Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվեց
Ամալյա Մարգարյան
Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Ա. Խաչատրյանի, մերժեց ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի իրավունքների խախտումը վերացնելեու մասին վերաքննիչբողոքը։
Դատական նիստի սկզբին դատարան ներկայացվեցին Ստեփան Գրիգորյանի քրեական գործերի 3 հատորները, այնուհետև դատարանը, 1 ժամ ընդմիջում հայտարարելով, գնաց խորհրդակցական սենյակ։
Ստեփան Գրիգորյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ը, որը մերժել էր ցմահ ազատազրկվածին տրամադրել վաղաժամկետ պայմանական ազատում, պատճառաբանության մեջ նշել է, որ ամբաստանյալը կարճ ժամանակ է, ինչ գտնվում է հիմնարկում, ուստի հնարավոր չէ լիարժեք բնութագրել դատապարտյալին. «Առաջին ատյանի դատարանն, իմ կարծիքով, պետք է ուղղակի քննարկեր այդ հիմնարկի որոշման օրինականությունը, այն հիմքը՝ արդյո՞ք կարճ ժամանակահատվածը պետք է բավարար հիմք հանդիսանար հիմնարկի համար՝ հետաձգելու վաղաժամկետ ազատելու միջնորդությունը, թե ոչ։ Իմ կարծիքով, դա հիմք չպետք է հանդիսանար, եթե անձը կարճ ժամանակահատվածում է գտնվել, չպետք է բացասական անդրադարձ կատարեր դատապարտյալի վրա»։
Ըստ փաստաբանի՝ դատարանը նշել է նաև, որ դատապարտյալը չի ուղղվել, բնութագիրը դրական չէ՝ չնայած ուղղման ճանապարհին է, բայց դեռ ուղղվելու անհրաժեշտություն կա։
«Դատարանը կրկնօրինակել է հիմնարկի գործառույթը, ինքը գնահատել է կոնկրետ վարքագիծը՝ միաժամանակ չուսումնասիրելով գործը»,-ավելացրեց փաստաբանը։
Նա նշեց նաև, որ եթե կան «Արմավիր» ՔԿՀ-ի կողմից արված ուղղման ծրագրեր, պետք է ներկայացվեին, բայց չի ներկայացվել. «Դատարանում դա քննության առարկա չի դարձրել, և դատարանն իրավունք չունի քննության առարկա չդարձված փաստերի հիման վրա եզրակություններ անել, այն դեպքում, երբ մենք այդ հարցը բարձրացրել ենք»։
Անդրադառնալով 20 տարվա շեմը հատած և վաղաժամկետ պայմանական ազատում չստացած մոտ 20 դատապարտյալներին՝ փաստաբան Ռևազյանը նշեց.
Մի քանի բանի մասին կարող է խոսել՝ ուղղման գործընթացը ճիշտ չի իրականացվում, տարիների ընթացքում որևէ մեկը չուղղվե՞ց, թե՞ պետական քաղաքականությունն է այդպիսին, որ ցմահներին չպետք է վաղաժամկետ ազատ արձակել։ Պետությունն էլ ունի պարտականություններ, որ ուղղելու համար որևէ աշխատանք տանի, եթե չկա, ուրեմն ձախողել ենք, սա միայն անձի խնդիրը չի։ Այս 20-ից մեկը չկա՞ր: Սրանով կարող ենք ասել, որ օրենսդրորեն ամրագրված այդ կետն ուղղակի ձևական բնույթ ունի, իրականում չկա»։
Այս տարվա մայիսին լրացել է Ստեփան Գրիգորյանի պատժի կրման 20 տարին, մայիսի 29-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը քննարկել է հարցը, իսկ հունիսի 2-ին նույն դատապարտյալը ստացել է պատասխան, ըստ որի՝ իրեն ծանոթացրել են առանց որևէ հիմնավորման հարցը մեկ տարով հետաձգելու մասին տեղեկանքին։ Դատապարտյալը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան, սակայն դիմումը մերժվել է ։
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մեղադրվում է սպանության գործով որպես մասնակից և 1997-ին դատապարտվել մահապատժի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել