Արշակ Սադոյանի որդին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար պատիժը կկրի պայմանականորեն
Ամալյա Մարգարյան
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Գ. Պողոսյանը վճիռ կայացրեց զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արեգ Սադոյանի և Ռաֆայել Կարագոզյանի նկատմամբ կիրառել նվազագույն պատիժ՝ 3 տարի ժամկետով, որը, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի, կկրեն պայմանականորեն:
Արեգ Սադոյանի և Ռաֆայել Կարագոզյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքի Խորենացի փողոցում տեղի ունեցած հասարակական անկարգություններին մասնակցելու և դրա ընթացքում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու համար: Առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դատարանի դահլիճում ամբաստանյալների ներկայացուցիչները ներկայացրին դրական բնութագրեր՝ տրված հարևանների, աշխատակիցների կողմից: Արշակ Սադոյանի որդի Արեգ Սադոյանի համար դատարան երաշխավորագիր էր ներկայացրել նաև ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլն:
Ամբաստանյալները նշեցին, որ ունեն մշտական բնակության վայր, երբեք դատված չեն եղել: Ռաֆայել Կարագյոզյանը շինարարական աշխատանքներ է իրականացնում, իսկ Ա. Սադոյանն աշխատել է ՊՆ-ի խաղաղապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Դատավարության ընթացքում Արեգ Սադոյանն ընդունեց, որ քաշել է ոստիկանի վահանից, իսկ Կարագոզյանն ընդունեց, որ հարվածներ է հասցրել ոստիկաններին, ուստի միջնորդեցին դատական նիստն արագացված կարգով քննել:
Դատախազ Հայկ Պետրոսյանն իր մեղադրական եզրակացության մեջ նշեց, որ այս քրեական գործով ամբաստանյալների պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն բերվել՝ չնայած բռնության դրսևորում է կիրառվել, քանի որ Սադոյանը քաշել է ոստիկանի վահանից և նրան անպաշտպան է թողել, իսկ Կարագոզյանը հարվածներ է հասցրել: Ամբաստանյալները նախկինում դատված չեն եղել, բնութագրերը դրական են, ուստի նրանց նկատմամբ առաջարկեց կիրառել նվազագույն պատիժ, իսկ Արեգ Սադոյանի համար առաջարկեց պատիժը կիրառել պայմանականորեն:
Ամբաստանյալ Կարագոզյանի ներկայացուցիչը հանդես եկավ միջնորդությամբ և խնդրեց դատարանին իր պաշտպանյալի նկատմամբ նույնպես կիրառել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին վճիռ:
«Իմ պաշտանյալը, ընդունելով իր մեղքը, չի գիտակցել և ցանկություն չի ունեցել իր գործողություններին ընթացք տալ, վերադարձել է այդ օրվանից հետո իր առօրյա գործերին: Ուշադրություն եմ հրավիրում, որ Ռ. Կարագոզյանը նախկինում դատված չի եղել, ներքին զորքերի նախկին ծառայող է, մասնակցել է Արցախյան քառօրյա պատերազմին, աչքի է ընկնում դրական բնութագրերով, պատրաստվում է ամուսնանալ»,- հայտնեց փաստաբան Լ. Մանուսաջյանը:
Ամբաստանյալներն իրենց վերջին խոսքում նշեցին, որ ընդունում են իրենց մեղքը և դատարանին խնդրում են նվազագույն պատիժ կիրառել:
«Ես ընդունում եմ իմ մեղքը, ուղղակի ասել բազմակի հարվածներ՝ մի քիչ շատ է: Ոչ մեկը չի տուժել իմ ոտքի հարվածից, որևէ ոստիկան չէր կարող մարմնական վնասվածք ստանալ: Եթե ոստիկանը կատարեր զուտ իր օրինական պարտքը, ոչ թե հայհոյեր, հրահրեր, իմ ոտքի հարվածը ուղղակի չէր լինի: Էդ օրը ուղղակի ես եղել եմ ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ժամին»,-հայտարարեց ամբաստանյալ Կարագոզյանը:
Մինչ վճռի հրապարակումը Արշակ Սադոյանը նիստին ներկա լրագրողներին ասաց, որ «պատրաստ է բոլոր հնարավորություններն օգտագործելու՝ հնարավորինս շուտ Նուբարաշենի դժոխքից իր տղային ազատելու համար»:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել