HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի` Հայաստանի մասով համազեկուցողներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:

Սերժ Սարգսյանը կարևորել է փաստահավաք առաքելության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անդրադառնալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, տվյալ ժամանակահատվածում արձանագրված արդյունքներին, ինչպես նաև լսելու եվրոպական արժեհամակարգին քաջածանոթ մարդկանց գնահատականն ու անաչառ տեսակետը: Ս. Սարգսյանը բարձր է գնահատել համազեկուցողների դերակատարությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների մշտադիտարկման հարցում և շնորհակալություն հայտնել իրականացվող աշխատանքի համար: 

Համազեկուցողները գոհունակությամբ են փաստել, որ Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ առաջընթացը բավականին արագ և հետևողականորեն է իրականցվում, թեև, ըստ նրանց, դեռևս որոշ փոքր խնդիրներ կան լուծելու: «Պարո՛ն Նախագահ, այս ընթացքում Ձեր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու գործում, իսկապես, շատ զգալի է եղել: Մենք ցանկանում ենք Եվրոպայի խորհրդի անունից պաշտոնապես հրավիրել Ձեզ այցելել Եվրոպայի խորհուրդ և ԵԽԽՎ-ում խոսել Հայաստանի մասին»,-հանդիպման ժամանակ ասել են ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողները: Ս. Սարգսյանը շնորհակալությամբ է ընդունել հրավերը, ընդգծելով, որ դա լավ հնարավորություն է բարձր ամբիոնից ներկայացնելու Հայաստանում իրականացված աշխատանքներն ու դեռևս առկա խնդիրները:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրության համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքին, ԵԽ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացմանը՝ այդ համատեքստում կարևորելով ԵԽ գործողությունների նոր ծրագրի մեկնարկը: Ս. Սարգսյանը և համազեկուցողները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter