
Ռուբեն Աղանբեգյանը՝ Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող կառավարիչների շարքում. Forbes
«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը կրկին առաջատարն է Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող կառավարիչների ամենամյա վարկանիշում։
ՌԴ 25 ամենաբարձր վարձատրվող կառավարիչների վարկանիշը կազմում է Forbes ամսագիրը, որի ռուսաստանյան խմբագրությունն այն հրապարակել է այսօր։
Ըստ վարկանիշի՝ 2015 թվականին Միլլերն ընդհանուր առմամբ վաստակել է 17.7 մլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում, 2014-ին նա վաստակել էր շատ ավելին՝ 27 մլն դոլար։
Երկրորդ տեղում «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինն է՝ 13 մլն դոլարով։
Եռյակը եզրափակում է «Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆը՝ 11 միլիոն դոլարով:
Վարկանիշում ամենաբարձր վարձատրվող կառավարիչների առաջին տասնյակը եզրափակում է հայազգի Ռուբեն Աղանբեգյանը։ Այժմ նա ռուսաստանյան «Օտկրիտիյե» ֆինանսական կորպորացիայի ղեկավարն է, նախկինում՝ Մոսկվայի բորսայի նախագահը։ 2015 թվականին վաստակել է 6 մլն դոլար։
Նշենք, որ նախորդ վարկանիշում, որը կազմվել էր 2014 թվականին կառավարիչների ստացած վարձատրությունների հիման վրա, Աղանբեգյանը 8-րդ տեղում էր՝ 11 մլն դոլարով։
Լուսանկարը՝ Forbes-ի հրապարակումից
Ռուբեն Աղանբեգյանը 1997-2002 թթ. զբաղեցրել է Ռուսաստանում Credit Suisse First Boston-ի համաղեկավարի պաշտոնը: Այնուհետև՝ մինչև Մոսկվայի բորսայի նախագահ դառնալը, եղել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախագծային ֆինանսավորման գծով գործադիր տնօրենը, ներդրումային-բանկային վարչության ղեկավարը, հետո՝ Ռուսաստանում «Ռենեսանս Կապիտալ» ներդրումային խմբի ղեկավարը։
Forbes-ը նշում է, որ այս վարկանիշը հրապարակում է հինգերորդ անգամ և նկատում՝ Ռուսաստանում գործող ընկերությունների կառավարիչների ամենաբարձր վարձատրությունը գրանցվել է 2012 թվականին։ Այդ տարի ՌԴ 25 «ամենաթանկ» կառավարիչների վարձատրությունը միասին կազմել է 1.89 մլրդ դոլար։ Իսկ 2015-ին այն կազմել է 827 մլն դոլար, որը 2012-ի համեմատ 2.3 անգամ նվազել է՝ մոտավորապես այնքան, որքան նվազել է ռուբլու փոխարժեքը։
Վարկանիշը կազմելիս Forbes-ի թիմը հաշվի է առել ընկերությունների կառավարիչների թե' աշխատավարձերը, թե' հավելավճարները և թե' այլ վարձատրությունները, որոնք հիմնականում ներկայացված են եղել ընկերությունների հաշվետվություններում։
Լուսանկարը` finbuzz.ru
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել