HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Քթի վնասվածքը` գողության մեջ կասկածվելու առիթ. մի դրվագ ոստիկանության` հանցագործություն «բացահայտելու» փորձից

Պատկերացրեք, որ մարդը վայր է ընկում ու կոտրում քիթը: Բնականաբար, հիվանդանոցում հայտնվելուց հետո բժիշկները պարտավոր են հրավիրել ոստիկանությանը, իսկ վերջինս պարտավոր է պարզել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Հիմա պատկերացրեք, թե ինչ հարցեր կտան ոստիկանները. երևի պետք է պարզեն, թե ով է հարված հասցրած անձը, ով պետք է պատասխանատվություն կրի կատարած արարքի համար: 

Բայց պարզվում է, որ ՀՀ ոստիկանները կարող են ավելի հեռուն գնալ և առանց այն էլ անհաջողության հանդիպած քաղաքացուն ստիպել «խոստովանելու», թե ԻՆՉԻ ՀԱՄԱՐ են կոտրել նրա քիթը:  

2016թ. սեպտեմբերի 4-ին երեկոյան ժամը 10:30-ի սահմաններում 23-ամյա Համլետ Գասպարյանը անհաջող վայր ընկնելու հետևանքով առաջացած քթի վնասվածքով տեղափոխվում է «Արմենիա» ԲԿ: Բայց սա անհավանական, տհաճ պատմության դեռ սկիզբն էր:

Այդ օրը Համլետը հյուր էր գնացել հորաքրոջ տուն: Մի քիչ նստելուց հետո դուրս է գալիս: Շքամուտքում մութ էր, իսկ տղան անծանոթ էր տեղանքին, աստիճանավանդակի վրա ոտքը սայթաքում է ու վայր ընկնում՝ վնասելով քիթը: 

Հորաքույրն անմիջապես զանգահարում է Համլետի մորը՝ Գեղեցիկ Գասպարյանին: «Ասեց՝ տղադ ընկել է, քիթը վիրավորվել: Գնացի Զեյթուն, շտապօգնություն զանգեցինք, ժամը 11:30-ի սահմաններում եկավ, երեխայիս տարանք «Արմենիա» հիվանդանոց: Այնտեղից բժիշկները զանգեցին ոստիկաններին: Երկու օպեր եկան՝ քաղաքացիական հագուստով: Հարցուփորձ արեցին, թե ինչ է եղել - ինչ չի  եղել, որդիս էլ ասեց՝ վայր եմ ընկել»,- ասում է Համլետի մայրը:

Համլետը պատմում է, որ հիվանդանոցում բացատրություն է տվել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Ոստիկանները բացատրություն են վերցրել նաև հորաքրոջից ու մորից: Բայց նրանց այս պատասխանները չեն բավարարել: «Բժիշկները դեռ չէին սկսել երեխու քիթը մշակել, - պատմում է մայրը, - դրանք ուզում էին երեխուս տանեին բաժին: Ես էլ ասեցի՝ ինչի՞ եք ուզում իմ երեխուս տանել»:

Բժիշկների հորդորով՝ հանգիստ թողնել հիվանդին, ոստիկանները հեռացել են, բայց առավոտյան ժամը 9-ին նորից են հայտնվել: Համլետի խոսքերով՝ խաբեությամբ իրենց տարել են ոստիկանական բաժին. «Ինձ խաբում են, թե իբր մայրդ և կինդ պետք է բացատրություններ տան բաժնում, - ասում է Համլետը, - բժիշկը դուրս է գրում ինձ, քիթս կոտրված վիճակում, գիպսի մեջ հիվանդանոցից տանում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Կինս ու մայրս հետս են լինում: Կնոջս ու մորս ասում են՝ սպասեք, ինձ տանում են քրեական հետախուզության պետի՝ Արման Հովհաննիսյանի սենյակ»:

Քաղաքացին իր հետ պատահածը պատմում է նաև նրան: Բայց այս պատասխանն ակնհայտորեն չի բավարարում Հովհաննիսյանին:

«Ինձ տանում են միլպետի սենյակ, - պատմում է Համլետը, - միլպետն ինձ ասում ա՝ գնա, մտածի, թե ինչ ա պատահել, կգաս, մեզ կասես: Ասում եմ՝ ես մտածելու բան չունեմ, ինչ կա, արդեն ասել եմ ձեզ: Էդ պահին դուրս գալուց քրեականի պետը հետևիցս խփեց, ֆռացել եմ ասում եմ՝ խի ես խփում, ասում ա՝ լավ եմ անում: Ասում ա՝ քիթդ ջարդած չլիներ, մի հատ էլ ես քիթդ կջարդեի»:

Համլետը փորձում է պատասխանել ոստիկանին: Հետո վերջինս սկսում է տղային հարվածել ոտքերով: Համլետի խոսքերով` ինքը փորձ է արել պաշտպանվել, բայց հարվածների տարափը չի դադարել: Մայրը և կինը ձայներ են լսում և սենյակից դուրս են գալիս ու ականատես լինում ծեծի տեսարանին:

«Քացով խփելուց, էդ դռան հարվածից դուրս եկա միջանցք, տենամ՝ երեխուն սենց բռնել են ու քացով հարվածում են ոտքերին: Երեխուս հրում ա, քացով խփում ա երեխու ոտքերին, հետույքին, դոշին: Ասում եմ՝ ի՞նչ եք ուզում մեզանից, ի՞նչ եք ուզում էս երեխուց, քիթը կոտրված բերել եք, դուք ի՞նչ իրավունք ունեք իմ երեխուս ծեծեք»:

Գեղեցիկն ուշագնաց է լինում, վայր է ընկնում: Ոստիկանները նրան բարձրացնում են: 

«Միլպետի տեղակալը՝ Շահբազյանը, եկավ, - պատմում է Գեղեցիկը, - թևերիցս ընկավ, բարձրացրեց, տարան իրենց սենյակ: Ջուր տվեց՝ տիկին Գեղեցիկ ջան, ասեց, խմի, մի վատացի, բան չկա»:

Ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը հորդորել է կնոջը մոռանալ եղելությունն ու հանգիստ գնալ տուն. «Ասեց՝ տիկին Գեղեցիկ ջան, ինչ եղել, եղել է, թող մնա բաժնում, ոչ մեկին ոչ ասեք, ոչ էլ: Թողեցինք, սուսուփուս դուրս եկանք»:

Ընտանիքը որոշում է մոռանալ եղելությունը: Բայց մի քանի օր անց՝ սեպտեմբերի 12-ին (Գեղեցիկի նշած ամսաթիվը), նրանց են այցելում ոստիկաններ՝ խուզարկության համար: Նրանք պնդում են, որ Համլետ Գասպարյանը Գոգոլ և Յան Ռայնիս փողոցների խաչմերուկում կատարել է կողոպուտ՝ Նաիրա Վարդանյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակելով ոսկյա շղթա՝ կախազարդով: 

«Ես ասի՝ որ իմ երեխես գողություն ա արել, - ասում է Գեղեցիկը, - էդ օրը որ տարել էիք բաժին, ինչի՞ չասեցիք, որ իմ երեխես գողության համար ա ստեղ եկել: Դուք գիտեիք, որ կամեռան հիշողության մեջ չի պահելու, հա՞, դրա համա՞ր եք հիմա գալիս: Եկել են իբր տունը խուզարկեն, գլուխները կոխել են սառնարանի մեջ, մթամ ձև են բռնել խուզարկելու»:

Գեղեցիկը վերցնում է խոսափողը և զանգահարում 1-02: Այս զանգի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայութունը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել է քրեական գործ (պաշտոնեական դիրքի չարաշահում՝ զուգորդված բռնության գործադրմամբ)՝ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի գործողությունների իրավաչափությունը քննելու նպատակով: Համլետ Գասպարյանն այս գործով ճանաչվել  է տուժող:

Սրան զուգահեռ` Համլետին կանչում են քննչական բաժին՝ շղթայի գործով ցուցմունք տալու համար: «Ես ամեն ապացույց ներկայացնում եմ իրենց, - ասում է Համլետը, - որ ես էդ օրը էդ ժամին էդ փողոցում չեմ եղել: Իրանք իրանց նախաքննության մեջ գրել են ժամը 8:30, ես էդ ժամին եղել եմ տանը, մարդիկ վկայություններ են տվել»:

Համլետն ու փաստաբանը՝ հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը, քննիչին միջնորդություն են ներկայացրել, որով պահանջել են տեսախցիկների, հեռախոսի ալեհավաքների վերծանում: «Էդ ժամերին ես եղել եմ նաև Աբովյան փողոցում ՍԱՍ սուպերմարկետում, որտեղ լիցքավորել եմ հեռախոսս: Այնտեղ կամերաներ կան: Էդ ամեն ինչը քննիչը պահանջել ա, ստացել ա, բայց մեզ չի ներկայացնում»:

Հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը գործում բազմաթիվ բացեր և  հարցականներ է տեսնում. նախ, քրեական գործը հարուցվել է կողոպուտ կատարելու փաստի հիմքով: Այնուհետև, Համլետ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել 176-րդ հոդվածի 1-ին մասով՝ կողոպուտի փորձի հիմքով: Ըստ ոստիկանության՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, ժամը 20:30-ի սահմաններում, բայց հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է սեպտեմբերի 7-ին:

«Մենք շատ լուրջ խնդիր ունենք էն մասով, որ տուժողը դիմել է սեպտեմբերի 7-ին, հարց է առաջանում, թե ինչու է տուժողը 3-րդ օրը դիմում ոստիկանություն: Հետագայում մենք հասկանում ենք, որ քանի որ խաչմերուկին կան տեսագրող սարքեր, մենք պահանջելու ենք դրանց վերծանումը, իսկ մենք գիտենք, որ դրանք ընդամենը 48 ժամ են պահպանվում: Բայց Գասպարյանը առանց այդ էլ բազմաթիվ ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ ինքը չէր կարող ֆիզիկապես հասցնել լինել կողպուտի վայրում», - ասում է փաստաբանը և ավելացնում, որ ամենահակասական մանրամասներն ի հայտ են եկել տուժողի հետ առերեսման ժամանակ:

«Չգիտեմ, ինչ-որ մի հատ աղջիկ էին բերել, - պատմում է Համլետը առերեսման մասին, - իբր ինձ ճանաչում ա, լաց ա լինում, քննիչին ասում ա՝ ես չեմ կարա գրեմ, դու գրի իմ տեղը, մի հատ կապիկություն ա անում: Ինձ ասում ա՝ հա, մեկ ա հո դու իմ ասածով չես դատվելու»:

«Տուժողը շատ լարված վիճակում է լինում, խառնում է հանգամանքներ, - պատմում է Բաղդասարյանը, - խոսում է տրամաբանությունից դուրս բաների մասին, խոսվում է կախազարդի մասին, երբ հարց են ուղղում, թե երբ եք կախազարդը կախել, ասում է, որ աշխատանքից տուն վերադառնալիս, երբ որ պիտի ոտքով աշխատավայրից գնար դեպի տուն, ճանապարհին առևտուր աներ, հանում է ու կախազարդը կախում է վզին»:

Պաշտպանական կողմը պահանջել է նաև Նաիրա Վարդանյանի աշխատավայրի տեսախցիկների վերծանումը, որպեսզի տեսնեն՝ վզնոցն իսկապես եղել է կնոջ պարանոցին, թե ոչ:

«Ըստ նախաքննության վարկածի` Գասպարյանն իբր հասցնում է պոկել շղթան, բաժանել կտորների ու ցրիվ տալ, իսկ նրան այդ ընթացքում հասցնում է հարվածել անցորդներից մեկը: - ասում է փաստաբանը, - Համլետը հարց է տալիս տուժողին, թե ինքը ինչ հագուստով է այդ օրը եղել, և նշում, որ այդ օրը կես ժամվա տարբերությամբ ինքը եղել է շրջանայինի ՍԱՍ խանութում, որտեղ հեռախոսն է լիցքավորել: Մենք միջնորդությամբ պահանջել ենք խանութի տեսագրությունները, որպեսզի ցույց տանք նաև տուժողի կողմից նշվածի իրականությանը չհամապատասխանելը»:

Փասաբանը նաև նշում է, որ քանի որ իր պաշտպանյալը տաքսու վարորդ է և այդ օրը բազմաթիվ զանգեր է ունեցել, դրանց միջոցով հնարավոր է պարզել, թե ինչ ուղղությամբ է շարժվել նա: «Օրինակ՝ հեռախոսային ալեհավաքը նաև պետք է ցույց տա, - ասում է Բաղդասարյանը, - որ Աբովյան փողոցից հետո Համլետը եղել է Նոր Նորքի զանգվածում»:

Փաստաբանը նշում է, որ բազմաթիվ միջնորդություններ են արվել պաշտպանական կողմի կողմից, որոնք մերժվել են. «Մենք միջնորդել էինք, որ ՍԱՍ սուպերմարկետից ստացված տեսանկարահանող սարքերի տեսագրությունը և հեռախոսային ալեհավաքների տեղակայման վերծանումները մեր մասնակցությամբ զննվեն, բայց այդ միջնորդությունները մերժվեցին: Այդ տեղեկությունների հիման վրա մենք ապացուցում ենք պաշտպանյալիս անմեղությունը, բայց ասացին, որ միայն նախաքննության ավարտից հետո կտրամադրվեն: Բացի այդ, Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի հետ կապված ինքնաբացարկի միջնորդություն էինք ներկայացրել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ շրջանի ոստիկանության բաժնի անձի հետ կա խնդիր, միջնորդել էինք գործի քննությունը այլ շրջանի քննչական բաժնին հանձնել՝ քրեկան գործի քննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով, բայց այս միջնորդությունը ևս մերժվել է, գտել են, որ իրենք բավականին օբյեկտիվ կքննեն գործը»:

Թամարան ոստիկանության գործողությունները որակում է որպես վրեժխնդրություն: «Սա պարզապես վրեժխնդրություն է, - ասում է նա, - քանի որ Համլետ Գասպարյանը բողոք է ներկայացրել Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժնի պետի դեմ, ով իրեն ծեծի է ենթարկել, և այս քայլի համար ոստիկանությունը փորձում է վրեժխնդիր լինել»:

Համլետի մայրը անհանգստանում է որդու ճակատագրի, նաև նրա երջանկության համար: «Համլետը մի տասն օր էր, ինչ ամուսնացել էր, - ասում է Գեղեցիկը, - էդ երեխեն, նրա ընտանիքը հիմա ի՞նչ կմտածեն մեր մասին: Հազար տեսակի ցավ ու դարդ ունենք, հիմա էլ էս պատմությունը կպավ երեխուս»:

Համլետի հայրը Արցախյան ազատամարտի ժամանակ Մահապարտների ջոկատի ազատամարտիկ Ստեփան Գասպարյանն է, ով 28 տարեկան հասակում վիրավորված վերադարձել է ճակատից: Նա հիմա անկողնուն գամված է և բազմաթիվ առողջական խնդիրներ ունի: Նրանց փոքր որդին նույնպես առողջական խնդիրներ ունի: Ընտանիքը յուրաքանչյուր ամիս մոտ 120,000 դրամի դեղորայք է գնում: Երկու տարի առաջ ամուսնու սրտի ու ոտքերի վիրահատության համար 10,000 ԱՄՆ դոլարի չափով վարկ են վերցրել ու հիմա չեն կարողանում կանոնավոր վճարումներ կատարել. վարկային կազմակերպությունն արդեն դիմել է դատարան ու պահանջում է վաճառել բնակարանը, որը 2010թ. պաշտպանության նախարարությունն է նվիրել ազտամարտիկի ընտանիքին: 

տեսանյութը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter