.

Wine Republic-ը թեև ունի հայերեն անվանում՝ Գինու պետություն, սակայն գլխավոր ցուցանակը անգլերենն է:

Հպանցիկ հայացք Գյումրիի Սայաթ Նովա փողոցում

Hollywood shop, Ria shoes, Passo, Pizza Jazz

***

Հայաստանի Լեզվի մասին օրենքը սահմանում է.

«ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով»:

Գոյություն ունի մի ամբողջ պետական հիմնարկ՝ 16 հոգիանոց աշխատակազմով ու բյուջեով (որի չափը ԿԳ նախարարությունը չգիտեր)՝ Կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը, որ գործում է հսկելու համար, որ կատարվի «Լեզվի մասին» օրենքը:

Արդյո՞ք տեսչությունը անգործության է մատնված, եթե այո՝ ինչո՞ւ, եթե ոչ, ապա ի՞նչ է անում, որ կատարվեն «Լեզվի մասին» օրենքի պահանջները, վերջին տարիներին օրենքը խախտելու համար քանի՞ ձեռնարկություն է պատասխանատվության ենթարկվել:

«Հետքի» հարցմանը Լեզվի պետական տեսչությունը պատասխանում է, որ Կառավարության 2015 թվի, հուլիսի 30-ի N839-Ա որոշման պահանջով,  որով արգելվում է մասնավոր ձեռնարկություններում ստուգումեր անցկացնելը, 2015 թվականի օգոստոսի 1-ից Տեսչությունը ստուգումներ և վարչական վարույթներ չի իրականացնում: Վերջին տարին միայն կատարում են ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ, որոնց արդյունքում կազմվել են օտարալեզու ցուցանակներ ունեցող կազմակերպություններին հասցեագրված իրազեկման 150 թերթիկներ՝ համապատասխան բացատրություններով ու հորդորակներով: Իսկ մինչ այդ որոշումը 2011-2015 թվականներին Տեսչությունը իրականացրել է 269 ստուգում և վարչական վարույթ, որոնց արդյունքում պետական բյուջե է փոխանցվել 22 միլիոն յոթ հարյուր հազար դրամ: Առնվազն 269 տնտեսավարող սուբյեկտներ իրենց օբյեկտների ցուցանակները համապատասխանեցրել են ՀՀ լեզվական օրենսդրության պահանջներին:  

Սակայն օտար լեզվով վերը թվարկված ցուցանակների առնվազն 90 տոկոսը փակցվել է մինչ կառավարության ստուգումներն արգելող այդ որոշումը` մինչ 2015-ի օգոստոս:

Եթե Լեզվի տեսչությունը իսկապես որոշակի աշխատանք կատարել է, ուրեմն եթե այն չլիներ, ինչպիսի՞ պատկեր կլիներ Հայաստանում, հայերեն ցուցանակներ ընդհանրապես չէին լինի՞: Լեզվի տեսչությունը Հայոց լեզուն պետք է պաշտպանի ումի՞ց` անգլիացիների՞ց, անգլերենի՞ց, ֆրանսերենի՞ց, ռուսների՞ց, ռուսերենի՞ց թե հայերի՞ց, այն մարդկանցից, ովքեր միայն նյութական շահ ստանալու մասին են մտածում: Բայց այդ մարդիկ իշխում են, ուրեմն, Տեսչությունը անզոր է նրանց դեմ:

Արդյո՞ք անգլերեն կամ լատիներեն ցուցանակներն անգլիական կամ իտալական գաղութատիրության նշան են: Իհարկե ոչ, պարզապես Հայաստանի շուկան այդ լեզուները ընկալում է որպես կապիտալի լեզու, հարստանալու, որակով ապրանքի ու դրանով մրցակցության մեջ հաղթելու, անձնական շահը բավարարելու լեզու: Ուրեմն, եթե Հայաստանը գաղութ է, ապա կապիտալի գաղութն է:

Իսկ ինչո՞ւ հայ ազգայնականները, ովքեր այդքան զգայուն են Ռուսաստանի հետ որևէ առնչության նկատմամբ, պնդում են, թե Հայաստանը Ռուսաստանի գաղութն է, անընդհատ կոչ են անում ազգային ազտագրական պայքար ընդդեմ Ռուսական կայսրության, սակայն այդքան անտարբեր են այլ օտար լեզուների ներխուժման նկատմամբ, ազատագրական որևէ քայլ չեն անում լատինատառ կամ անգլերեն գրագրության դեմ: Արդյո՞ք պատճառն այն չի, որ նրանցից շատերը անգլիալեզու երկրների աջակցությունն են վայելում: Թե՞ նրանք բոլորը ազգայնական լինելուց առավել ազատական են, կապիտալիզմի լեզուն նրանց հարազատ է, կապիտալի գաղութացումը ոչ միայն օտար չի, այլև իրենք՝ բոլոր կուսակցություններն (Ժառանգություն, ՀԱԿ, Հանրապետական, Բարգավաճ և այլն) ու բազմաթիվ ՀԿ-ներ կապիտալի քաղաքական ներկայացուցիչներն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter