Լոռու մարզպետ. «Շատ լավ գիտակցում էինք, որ ՏԻՄ ընտրությունները մեզ խանգարելու են նորմալ հավաքագրում ապահովել»
Գայանե Սարգսյան
«Վերջին ամիսների վերլուծությունը ցույց է տալիս, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներում անկման միտում է նկատվում»,- այսօր Վանաձորում անցկացված մարզխորհրդի նիստի ընթացքում նշեց Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը` ներկայացնելով մարզի համայնքների հավաքագրման ցուցանիշները:
Նոյեմբերի 1-ի դրությամբ 100%-ից բարձր կատարողական է ապահովել ընդամենը 15 համայնք (2015թ.-ին՝ 32): 80-100% հավաքագրում ապահովել է 56 (2015թ.-ին՝ 59), 60-80%՝ 28 (2015թ.-ին՝ 20), 40-60%՝ 8 (2015թ.ին՝ 2) համայնք:
Սեփական եկամուտների հավաքագրման առավել ցածր ցուցանիշ ունեն Հալավար, Նովոսելցովո, Պետրովկա, Պաղաղբյուր, Հաղարծին, Պրիվոլնոյե, Վարդաբլուր, Լեջան համայնքները:
Գույքահարկի 497.2 մլն դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 467.1 մլն դրամ: Նախորդ տարվա նկատմամբ նվազման տենդենց է գրանցվել մարզի 42 համայնքում, այդ թվում Պաղաղբյուրում՝ 30.7%, Լեջանում՝ 45.6%, Հովնանաձորում՝46.8%, Արծնիում՝ 55.5% և այլն:
Հողի հարկի հավաքագրումը կազմել է 80.2%. 274.1 մլն դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 219.9 մլն դրամ:
Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունեն 86 համայնքներ կամ համայնքների 80.4%-ը: Առավել ցածր ցուցանիշ են գրանցել Ճոճկան՝ 38.0%, Լեջան՝ 37.6%, Քարկոփ՝ 32.6%, Հալավար՝ 40.5%, Ազնվաձոր՝ 41.4%, Շամլուղ՝ 43.1%, Չկալով՝ 46.1%, Մեդովկա՝ 57.6%, Սարատովկա՝ 57.7%, Մեծ Պառնի` 57.81%, Ախթալա՝ 52.5%, Վարդաբլուր՝ 53.6% համայնքները:
Տեղական տուրքերի հավաքագրման առումով նվազում է գրանցվել մարզի 62 համայնքում, մասնավորապես Շնողում հավաքագրումը կատարվել է 44, Ազնվաձորում՝ 47.6, Բլագոդարնոյեում՝ 13.2, Խնկոյանում՝ 44.5%, Նոր Խաչակապում՝ 34.4, Արծնիում՝ 40, Սարամեջում՝ 37.5, Ձորագյուղում՝ 18.7, Կաթնաղբյուրում՝ 13.6, Դեբետ՝ 45.7 տոկոսով:
Ծաղկաշատ, Չկալով, Միխայլովկա, Հարթագյուղ, Նովոսելցովո, Սարատովկա, Սարալանջ համայնքներում, ի տարբերություն նախորդ տարվա, գանձումներ չեն եղել:
Պետական տուրքի գծով 37.7 մլն դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 34.1 մլն դրամ. նախորդ տարվա համեմատ փաստացի հավաքագրումը նվազել է 1.5 մլն դրամով:
Անցած 11 ամիսների ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների 190.4 մլն դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 165.6 մլն. դրամ, որը նախորդ տարվանից պակաս է 19.6 մլն դրամով:
Նախորդ տարվա 11 ամիսների համեմատությամբ, ըստ տարածաշրջանների գույքի վարձակալության հավաքագրման, գումարները նվազել են Թումանյանի տարածաշրջանի՝ 15, Տաշիրի՝ 11, Գուգարքի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջանների 14-ական համայնքներում:
«Շատ լավ գիտակցում էինք, որ ՏԻՄ ընտրությունները մեզ խանգարելու են նորմալ հավաքագրումներ ապահովել: Հիմնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավար է փոխվել, հավաքագրման մակարդակը ամենացածր տոկոսն է կազմում:- նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը` դիմելով համայնքների ղեկավարներին,- Այս առումով նորընտիր համայնքի ղեկավարները լուրջ անելիք ունեն, որպեսզի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին փորձեն այդ 10 ամիսների բացը լրացնեն: Ես հասկանում եմ, որ դժվար է լինելու, բայց չլրացնելու դեպքում դուք ձեր բյուջեների հատկապես ծախսային մասում խնդիրներ եք ունենալու: Եվ մեր համար անթույլատրելի է բյուջեի չկատարելը»:
Մարզխորհրդի նիստին ներկա տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը նախ հռետորական հարցով դիմեց ներկաներին՝ հարկային ապառք ունեցողներն այն բնակիչներն են, որոնք չեն ուզո՞ւմ, թե՞ չեն կարող վճարել:
Դահլիճից հնչած արձագանքները վկայեցին՝ երկու տարբերակն էլ առկա է:
Հստակ պատկեր ունենալու համար փոխնախարարը մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հ. Պապոյանին առաջարկեց վերլուծության կատարել` հասկանալու համար բնակիչների չվճարելու պատճառները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել