HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերի 25-ը կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

Նոյեմբերի 25-ը կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրն է։ Վաղվանից մեկնարկում է նաև ընդդեմ գենդերահեն բռնության 16-օրյա քարոզարշավը։ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը հրապարակել է այդ առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը:

«Վերջապես աշխարհում տարածվում է այն գիտակցությունը, որ կանանց և աղջիկների դեմ ուղղված բռնությունը մարդու իրավունքների խախտում է, հանրային առողջությանը սպառնացող համավարակ և կայուն զարգացման լուրջ խոչընդոտ։ Այդուհանդերձ, դեռևս շատ ավելին կարող ենք անել և պետք է անենք, որպեսզի այս գիտակցությունը վերածվի բռնությունների կանխարգելման ուդրանց արձագանքման բովանդակային գործողությունների։

Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը ծանր է արժենում ընտանիքների, համայնքների և տնտեսությունների համար։ Երբ բռնության հետևանքով կանայք զրկվում են աշխատելու հնարավորությունից, վտանգվում է նրանց զբաղվածությունը, հետևաբար՝ այնքան անհրաժեշտ եկամուտը, ինքնուրույնությունը և բռնի հարաբերություններին վերջ դնելու կարողությունը: Բացի այդ, կանանց հանդեպ բռնությունների հետևանքով տուժում է ձեռնարկությունների արտադրողականությունը, և վատնվում են սոցիալական ծառայությունների, արդարադատության համակարգի ու առողջապահական գործակալությունների ռեսուրսները։ Ընտանեկան և զուգընկերոջ կողմից բռնությունը շարունակում է մեծապես տարածված լինել, իսկ անպատժելիությունն ավելի է բարդացնում իրավիճակը։ Վերջնարդյունքում ունենում ենք ահռելի տառապանք և հասարակությունում իրենց լիարժեք ուլիիրավ դերը կատարելու հնարավորությունից զուրկ կանայք։

Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ այդ գինը։ Կանայք և աղջիկները չեն կարող և չպետք է իրենց թույլ տան դա։ Եվ այդուհանդերձ, այդօրինակ բռնությունը համառորեն շարունակում է իր գոյությունն ամեն օր, աշխարհով մեկ։ Իսկ այս մարտահրավերի դիմակայման ջանքերը, չնայած քաղաքական կամքի առկայությանը, շարունակում են զուրկ լինել բավարար ֆինանսավորումից։

2008 թվականից ի վեր ես առաջնորդում եմ կանանց նկատմամբ բռնություններին վերջ դնելու UNiTE քարոզարշավը, որը կոչ է անում համաշխարհային գործողության՝ մեծացնելու ռեսուրսներն ու խթանելու լուծումները։ Կառավարություններին կոչ եմ անում իրենց պատրաստակամությունը ցույց տալ էապես մեծացնելով ծախսերը բոլոր համապատասխան ոլորտներում, այդ թվում՝ ի աջակցություն կանանց շարժումներին ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Աշխարհի առաջնորդներին նաև խրախուսում եմֆինանսապես աջակցել «ՄԱԿ-Կանայք» կառույցին և Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի նպատակային հիմնադրամին: Մեր հայացքն ուղղում ենք նաև մասնավոր հատվածին, բարերարներին և մտահոգ քաղաքացիներին՝ ակնկալելով նրանց մասնակցությունը ևս:

Այսօր մենք ականատես ենք, թե ինչպես է աշխարհը ողողվել նարնջագույնով, որը խորհրդանշում է պայծառ ապագա կանանց և աղջիկների համար: Նպատակաուղղված ներդրումներով մենք կարո՛ղ ենք այդ լույսերը վառ պահել, պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնովին վերացնել կանանց և աղջիկների դեմ ուղղված բռնությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter