HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2 մլն դրամը կփրկի՞ «Արմավիա» ընկերության գործարար համբավը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի փաստաբան Յուրա Եղիազարյանը հայտարարեց, որ «Արմավիա» ընկերության վերաբերյալ նյութի հերքումն օրաթերթն արտատպել է դեռևս այս տարվա սեպտեմբերի 17-ին: Յուրա Եղիազարյանը նշեց, որ իրենք որևէ իրավախախտում չեն կատարել, այլ բարեխիղճ վերարտադրել են epress.am-ի նյութը: Ավելին, տպագրել են նույն լրատվամիջոցի տպագրած հերքման տեքստը, այդ պատճառով, կարծում են, որ նորից հերքում տպագրելու անհրաժեշտություն չկա, ինչը պահանջում է հայցվոր կողմը: 

Օրաթերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանը հավելեց, որ հերքումը հրապարակվել էր դեռևս «Արմավիա» ընկերության կողմից հայցը ներկայացնելուց առաջ, իսկ հայցադիմումը վարույթ է ընդունվել սեպտեմբերի 22-ին: 

«Արմավիա» ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանը մեջբերեց «ԶԼՄ մասին»  օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի` հերքումը պետք է իրականացվի «հերքում» խորագրի ներքո, տեղակայման, ձևավորման, տառատեսակի, չափի նույնությամբ` չզիջելով տեղեկատվության հրապարակմանը, որին վերաբերում է այն:

Իսկ օրաթերթի հրապարակումից չի երևում «հերքում» խորագիրը, հետևաբար այն չի ընկալվում որպես հերքում: Ավելին` հոդվածի ուսումնասիրությունից էլ չի երևում, որ օրաթերթն իր կողմից է այդ հերքումը հրապարակել: «Ըստ էության, սա իրենից ներկայացնում է epress.am կայքից համապատասխան տեղեկատվության հերթական արտատպումը»,- ասաց փաստաբանը: 

Օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը ավելացրեց, որ սեպտեմբերի 17-ի համարում իրենք մեկ այլ` «Բաղդասարովի տունը կռիվ է ընկել»  հրապարակման մեջ նույնպես անդրադարձել են այս գործին: Նշել են, որ ընկերությունը հերքել է զենքի մատակարարման լուրը:

Օրաթերթն այդ հրապարակման մեջ նաև նշել է, որ կոնկրետ տեղեկատվության հրապարակման հերքման պահանջ իրենց չի ներկայացվել: Ավելին` հրապարակվել են բոլոր էլեկտրոնային կայքերը, որոնք նույնպես անդրադարձել են զենքի մատակարարման թեմային:   

Հաշտության համաձայնություն կնքելու դատավորի առաջարկին «Արմավիա» ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ երկու անգամ առաջարկել է հաշտություն կնքել: Առաջին առաջարկը մերժվել է, իսկ երկրորդն անցյալ ուրբաթ է ներկայացրել և դեռ պատասխան չի ստացել: Ընկերությունն առաջարկել է տպագրել հերքում: 

Խմբագիր Շողեր Մաթևոսյանը հավելեց, որ կոռեկտ չէ այդքան հերքելուց հետո ևս մեկ անգամ հերքում տպագրել: «Հերքումը մեկ անգամ եղել է: Նույն թերթում երկու անգամ տարբեր ձևերով շեշտվել է, որ այդ ինֆորմացիան հերքվել է: «Չորրորդ ինքնիշխանությունը» ստիպված պիտի լինի հետգրությամբ հերքումը տպագրել, որպեսզի բացատրի, թե ինչ կապակցությամբ է այս հերքումը հայտնվել թերթում»,- բացատրեց Շողեր Մաթևոսյանը: 

Նիստը նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանը փորձեց հայցվորիից ճշտել, թե ինչու են օրաթերթից 2 մլն դրամ փոխհատուցում պահանջում, այլ ոչ թե 200 կամ 500 հազար: «2 մլն-ը կփրկի՞ գործարար համբավը»,- փաստաբանին հարց ուղղեց դատավորը: Փաստաբանի խոսքերով` ընկերությունը նպատակահարմար է գտել փոխհատուցում պահանջել նշված չափով. «Տեղեկատվությունն իր բնույթով այնպիսին է, որ ըստ էության կարող էր և հասցվել է լուրջ վնաս «Արմավիա» ընկերության գործարար համբավին»: «2 մլն դրամը էդքանը լո՞ւրջ է: Ես լուրջ կհասկանայի, եթե 2 մլն դոլար պահանջեին»,-հակադարձեց դատավորը: Փաստաբանը հիմնավորեց, որ դա հայկական օրենսդրությամբ սահմանված առավելագույն չափն է, և զենքի մատակարարման հետ կապված համապատասխան տեղեկատվությունը, այն էլ` լիբիական կողմին, բավականին խնդրահարույց է: 

Դատավոր Ռ.Ափինյանն իր համար երեք տարբերություն արձանագրեց, որը ընկերության ներկայացուցիչը մատնանշեց որպես epress.am կայքից արտատպելու արդյունքում փոփոխված, այն է`

  1. epress.am կայքի «Հայկական ավիաընկերությունը զե՞նք էր մատակարարում Լիբիային» վերնագիրը օրաթերթը դարձրել է «Արմավիան» զե՞նք է մատակարարում Լիբիային»,
  2. օրաթերթը տպագրել է նաև ընկերությանը պատկանող օդանավի լուսանկարը,
  3. նշված երկու փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ամբողջ հոդվածում ընկալվում է «Արմավիա» ավիաընկերությունը` բացառելով Հայաստանում գրանցված այլ ավիաընկերություններին:

Հայցվորի ներկայացուցչի հիմանվորմամբ, համապատասխան փոփոխություններն անելու համար օրաթերթը պետք է տիրապետեր հստակ տեղեկություններին:

«Այստեղ քաղավիացիայի մամլո քարտուղարը կոնկրետ ուղղորդել է դեպի «Արմավիան»: Ռուսական տեքստում ինքը բառացիրոն հայտարարել է` «Արմավիան մոնոպոլիստ է: Այդ հարցով դիմեք իրենց»»,- պարզաբանեց Գոհար Վեզիրյանը:

Շողեր Մաթևոսյանը հայցվոր կողմին հարցրեց, թե ինչո՞ւ են հայցադիմումում իրենց հրապարակած լուրի վերանգիրը առանց հարցական նշանի վերարտադրել: Պարզվում է, այն նկատելի չի եղել հայցվորներին: Ավելին` ընկերությունն ուսումնասիրել է օրաթերթում տեղ գտած բոլոր հարցականն նշանները և պարզել, որ այն շատ փոքր է, աննկատ, և տարբերվում է օրաթերթի վերնագրերում եղած մյուս հարցական նշաններից:

Դատարանը նախատապրաստական փուլն այսօր ավարտեց և դատաքննության օր նշանակեց դեկտեմբերի 14-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter