HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մարտիրոս Հակոբյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է վարույթ իրականացնող մարմնի՝ Հակոբյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը։ Դատարանը նաև մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Ինչպես գործով փաստաբան Լուսինե Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, միջնորդության մեջ գրավի չափ կոնկրետ չեն նշել` թողնելով դատարանի հայեցողությանը։

Քննիչը կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունում նշել է, որ Հակոբյանին մեղսագրվող հանցագործությունները մեկ տարուց ավելի պատիժ են սահմանում և, որ նա, ազատության մեջ մնալով, կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, կխոչընդոտի գործի քննությանը։

Փաստաբանը պնդում է, որ ինչպես Արայիկ Հակոբյանի, այնպես էլ Մարտիրոս Հակոբյանի կալանքի ժամկետների երկարացման միջնորդությունում դատարան են ներկայացվել նույն հիմնավորումները, նույն նյութերը։ Փաստաբանը այս հանգամանքը որակում է գործի նյութերի «copy-paste», որտեղ միայն անվանումներն էին փոփոխված։

Սահակյանը նաև դատարանում հարց է «բարձրաձայնել», որ քննիչը չի հիմնավորել, որ այս երկու ամիսների ընթացքում ջանասիրաբար են գործել և, որ հաջորդ երկու ամիսներին անհրաժեշտ ինչ գործողություններ են կատարելու, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի ներկայացուցիչը չի պարզաբանել, որ եթե նույնիսկ խափանման միջոցի անհրաժեշտություն կա, ապա բացառիկ խափանման միջոցի՝ կալանքի ընտրությունը ինչով է պայմավորված։

Մարտիրոս Հակոբյանը դատական նիստին ներկայացրել է կալանքի ժամկետի երկարացման միջնորդության դեմ իր առարկությունները, հանդես եկել ելույթով։ Մասնավորապես, Սահակյանի փոխանցմամբ, Հակոբյանը անդրադարձել է երկրում տիրող ապօրինություններին, թե ինչ իրավիճակի են ականատես եղել ՊՊԾ գնդում։  Խմբի անդամը պնդել է, որ այն չի կարելի համարել ՊՊԾ գունդ, քանի որ նկարները, իրերը, որոնք տեսել են գնդում, «հուշել են», որ այն իրականում ոստիկանական գունդ չի եղել։

Հիշեցնենք, որ Մարտիրոս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter