HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է հանրակրթության վիճակագրության «E-stat» էլեկտրոնային վերլուծական գործիքը

Dasaran-ը ներկայացնում է հանրակրթության վիճակագրության E-stat էլեկտրոնային վերլուծական գործիքը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ստջեղծվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ: Դիագնոստիկ գործիքի պաշտոնական ներկայացմանն այսօր ներկա է եղել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում Լեհաստանի դեսպան Ե.Մ. Նովակովսկին, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և այլ պետական այրեր:

«Իր տեսակի մեջ եզակի «E-stat» էլեկտրոնային վերլուծական գործիքի ստեղծումը նպատակաուղղված է հանրակրթական համակարգի բոլոր շերտերի ընդգրկուն մշտադիտարկմանը և բացակների վերհանմանը, ողջ երկրի կտրվածքով հանրակրթական դպրոցների արդյունավետության վերլուծությանը, ինչպես նաև ժողովրդագրական կարևորագույն տվյալների և դրանց զարգացման համեմատական պատկերների ստացմանը: Էլեկտրոնային վերլուծական գործիքը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, ինչպես նաև կրթության համար պատասխանատու այլ պետական մարմինների համար, որոնք, հիմք ընդունելով գործիքի տրամադրած տեղեկատվությունը, կկարողանան մշակել Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխմանը և զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

E-stat դիագնոստիկ գործիքի միջոցով, ըստ հաղորդագրության, հնարավոր է ստանալ իրական ժամանակում պարբերաբար թարմացվող տվյալներ այնպիսի կտրվածքով, ինչպես օրինակ՝ աշակերտների, ծնողների և ուսուցիչների բաշխվածությունն ըստ մարզերի, տարիքի կամ սեռի, աշակերտների միջին գնահատականը, գերազանցության և բացակայության ցուցանիշները, աշակերտական միջդպրոցական և արտաքին (այլ երկրներ) տեղաշարժերը, ուսուցիչների ծանրաբեռնվածության ցուցանիշները, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը և այլն:

Ըստ որում՝ էլեկտրոնային վերլուծական գործիքը եզակի հնարավորություն է տալիս նաև ստանալ վերը թվարկված (և ոչ միայն) վիճակագրական բոլոր տվյալների զարգացման համեմատական պատկերն ըստ տարիների: «Այսպիսով, էլեկտրոնային վերլուծական գործիքը հնարավորություն կտա «ախտորոշել» կրթության ներքին շերտերում առկա և կրթության զարգացմանը խոչընդոտող խոցելի կողմերը, որոնց շտկումը հնարավոր կդարձնի մեր երկրի կրթական ոլորտի բարելավման տվյալահենք (“data-driven”) և թիրախային ռազմավարության ստեղծումը: Վերջինն էլ իր հերթին իրական կդարձնի Հայաստանը կրթական մարտահրավերներ հաղթահարող և ժամանակակից մոդելներ արտահանող երկիր վերածելու տեսլականը»,-ասել է Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը՝ ամփոփելով E-stat դիագնոստիկ գործիքի ներկայացման արարողությունը:

Կից ներկայացվում են ծրագրի մանրամասները.

«Ի՞ՆՉ

E-Stat դիագնոստիկ գործիքն առաջադեմ առցանց վիճակագրական-վերլուծական գործիք է, որն ապահովում է դպրոցական կրթահամակարգի համապարփակ ներըմբռնում և թույլ է տալիս դպրոցների ու երկրում կրթական ցուցանիշների արդյունավետ մշտադիտարկում: eSDT-ն, որն ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Կրթության և գիտության նախարարությանը, ինչպես նաև կրթության համար պատասխանատու պետական և տարածքային կառավարման այլ մարմիններին՝ հիմքեր դնելով վերջիններիս կողմից այս գործիքի տվյալներն օգտագործելու միջոցով արդյունավետ և գործուն քաղաքականության մշակման համար: Դա հատկապես վերաբերում է կրթական արդյունքների վրա ազդեցություն ունեցող կրիտիկական գործոնների ախտորոշմանը և կրթական ոլորտում տվյալահենք ռազմավարական որոշումների կայացման համար հանգուցային տեղեկույթի տրամադրմանը:

ԻՆՉՈՒ՞

Կիրառելով ոչ արժեքավոր, սակայն ժամանակակից և բարձրորակ նորարարական տեխնոլոգիական միջոցներ՝ Dasaran-ն օգնում է կրթական ոլորտում արդյունավետ և գործուն քաղաքականության մշակման համար ստեղծել ենթակառուցվածքային ներզոր կարողություններ՝ ներդրում կատարելով “SDG 4” (կրթություն) և “SDG 9” (տեխնոլոգիա, նորարարություն, ենթակառուցվածքներ) բնագավառներում: Իր գործունեության 7 տարիների ընթացքում Dasaran-ը հասել է Հայաստանի հանրակրթական դպրոցների ամբողջական ընդգրկման՝ մեկ միասնական էլեկտրոնային հարթակին միացնելով բոլոր 1347 հանրակրթական դպրոցները (ներառելով տնօրեններին, ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին / խնամակալներին): Ուսուցիչների, աշակերտների և ծնողների / խնամակալների մասին ժողովրդագրական տվյալների հավաքման, ինչպես նաև բոլոր ուսուցիչների կողմից ամենօրյա սկզբունքով գնահատականների ու տնային աշխատանքների ներմուծման միջոցով տվյալների բազան մշտապես ընդլայնվում է և ստեղծում վերլուծության ավելի մեծ հնարավորություններ: Հարվարդի համալսարանի մի շարք խորագիտակների՝ կամավոր հիմունքներով օժանդակության շնորհիվ Dasaran-ի թիմը ձեռնամուխ է եղել մեծ ծավալով տվյալների ինտենսիվ վերլուծության՝ առկա տվյալները կապակցելով համապատասխան ցուցիչներին և վերջիններս կերպափոխելով պետական մակարդակով քաղաքականության մշակման համար անհրաժեշտ տեղեկույթի: Dasaran-ի կողմից մեծ ծավալով տվյալների վերլուծությունն ունի բացառիկ կարևորություն ռազմավարական պլանավորման տեսանկյունից՝ հստակորեն վերհանելով դպրոցական կրթահամակարգում բացակներն ու մարտահրավերները և դրանց լուծման համար առաջ մղելով լուծումներ՝ հիմնված նոր քաղաքականության, նորմատիվ կանոնների և միջոցառումների վրա, որոնք միտված են Հայաստանի դպրոցական կրթահամակարգի բարեփոխմանը:

ԻՆՉՊԵ՞Ս

eSDT-ն ապահովում է իրական ժամանակում վիճակագրական տվյալներ և մշտաթարմացվող համեմատական վերլուծություն դպրոցների կառավարման արդյունավետության, ընդունելության և աշակերտների կատարողականության մասին` օգտագործելով տարատեսակ ցուցիչներ, ինչպիսիք են օրինակ՝ աշակերտների, ծնողների և ուսուցիչների բաշխումն ըստ մարզերի (վարչատարածքային միավորների), տարիքի և սեռի, միջին գնահատականի հիման վրա աշակերտների կատարողականությունը և նրանց բացակայության, տարաբնակեցման (մարզերից Երևան կամ Հայաստանից արտերկիր) և այլ դպրոց տեղափոխվելու ցուցանիշները, ինչպես նաև ուսուցիչների աշխատանքային ծանրաբեռնվածության վերլուծությունը, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը և այս ամենի զարգացման համեմատական պատկերն ըստ տարիների»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter