
2014-2016թթ.-ին Գյումրու բյուջեից միայն 55 մլն դրամ հատկացվել է սպորտի բաժնին` պարգեւատրումների տեսքով
Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Գյումրու ավագանու 33 անդամներից 16-ը շարունակում են բոյկոտել ավագանու նիստերը:
ԲՀԿ (8 մանդատ), ՀՎԿ (4 մանդատ) եւ ԳԱԼԱ (4 մանդատ) կուսակցությունների ներկայացուցիչներն ընտրությունների արդյունքները բողոքարկելու նպատակով դիմել են դատարան: Նրանք հայտարարել են, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում պատրաստ են հայաստանյան դատական բոլոր ատյանները սպառելուց հետո դիմել Եվրադատարան:
Վանաձորում ՏԻՄ ընտրություններին հաջորդող պատկերը եւս հուսադրող չէ: Ավագանու նիստերը բոյկոտող կուսակցությունների ներկայացուցիչներին հաջողվել է տապալել նոյեմբերի 5-ի արտահերթ նիստը՝ հասնելով նրան, որ քվորում չապահովվի: Գյումրիում ավագանու նիստի տապալման դեպք դեռ չի արձանագրվել: Առայժմ դրանք կայանում են շնորհիվ «Բալասանյան» դաշինքի 16 անդամների, ովքեր պարտաճանաչ ներկայանում են, սակայն հարց է առաջանում` արդյոք հնարավոր է նման կազմով ապահովել Գյումրի քաղաքի լիարժեք կառավարումն առաջիկա 5 տարիներին եւ արդյոք միայն «համախոհներից» կազմված ավագանին ընդունակ է բյուջեի գումարները ճիշտ բաշխել:
«Հետք»-ը հարցազրույցի համար դիմել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ ստացել հարցերը գրավոր ուղարկելու առաջարկ: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն առանց փոփոխությունների:
- Հոկտեմբերի 2-ի Գյումրու ՏԻՄ ընտրություներից հետո մանդատներ ստացած ԲՀԿ, ՀՎԿ եւ ԳԱԼԱ կուսակցություններից ընտրված ավագանու անդամները հրաժարվում են մասնակցել ավագանու նիստերին: Պարոն Բալասանյան, Ձեր կարծիքով, հնարավո՞ր է առաջիկա 5 տարին ղեկավարել Գյումրին ու որոշումներ կայացնել միայն «Բալասանյան» դաշինքից ընտրված ավագանու 17անդամներով:
- Աշխատել հնարավոր է, բայց ցանկալի չէ: Ժողովուրդն այդ մարդկանց է վստահել, իր ձայնը տվել է հենց նրանց, թող գան, աշխատեն, իրենց կարծիքներն արտահայտեն, կանգնեն քաղաքի կողքին, ոչ թե հեռվից քննադատեն միայն:
- ՏԻՄ օրենքի համաձայն ավագանու նիստը իրավազոր է, եթե ներկա են ավագանու անդամների կեսից ավելին: Պարոն Բալասանյան, վստա՞հ եք, որ կարողանալու եք Ձեզ անհրաժեշտ քվորումն ապահովել, արդյոք դա կախվածության մեջ չի՞ դնում Ձեզ ավագանու մնացած 16 անդամներից:
- Չի բացառվում, որ ինչ-ինչ պատճառներով ավագանու անդամները չկարողանան գալ ու մասնակցել նիտին: Իհարկե, ինչ-որ չափով կախվածություն ստեղծում է, բայց տեսնենք, կաշխատենք գումարել նիստերը: Ընտրություններին մասնակցած ու անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունները փորձում են ժամանակ ձգել մինչև ապրիլ, հարթակ են ձևավորում ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին իրենց համար օրակարգ ձևավորելու համար: Չեմ կարծում, որ ապրիլի ընտրություններից հետո չգան ու չմասնակցեն նիստերին, տեսնենք ինչպես կլինի հետագայում:
- Գյումրու քաղաքապետարանում հաստիքացուցակի կրճատում է տեղի ունեցել:
ա) որքա՞ն մարդ է ազատվել աշխատանքից
Այս պահի դրությամբ ոչ-ոք չի ազատվել աշխատանքից: Կրճատման գործընթացը պայմանավորված է համայնքային ծառայողների պաշտոնների անվանացանկում լիազոր մարմնի կողմից փոփոխությունների վերաբերյալ համապատասխան ակտն ընդունելուց հետո: Ինչ մնում է տեխնիկական սպասարկման ոլորտի աշխատակիցներին՝ օրենքով սահմանված կարգով կրճատման գործընթաց հնարավոր է իրականացնել ծանուցումից 2 ամիս անց: Օպտիմալացման արդյունքում նախատեսվում է կրճատել 38 հաստիք՝ 2 հայեցողական պաշտոն, 17 համայնքային ծառայող և 19 աշխատակից՝ տեխսպասարկման անձնակազմից:
բ) ո՞ր բաժիններից են կատարվել կրճատումները եւ ինչու են ընտրվել հատկապես այդ աշխատակիցները
Այս պահի դրությամբ կրճատումներ չեն եղել:
գ) որքա՞ն գումար է տնտեսվում կրճատումների հաշվին
- Ըստ նախատեսած կրճատումների տնտեսվում է մոտ 28 մլն դրամ:
դ) նշեք, խնդրում եմ, թե քանի՞ խորհրդական ունի ներկայում Գյումրու քաղաքապետը, ովքե՞ր են նրանք եւ ո՞ր ոլորտների հետ կապված են հիմնականում խորհրդատվություն կատարում
Ինչպես արդեն նշեցի՝ քաղաքապետի 2 խորհրդականի հաստիք կրճատվել է: Քաղաքապետն ունենալու է 4 խորհրդական, որոնցից մեկը՝ գլխավոր: Գլխավոր խորհրդականի պաշտոնում Արարատ Բալաբեկյանն է, ով իրականացնում է խորհրդատվություն ֆինանսա-տնտեսական մասով: Մյուս խորհրդականը Հակոբ Սարգսյանն է, ով խորհրդատվություն է իրականացնելու կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական ոլորտներում: Խորհրդականի մյուս 2 պաշտոններն առայժմ թափուր են:
- Գյումրու նախորդ զարգացման քառամյա ծրագիրը կոչվում էր «Սոցիալական»: Ինչպիսի՞ն է լինելու Գյումրու զարգացման հնգամյա ծրագիրը, ինչպիսի՞ շեշտադրումներ է ունենալու, եւ ո՞ր ոլորտներն են կարեւորվելու:
- Գյումրու զարգացման 5-ամյա ծրագրի մշակումը գրեթե ավարտված է, մինչ այդ տարբեր հանդիպումներ ունեցա ընտրություններին մասնակցած կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների հետ: Ովքեր եկել էին այդ հանդիպումներին, նաև իրենք ներկայացրեցին առաջարկներ, որոնց մի մասը ներառվեց 5-ամյա զարգացման ծրագրում, այնուհետ հանրային քննարկում անցկացրեցինք, որի ընթացքում ևս հնչեցին առաջարկություններ: Ուղղվածությունները տարբեր են լինելու, նորից մեծ ուշադրություն է դարձվելու սոցիալական խնդիրներին, քաղաքի բարեկարգմանը, կանաչապատմանը և այլն: Տեսնենք, վերջնական մշակումից հետո կկարողանանք ասել, թե ինչպես «կկոչվի» համայնքի զարգացման 5-ամյա ծրագիրը:
- Անցած 4 տարիներին ավագանին միաձայն հավանություն է տվել քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի ղեկավար Մեխակ Ղազարյանի դրամական պարգեւատրումների վերաբերյալ բոլոր առաջարկներին: Խնդրում եմ նշեք, թե 2014-2016 թթ-ին որքա՞ն գումար է հատկացվել այս բաժնին, ի՞նչ նպատակով, եւ արդյոք նույն քաղաքականությունը շարունակվելու է նաեւ հաջորդ հինգ տարիների ընթացքում: Արդյոք ավելի նպատակահարմա՞ր չէր գումարներն ուղղել համայնքային ենթակայության տակ գտնվող սպորտդպրոցների խնդիրների լուծմանը:
- -Սպորտի ոլորտին մշտապես մեծ ուշադրություն է դարձվել: Ձեր կողմից նշված տարիների ընթացքում տարատեսակ աշխատանքներ իրականացնելու համար ավագանու որոշումներով գումարներ են հատկացվել մարզադպրոցներին: 2014-ին հատկացվել է 7 մլն 300.000 դրամ, 2015-ին՝ 2 մլն 850.000 դրամ, 2016թ.-ին՝ այս պահի դրությամբ հատկացվել է 1.650.000 դրամ: Մարզիկներին ու մարզիչներին խրախուսելու համար 2014թ.-ին հատկացվել է մոտ 15 մլն դրամ, 2015թ.-ին՝ մոտ 17 մլն դրամ, 2016թ.-ին՝ այս պահի դրությամբ հատկացվել է մոտ 23 մլն դրամ: Մեր մարզիկներն ու մարզիչներն են, ովքեր Գյումրիի պատիվը բարձր են պահում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, Օլիմպիական խաղերում և չխրախուսել նրանց, կարծում եմ, ճիշտ չի լինի, իսկ մարզադպրոցների կարիքների համար մեր հնարավորության սահմաններում հատկացումներ ենք անում, իրենք այդ գումարները ծախսում են ներքին հարդարման, տանիքների վերանորոգման և այլ աշխատանքների վրա:
- Պարոն Բալասանյան, խնդրում եմ նշեք այն կարեւորագույն 5 ծրագրերը, որոնք նախատեսել եք իրականացնել կոնկրետ 2017 թ-ին:
- Իմ ուշադրության կենտրոնում նորից լինելու է քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների ասֆալտապատումը, լուսավորությունը, աղբահանությունը, կանաչապատումը, բակերի բարեկարգումը, հասարակական տրանսպորտը: Չնայած որ աշխատատեղերի ստեղծումը, մարդկանց բնակարանով ապահովելու գործառույթը քաղաքապետարանինը չէ, բայց որպես քաղաքապետ՝ շատ մտահոգ եմ աշխատատեղերի բացակայության, քաղաքը տնակներից ազատելու և մարդկանց բնակարանով ապահովելու խնդրով, ուստի այս ուղղությամբ ևս կշարունակվեն մեր կողմից ձեռնարկված աշխատանքները տարբեր կազմակերպությունների հետ համատեղ:
- Քանի որ հինգամյա զարգացման ծրագիրը Գյումրի քաղաքի հաստատվելու է դեկտեմբեր ամսին, ակնկալու՞մ եք արդյոք ԲՀԿ, ՀՎԿ եւ ԳԱԼԱ կուսակցություններից ընտրված ավագանու անդամների ներկայությունը
- Կա մեծամասնություն, նիստերը գումարել և քվորում ապահովելու համար, բայց շատ լավ կլինի, որ իրենք էլ գային ու մասնակցեին, ծրագիրը հաստատվի ընդհանուր կազմով:
Մեկնաբանել