HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղծառայողներին լռեցրին և ոչ միայն ֆեյսբուքում

«Մենք գիտենք բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Գիտենք նաև, թե ինչպես է պետք լուծել դրանք» (ՀՀ նախագահի նախընտրական ծրագիր):

Իսպառ դադարել են քննարկումները ֆեյսբուքի «Բաց նամակ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին» խմբի էջում:

Հեռացվել էր անգամ «Բաց նամակը», որի շուրջ համախմբվել էր հազարից ավելի համախոհ: Վերջին շրջանում միայն «հավանել»-ներ էին արձանագրվում, և տեղադրվում անանուն մեկնաբանություններ. դրանք էլ են դադարել: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքի էջը հեղեղած կոչերն ու հղումները կարծես չեն էլ եղել. դրանք պարզապես հեռացվել են:

Մինչդեռ պատրանք էր ստեղծվել, թե ձևավորվում է քաղաքացիական գիտակցություն, թե կարելի է համախմբված բարձրաձայնել խնդիրը, և քեզ կարձագանքեն քո երկրի պետական այրերը: Նախադեպ կարծես թե կար Թռչկանի ջրվեժը: Ոմաց թվաց, թե ղեկավարությունը սկսել է հաշվի առնել քաղաքացու մտահոգությունը, ընդունել ու շտկել սեփական սխալները:

Քաղծառայողների բարձրացրած հարցը շատ արագ հնչեղություն ստացավ, քանի որ վաղուց էին խմորվում դժգոհությունները ցածր աշխատավարձից:

Ոչ արժանապատիվ աշխատավարձերի փաստն ընդունում է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը. «Մենք ընդունում ենք, որ մեր քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը բավարար չեն նույնիսկ իրենց նվազագույն պահանջները բավարարելու համար» (27.10.11, ԱԺ նիստ): Իրենց ելույթներում այս հարցին անդրադարձել են նաև ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանը:

Սոցիալական փաթեթի մասին լուրը չէր կարող անտարբեր թողնել քաղծառայողներին: Սա հույսի մի թել էր, որ գուցե բազային 40 000 դրամ աշխատավարձը կարելի է հասցնել 65 000-ի, եթե անկանխիկ սոցիալական փաթեթը տրամադրվի կանխիկ ձևով:

Չարաբաստիկ փաթեթ... Ի՞նչ իմանային աշխուժացած քաղծառայողները, որ հրաժարականի դիմումով են հատուցելու արդարացի պահանջի և ՀՀ Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը պաշտպանելու համար: Չէ՞ որ նրանք ծայրահեղ զգուշավոր էին արտահայտություններում, որ հանկարծ որևէ տեքստում քաղաքական երանգ չարտահայտվի, որ չլինի թե հանապազօրյա հացի համար բարձրացված հարցը առիթ տա վերադասի դժգոհության կամ ճնշումների:

Ֆեյսբուքի խմբում սկսվում են քննարկումներ, առանձին կոչեր ու մեկնաբանություններ տեղադրվում են վարչապետի ֆեյսբուքյան էջում... այսպես՝ մեկ ամիս: Հավատը մեծ էր. աշխատավարձերի բարձրացումն առավել քան հնարավոր է. քաղծառայողներն այն թվաքանակը չեն կազմում, որ լուրջ բեռ դառնան բյուջեի վրա, հատկապես երբ 18 միլիարդ դրամ կա՝ իրենց կարիքներին ուղղված:

Կառավարական 3-րդ շենքի առջև «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ցույցը (01.11.11թ.) ոգեշնչեց նաև քաղծառայողներին: Նրանք որոշեցին իրենց խնդիրը դուրս բերել ինտերնետային տիրույթից և ստորագրահավաք կազմակերպել տարբեր նախարարություններում: Կատարվեց անհավատալին. մինչ այդ վախվորած աշխատակիցները մեկ օրում հազարից ավելի ստորագրություն հավաքեցին (քաղծառայողների ընդհանուր թիվը չի անցնում 7200-ը):

Սակայն հաջորդ օրն իսկ սկսվեցին ճնշումները: Օրվա ընթացքում մարդիկ շարունակում էին ստորագրահավաքը, իսկ աշխատանքային օրվա ավարտին մաս-մաս հետ կանչվեցին աշխատավայր, իրար գլուխ հավաքեցին ստորագրությունների թերթիկներն ու... պատռեցին... հենց այդպես, թեթև ձեռքով, հազարավոր քաղաքացիների դիմում-հորդորը՝ բյուջեով նախատեսված սոցիալական փաթեթը վերանայելու վերաբերյալ: Եվ սա դեռ սկիզբն էր:

Նոյեմբերի 3-ի կառավարության նիստում վարչապետը վստահեցրեց, որ Թռչկանին այլևս վտանգ չի սպառնում, և այսքանով սահմանափակեց դրական լուրերը: Հաջորդ հարցը քաղծառայողներինն էր. կառավարության ղեկավարը կտրական տոնով հասկացրեց վերջիններիս, որ սոցիալական փաթեթի ներդրման հարցը փակված է: Ճիշտ է՝ դեռևս ճշգրտված չէ փաթեթի 100 000 շահառուի ցուցակը, սակայն 18 միլիարդ դրամը մնում է անկանխիկ. սա էր Տիգրան Սարգսյանի խոսքի իմաստը:

Հուսախաբված քաղծառայողները կրկին անցան վիրտուալ շփման տարածք, որտեղ թույլ փորձեր արեցին՝ իրենց ձայնը լսելի դարձնելու վարչապետի էջում: Արդյունքում գործի դրվեց պետական ապարատը:

Աշխատավայրերում անջատվել էր ինտերնետը, միջանցքներում գործընկերները խուսափում էին միմյանցից: Ղեկավարության զգուշացումներն ու սպառնալիքները, ոչ կոռեկտ արտահայտությունները, անգամ անձնական վիրավորանքներն ու ազատման դիմումի առաջարկները հետևում էին միմյանց: Ակտիվիստներն անհայտ համարներից զանգ-հիշեցումներ ստացան՝ մի մոռացիր, որ սիրելի ու մերձավոր ունես՝ կողակից, ծնող, եղբայր, հանգիստ ապրիր քեզ համար:

Լուրեր էին պտտվում, որ ԱԱԾ-ն վերծանել է բջջային հեռախոսների հաղորդագրություներն ու անձնական էլեկտրոնային նամակները... Վախի մթնոլորտը խտացավ, երբ մեկը մյուսի հետևից «սեփական դիմումի համաձայն» սկսեցին աշխատանքից ազատվել քաղաքաշինության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, ովքեր ակտիվություն էին դրսևորել սոցիալական կայքի քննարկումներում:

«Վախը ենթակային դարձնում է անակտիվ, ինքնապաշտպանվելու անկարող, դա սպանում է նրա պայքարելու կամքը և խղճմտանքի անկախությունը, կարճ ասած՝ ամեն վսեմ զգացում։ Նա հաճախ անհատների միջոցով հոգեպես հարվածում է, կազմալուծում ազգը» (ՀՀ նախագահի նախընտրական ծրագիր):

Ի դեպ, հենց նույն ծրագրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր քաղծառայողների աշխատավարձերի լուրջ բարձրացում: Կառավարությունն իր կայուն զարգացման ծրագրում ամրագրել էր դա, և արդեն 4 տարի քաղծառայողներն սպասում էին աշխատավարձերի բարձրացման: 2012թ. բյուջեով նախատեսված սոցիալական փաթեթը խթան էր պարզապես: Ֆեյսբուքում ձևավորված խումբն ընդամենը հիշեցում տեղադրեց իր էջում, ոչ մի ավել պահանջ:

Ամեն տարի մեր երկրի բյուջեն հաստատվում է՝ նկատի ունենալով տարվա ընթացքում սպասվող գնաճը, սակայն աշխատավարձերը մնում են նույնը, փոխարենը ընդլայնվում էին աշխատանքի ծավալները, խստացվում աշխատանքային պայմանները: Այսօր պետական աշխատողի հաստիքը անմրցունակ է դարձել, չնայած վերը նշված նախընտրական ծրագրով դրա հակառակն էր նախատեսվում:

Ո՞րն էր ակտիվ քաղծառայողների սխալը, երբ նրանք հետևողականորեն պահպանել են քաղաքական զսպվածություն, քննարկումներին ոչ մի քաղաքական, հակապետական, հակաիշխանական երանգ չեն տվել, երբ հղում է կատարվել միմիայն հրապարակված փաստաթղթերին: Խոսքի ու կարծիք արտահայտելու համար նրանք փաստորեն պատժվեցին: Քաղաքակիրթ ճանապարհը միանգամից բացառվեց:

Իսկ «Բաց նամակ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին» ֆեյսբուքի նախաձեռնության էջի հետահայաց դիտումը խղճահարություն է առաջացնում:

Հ.Գ. «Հետք»-ը հարցում էր ուղարկել նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին՝ պարզելու, թե արդյոք ճի՞շտ են քաղծառայողների շրջանում պտտվող լուրերը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է հետաքրքրված իրենց հարցով և ծառայողական քննություն է նշանակել՝ խնդիրն ուսումնասիրելու կապակցությամբ: Այդ նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Պատասխան այդպես էլ չստացանք:

Ժաննա Սարգսյան

Մեկնաբանություններ (2)

Mane
Ապուշներ էտ վարչապետի աշխատավարձը դարձրեք 65.000 դրամ տեսնեմ մի ամիս կարա ապրի . կամ գողություն պետք է անի , կամ բոզություն....
AK
Ay xghjukner, qaghaqacikana gitakcuthyun@ Facebook-um chi steghtsvum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter