HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտ չի գործում Հայաստանի 97 համայնքներում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմել է տրանսպորտային երթուղիներում չընդգրկված համայնքների ցանկը, որում տեղ են գտել 97 համայնքներ:

«Պատճառները տարբեր են, միաժամանակ կան խոչընդոտներ (անբարեկարգ գյուղական ճանապարհներն ու սակավաթիվ բնակչություն), որոնք շատ համայնքներում ընդհանուր են»,- տեղեկացնում է նախարարությունը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ներմարզային երթուղիները լավ են կազմակերպված հիմնականում հարթավայրային շրջաններում` Արարատյան դաշտավայրում և Շիրակի հարթավայրում: Խնդիրները շատ են հատկապես հանրապետության լեռնային շրջաններում:

Շիրակի մարզում տրանսպորտ չունեցող համայնքները 21-ն են: Դրանք գտնվում են մարզի հյուսիս-արևմտյան մասում, փոքր համայնքներ են։ Այստեղ երթուղայիններ չեն գալիս ոչ թե ճանապարհի, այլ համայնքների բնակչության քիչ քանակի պատճառով: «Կառավարությունը բյուջետային նպատակային ֆինանսավորում է իրականացնում այդ համայնքներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պայմանագրեր կնքելու փոխադրող ընկերությունների հետ` փոխհատուցելով նրանց վնասները»,- հարցի լուծման նախարարության տեսակետը ներկայացրել է փոխնախարար Արամ Արսենյանը:

«Գեղարքունիքի մարզում չսպասարկվող համայնքները 4-ն են: Այդ համայնքներում բնակությունը սեզոնային բնույթ է կրում: Վաղ գարնանը մարդիկ բարձրանում են սարեր՝ անասուններին արածեցնելու և գյուղ են վերադառնում ուշ աշնանը։ Գրեթե բոլորն էլ ապահովված են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով։

Արմավիրի մարզի չսպասարկվող 6 համայնքներում անբարեկարգ գյուղական ճանապարհներից բացի բնակչությունն է սակավաթիվ, ուղևորահոսքը չի բավարարում փոխադրող ընկերություններին։ Գյուղացիներից շատերն ունեն իրենց մեքենաները, բայց ովքեր սեփական փոխադրամիջոց չունեն, ստիպված են դիմել հարևան-բարեկամներին: 

Խնդիրն այն է, որ ուղևորահոսքի պակասը երթուղին դարձնում է ոչ եկամտաբեր, և փոխադրող ընկերությունները հրաժարվում են այստեղ աշխատել:

Արարատի մարզի երթուղիներում չընդգրկված 7 համայնքներում ևս պատճառները նմանատիպ են։

Տավուշի մարզում 32 չսպասարկվող համայնքներից 25-ը սահմանամերձ գյուղերը նույնպես սակավաթիվ բնակչություն ունեն և ուղևորահոսքի, որոշ տեղերում՝ նաև վատ ճանապարհի պատճառով դուրս են մնացել սպասարկումից: Նույն խնդիրը կա նաև Վայոց ձորի մարզի սահմանամերձ համայնքներում:

Հաշվի առնելով այս բնակավայրերի ռազմավարական կարևորությունը՝ նախարարությունն առաջարկում է սպասարկող փոխադրող ընկերություններին ազատել բոլոր տեսակի հարկերից ու տուրքերից:

Նախարարի տեղակալը ևս մեկ տարբերակ է առաջարկում. միջմարզային որևէ շահութաբեր երթուղի սպասարկելու մրցույթը համակցել մարզային որևէ ոչ շահութաբեր երթուղու հետ:

Հանրապետության բոլոր համայնքները երթուղային ցանցի մեջ ներառելու նախարարության ծրագիրը պատրաստ է և ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter