
Արարատ Խանդոյանին տեղափոխել են պատժախուց
Այս տարվա հուլիսին Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված Արարատ Խանդոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել, որ նոյեմբերի 24-ին իր նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ և իրեն հինգ օրով տեղափոխել են պատժախուց։ Նրա փոխանցմամբ՝ պատժախուցը նկուղային հարկում է, ցուրտ և խոնավ, որի պատուհանի ապակին կոտրված է, ցուրտը ներթափանցում է խուց: «Քանի որ ես Արցախյան ազատամարտի մասնակից եմ, որի ընթացքում վիրավորվելով՝ կորցրել եմ առողջությունս, մասնավորապես՝ ձախ երիկամս, փայծաղս, լյարդիս ձախ բիլթի մի մասը և հաստաղիքիս որոշակի հատվածը, իմ այս վիճակը հաշվիչառնելով՝ տեղափոխել են անմխիթար վիճակում գտնվող պատժախուց։ Պատժախուցը չի ջեռուցվում, և ամենասարսափելին այն է, որ պատժախցի պատուհանի ապակին կոտրված է, և ցուրտը ներթափանցում է պատժախուց»,- գրավոր հայտարարությունում նշել է նա։
Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանը տեղյակ չէ, թե իր պաշտպանյալը կարգապահական ինչ խախտում է կատարել, որ տեղափոխել են պատժախուց, սակայն ՔԿՀ-ի այս քայլը որակում է «խոշտանգում»։ Փաստաբանը պնդում է, որ անձը ինչ խախտում էլ կատարած լինի, նրան այս եղանակին պատուհանները կոտրած պատժախուց տեղափոխելն անթույլատրելի է։
Կարագյոզյանը պատրաստվում է վաղը դիմում-բողոք գրել ՀՀ արդարադատության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին և քրեակատարողական վարչություն։
Մեկնաբանել