
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանի կալանքը երկարացվել է
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանի կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը և մերժել գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Հակոբյանը անազատության մեջ կմնա ևս երկու ամիս։
«Հետք»-ի հետ զրույցում գործով փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ քննիչը կալանքը երկարացնելու միջնորդությունում նշել է, որ նկատի ունենալով Արայիկ Հակոբյանին մեղսագրվող ծանր հանցագործությունները` մեծ է հավանականությունը, որ նա, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի գործի քննությանը, կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից։
«Դատարանում քննիչը որևէ փաստական ապացույց, նյութ չի ներկայացրել, որով կարող էր հիմնավորել, որ Հակոբյանը, ազատության մեջ մնալով, կթաքնվի կամ կխոչընդոտի գործի քննությանը»,- նշում է փաստաբանը։
Սահակյանի խոսքով՝ դատավարը ևս քննիչից հետաքրքվել է, թե որոնք են կալանքի երկարացման միջնորդության հիմնավորումները, սակայն, ըստ փաստաբանի, քննիչը ոչինչ չի ներկայացրել, իսկ դատարանը նույնիսկ չի շարունակել այդ հանգամանքի պարզաբանումը։
Փաստաբանը ակնհայտ է համարում, որ անգամ նման պարագայում դատարանը բավարարելու էր քննիչի միջնորդությունը, քանի որ, Սահակյանի գնահատմամբ, միջնորդության քննությունը ձևական բնույթ էր կրում։
Արայիկ Հակոբյանը ևս ներկա է գտնվել դատական նիստին, միացել պաշտպանական կողմի՝ կալանքի ժամկետները երկարացնելու վերաբերյալ առարկությունններին։
Հիշեցնենք, որ Արայիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից):
Մեկնաբանել