
Համաշխարհային բանկի «լավատեսությունը»
Համաշխարհային բանկի (ՀԲ) նոր կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում 2016 թվականին ՀՆԱ-ի աճի կկազմի 3.1%: Իսկ 2017-ին տնտեսական աճը կհասնի 3.3%-ի, 2018-ին՝ 3.6%-ի: Այս մասին նշված է ՀԲ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսության վերաբերյալ երեկ հրապարակած զեկույցում (Polarization and Populism )։ Այս անգամ ևս ՀԲ-ն կանխատեսում է, որ միջնաժամկետ հեռանկարում հայաստանյան տնտեսությունը չափավոր տեմպերով աճ կգրանցի։
Ըստ ՀԲ գնահատականների՝ կառուցվածքային թերություններն ու դրամական փոխանցումների կրճատման հետևանքով ներքին պահանջարկի դանդաղ վերականգնումը բացասական ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսական աճի վրա։
ՀԲ-ն զգալի ռիսկեր է տեսնում ՀՀ տնտեսական հեռանկարների հարցում։ Աճի վրա ազդող ռիկսային գլխավոր գործոններից է շարունակում մնալ մետաղների համաշխարհային շուկայից կախվածությունը, քանի որ Հայաստանի արտահանման կազմում դրանք մեծ տեղ են գրավում։
Պետական պարտքի բարձրացումը ևս Հայաստանի տնտեսության մարտահրավերներից է։ ՀԲ-ի կանխատեսումներով՝ Հայաստանի պետական պարտքն այս տարվա վերջում կհասնի ՀՆԱ-ի 52.5%-ին։ Իսկ հաջորդ երկու տարիներին այս ցուցանիշն ավելի կբարձրանա՝ 2017-ին կկազմի 53.8%, 2018-ին՝ 53.5%: Հիշեցնենք, որ 2015-ին պաշտոնական տվյալներով Հայաստանի պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.8%:
ՀԲ-ն դրական գնահատական է տալիս ՀՀ հարկային դաշտի փոփոխություններին ու գտնում, որ դրանք կարող են դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։
Զեկույցում Հայաստանի մասով անդրադարձ է կատարվել նաև Իրանի հետ տնտեսական հարաբերություններին ու հեռանկարներին։ Նշվում է, որ Իրանի դեմ պատժամիջոցների թուլացումը Հայաստանի համար նոր շուկաներ մուտք գործելու եզակի հնարավորություն է ստեղծել։ Ինչպես նաև՝ Հայաստանը կարող է որպես միջանցք հանդիսանալ Ռուսաստանի և Իրանի միջև։ Ավելին՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության արդյունքում, ըստ ՀԲ-ի, Հայաստանը կարող է նվազեցնել Ռուսաստանից վառելիքի հարցում ունեցած կախվածությունը։
Ակնհայտ է, որ ՀԲ-ն Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներում տարվա ընթացքում ավելի լավատես է դարձել։ Հիշեցնենք, որ այս տարվա սկզբում Համաշխարհային բանկը Հայաստանում այս տարվա համար կանխատեսում էր 2.2% տնտեսական աճ:
Որքանով կիրականանան նոր կանխատեսումները, կերևա տարվա վերջում։ Իսկ մինչ այդ, Հայաստանում հրապարակվող պաշտոնական տվյալներն, համենայնդեպս, նման լավատեսության հիմք չեն տալիս։ Ամենաթարմ տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը ՀՆԱ-ի ցուցանիշից քիչ է տարբերվում՝ կապված հաշվարկման տարբերություններով) հունվար-հոկտեմբերին հասել է գրեթե զրոյի ու կազմել 0.4%:
Հիշեցնենք, որ Հայաստանի այս տարվա բյուջեում կանխատեսվում է 2.2% տնտեսական աճ։
Համաշխարհային բանկը Ռուսաստանի համար այս տարի կանխատեսում է -0.6 անկում, ԵԱՏՄ մյուս գործընկերներ Բելառուսի համար՝ 2.5 անկում, Ղազախստանի համար՝ 0.2 աճ։ Հարևան Վրաստանի համար կանխատեսվում է 3.4% աճ։ Թուրքիայի համար՝ 3.1 աճ, իսկ Ադրբեջանի համար՝ 3% անկում։
Համեստ աճ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` բևեռացման մեծացմանը զուգընթաց
Ընդհանուր առմամբ, ՀԲ-ն համեստ աճ է կանխատեսում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` բևեռացման մեծացմանը զուգընթաց։ Ինչպես փոխանցում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը, զեկույցը նշվում է, որ տարածաշրջանում 2016թ. կլինի համեստ աճ՝ 1.6 %-ի չափով, ինչը մի փոքր ավել է 2015թ. 1.4 % աճից, սակայն անկումը թե՛ եկամուտների, և թե՛ սպառման մասով ամենայն հավանականությամբ կմեղմի աճի այս համեստ ցուցանիշը: Կանխատեսվում է, որ այս միտումը կպահպանվի նաև 2017 և 2018 թվականներին, երբ աճը կլինի համապատասխանաբար 1.5 և 1.8%:
Աղյուսակը՝ ՀԲ-ի զեկույցից
ՀԲ-ի փորձագետները գտնում են, որ նավթի և այլ ապրանքների ցածր գները, ներդրումների ծավալների անկումը Եվրոպական Միությունում և ընթացիկ կառուցվածքային մարտահրավերները խոչընդոտում են տարածաշրջանի աճին և նպաստում ամբոխահաճության ու բևեռաացման մեծացմանը:
Ըստ կանխատեսման՝ աճը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կմնա դրական՝ 0.7% ՀՆԱ աճ այս տարի, 2.3 %՝ 2017-ին և 2.6 %՝ 2018-ին։ Միևնույն ժամանակ, Եվրոպական Միությունում կանխատեսվող աճը փոքր ինչ կնվազի, մինչդեռ Արևմտյան Բալկաններում այս տարի այն կաճի մինչև 2.7%, 3.2 % աճ է կանխատեսվում 2017-ին իսկ 2018-ին՝ 3.5%:
«Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն և փախստականների ճգնաժամը փորձություն են եվրոպական համագործակցության համար, մինչդեռ տարածաշրջանի արևելյան հատվածը դեռևս փորձում է հարմարվել նավթի ցածր գներին: Աճի նոր աղբյուրներ գտնելու հարցում ողջ տարածաշրջանի ձախողումը նպաստում է ամբոխահաճության ու բևեռացման, ինչպես նաև հաստատությունների նկատմամբ անվստահության աճին», - զեկույցը ներկայացնելիս ասել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Հանս Թիմերը:
Մեկնաբանել