
Տիգրան Սարգսյանը խրախուսել է «Լոռվա երիտասարդների միասնությանը»
Նոյեմբերի 26-ին Վանաձորի քաղաքապետարանում ՀՀ հիմներգով բացվեց «Լոռվա երիտասարդների միասնություն» ՀԿ-ի համագումարը: Ելույթ ունեցան ԼԵՄ անդամները:
ԼԵՄ Լոռու մարզի համակարգող Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց իր ստեղծած Հայկական երիտասարդական գիտական համագործակցությունը: ԼԵՄ համանախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, փաստաբան Տարոն Սիմոնյանը իր ելույթում որպես 21-րդ դարի երիտասարդի հիմնախնդիրներ՝ ընդգծեց հատկապես երիտասարդների ոչ ազատ մտածողությունն ու ստեղծագործական տարրի նվազումը:
Լոռվա մտավորականության ներկայացուցիչներ իրենց ելույթներով կարևորեցին երիտասարդների ջանքերով իրենց գիտակրթական և հոգևոր-մշակութային խնդիրների լուծումը: Համագումարին ուղերձ էր հղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԼԵՄ-ը հիմնադրվել է 2007-ին մի խումբ լոռեցի երտասարդների նախաձեռնությամբ: 2010-ից նախաձեռնությունը իրավաբանական կարգավիճակ է ձեռք բերել՝ գրանցվելով որպես ՀԿ:
ԼԵՄ-ի նպատակն է համախմբել հանրապետությունում և հանրապետությունից դուրս սովորող և բնակվող լոռեցի երիտասարդներին և ստեղծել համագործակցային ցանց: Խնդիրն է՝ պաշտպանել իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Օգտագործելով անձնական, ընկերական կապերը՝ ԼԵՄ երիտասարդները օգնել են լոռեցի մի շարք շրջանավարտների աշխատանք գտնել մասնագիտությամբ: ԼԵՄ-ը կազմակերպվում է նաև տարբեր թեմաներով գիտաժողովներ՝ մասնագետների մասնակցությամբ՝ Լոռվա երիտասարդների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:
2008-ից ԼԵՄ երիտասարդները մասնակցում են «Վալեքս Գրուպի» կողմից Լոռիում կազմակերպվող ամենամյա ծառատունկին: 2010-ին նրանց նախաձեռնությամբ տեղադրվել է հուշաքար այն կամրջի մոտ, որտեղից Հովհաննես Թումանյանը մի խումբ փախստականների օգնել է փախչել թուրք ենիչերիներից: 2010-ին նրանց նախաձեռնությամբ կազմակերպվեց շաբաթօրյակ Սանահինի վանական համալիրում: Այս տարի Վանաձորի ավագ դպրոցների աշակերտների համար նրանք կազմակերպել էին շարադրությունների մրցույթ՝ «Հայաստանի զարգացման հեռանկարը» խորագրով:
ԼԵՄ երիտասարդների հետագա գործունեությունը խրախուսելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանը նրանց գրասենյակ է տրամադրել Վանաձորում:
Մեկնաբանել