HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչ բնակիչները բողոքում են համատիրության անգործությունից, համատիրությունը՝ բնակիչներից, շենքը շարունակում է անձրևաջրերից խարխլվել

Գայանե Սարգսյան

Վանաձորի ծայրամասային՝ Տարոն 3 թաղամասի ՔՇՀ 7-ի թիվ 50 շենքի բնակիչները տարիներ շարունակ ստիպված են ապրել անձրևի ու ձնհալի մշտական կաթոցների տակ: Պատճառը տարիների ընթացքում քայքայված հարթ տանիքն է, ինչի հետևանքով տեղումներից հետո անձրաջրերը նախ հայտնվում են վերին՝ 5-րդ հարկի բնակարաններում, ապա նաև անարգել թափվում ստորին հարկերի բնակարաններ:

Անձրևաջրերի հոսքը դանդաղեցնելու համար բնակիչներն ամենատարբեր տարաներ են շարել տանիքի տակ ու շուրջօրյա հերթապահում են՝ դրանք հնարավորինս արագ դատարկելու ու շենքի քայքայման տեմպերը նվազեցնելու համար:

5-րդ հարկում բնակվող Լուսինե Աղաբաբյանը ցույց է տալիս հարևանի բնակարանը, որի տերերը, չկարողանալով դիմակայել անսպառ անձրևաջրերի հոսքին, հեռացել են շենքից:

Բնակարանում վերևից թափված ջրի հետքերը ոչ միայն միջանցքում ու սանհանգույցում են, այլ նաև հյուրասենյակում: Բնակարանի որոշ հատվածների պատերը, ջրից քայքայվելով, քանդվել են:

Շենքից հեռանալուց առաջ տանտերերը բնակարանի բանալին ի պահ են տվել հարևաններին` խնդրելով ուշադիր լինել ու հորդառատ անձրևների օրերին պարբերաբար դատարկել տան տարբեր հատվածներում դրված տաշտերի ջուրը:

«Մի քանի տարի առաջ էին տունը վերանորոգել: Տեսան`չէ, հնարավոր չի ապրել, թողին գնացին մարդիկ,- ասում են հարևաններն ու սրտնեղում,- որ անընդհատ ջուրը թափվի, էլ շենք կմնա՞, մի օր կքանդվի, չէ՞»:

Անմիջապես այս բնակարանից մեկ հարկ ներքև՝չորրորդ հարկում ապրող Սուսաննա Դերձյանը ցույց է տալիս նաև իր տունը, որտեղ ևս անձրևաջրերն անջնջելի հետք են թողել: Հյուրասենյակի առաստաղի կենտրոնի մեծ անցքն անմիջապես գրավում է ուշադրությունս: Զարմացական հայացքիս ի պատասխան` Սուսաննան ասում է. «Էդ անցքը ես եմ բացել, որ գոնե ջրերի շատն էդ անցքով թափվի, ամբողջ առաստաղով  չթափվի»:

Սուսաննան ապրում է 86-ամյա մոր հետ: Մայրը ստացիոնար բուժում ստանալուց հետո մի քանի օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից: Դուստրը, սակայն, մորն իր տուն բերել չի կարող:

«Բերեմ էս խոնավ տանն ի՞նչ անի: Շատ էլ թե կարոտում է, ասում է՝ իմ տունն եմ ուզում, բայց էստեղ ապրել կլինի՞: Անձրևաջուրն ու ձյունն անընդհատ հալվում-թափվում է:12 տարի է՝ էս շենքում ենք ու 12 տարի է ջրերը թափվում են, բայց վերջին երկու-երեք տարին ջրեհեղեղի պես է թափվում»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ այս տարվա փետրվարին դիմել է Վանաձորի քաղաքապետարանի բնակարանային տնտեսության ու համատիրությունների  բաժնի պետ Գրիշա Պառավյանին: Վերջինս, ասում է, իր հերթին այս մասին տեղեկացրել է շենքը սպասարկող «Փյունիկ» համատիրության նախագահին:

«Պառավյանը զանգահարել է մեր համատիրության նախագահին, ասել՝ Սաքոյան, գնացեք, նայեք: Ես էլ խնդրել եմ, ասել՝ Սաքոյան ջան, արի գոնե մասնակի նորոգի: Ասում ա՝ մասնակին իրան չի արդարացնում,- պատմում է Սուսաննան ու բորբոքվում,- դե մասնակին իրան չի արդարացնում, հիմանական էլ չես կառուցում: Բա մենք ի՞նչ անենք, փախչենք գնա՞նք: 5-րդ հարկի ապրողը տեսաք, փախել գնացել ա: Մենք էլ փախչե՞նք»:

«Մի քանի տարի առաջ որ անեին, մասնակին կարդարացներ, բայց հիմա պարզ  է, որ չի արդարացնի»,- նկատում է Լուսինե Աղաբաբյանը:

Երկար տարիներ շենքում բնակվողները դժգոհում են՝ համատիրությունը շենքում հիմնավոր աշխատանքներ չի կատարում, բավարարվում է շքամուտքի դուռ ներկելով ու մանր-մունր նորոգումներով:

«Տարիներ առաջ բնակիչներով գումար ենք հավաքել, ջրհորդանի խողովակը փոխել, տանիքի մի մասի համար տոլ առել, ծածկել,- պատմում է տիկին Սուսաննան ու հիշում համատիրության արած-չարածը,- շքամուտքի դուռն են ներկել, մի անգամ էլ կոյուղին էր խցանվել, բացել են: Իսկ ձմռանը, երբ հերթական ձնհալից հետո մեր շենքում ջրհեղեղ էր, համատիրությանը խնդրել եմ, ասել՝ դե որ չեք սարքում, խնդրում եմ գոնե բանվոր ուղարկեք, գումար կտանք, գոնե տանիքի ձյունը մաքրեք: Չեկան, չօգնեցին»:

Վերջին տարիներին շենքի բնակիչների գերակշիռ մասը դադարել է սպասարկման վարձ վճարել համատիրությանը:

«Եթե պիտի բնակվարձերը հավաքեն ու էլի մենք գումար հավաքենք, որ շենքի համար մի բան անենք, դա խելքին մոտ է՞: Ինչի՞ համար ենք վճարում էդ վճարները, ինչի՞ վրա է գնում, եթե բնակիչներով նորից պիտի փող հավաքեն, էն դեպքում, երբ մարդիկ հազիվ իրենց հացի փողն են փորձում հայթայթեն»,- դժգոհում է Լ. Աղաբաբյանը:

Շենքի շահագործումից՝ 1994թ. մինչ օրս այստեղ բնակվող Լիանա Մարությանն ասում է՝ տասը տարի է, որևէ վճարում չի կատարում համատիրությանը:

«Հենց շենքի տանիքի խնդրի մասին ասում ենք, ասում են՝ էս բնակիչը չի մուծում, մյուսը չի մուծում: Ինչքա՞ն կարելի է ասել՝ գործ չեք անում, դրա համար էլ չենք մուծում»,- ասում է Լ. Մարությանը:

Վերջին տարիներին շենքի 15 ընտանիքներից 5-ը տարբեր պատճառներով հեռացել է շենքից: Բնակիչները հեռանալու հարցում նաև շենքի անմխիթար վիճակի գործոնն են մատնանշում: 2014թ.-ից «Փյունիկ» համատիրության նախագահի պաշտոնն զբաղեցնում է Պարույր Սաքոյանը: Վերջինս համատիրության անգործությանը վերաբերող բնակիչների մեղադրանքների հետ համաձայն չէ:

«Գործ արվում է: Շքամոտքի դուռը կա, ապակիները գցվում ա: Տված գումարից ու չափից մի բան էլ ավել ա համատիրությունը գործ արել»,- նշում է նա:

Վերջինս էլ  իր հերթին դժգոհում է բնակիչների չվճարելուց: «Էդ շենքը մուծումներ չի անում համատիրությանը. 1-2 հոգի են անում, ընդհանուր 570.000 դրամի պարտք ունի շենքը: Բոլոր բնակիչների կողմից պարտաճանաչ վճարելու դեպքում տարեկան մուտքն այդ շենքից կկազմեր 135.000 դրամ»,- ասում է համատիրության նախագահը` մատնանշելով սակայն, որ նույնիսկ այդ դեպքում համատիրությունը չէր կարող լուծել շենքի տանիքի հիմնախնդիրը:

Օրեր առաջ բնակիչների հերթական ահազանգից հետո քաղաքապետարանի ու համատիրության աշխատակիցները կրկին անդրադարձել են թիվ 50 շենքի տանիքի խնդրին, տեղում ծանոթացել առկա վիճակին:

«Մոտ 9-11 մլն դրամի ծախս է պահանջում, եթե տանիքն ամբողջությամբ թիթեղապատվի,- ասում է համատիրության նախագահ Պ. Սաքոյանն ու հույս հայտնում,- նոր քաղաքապետ ունենք, կարող է օգնի, միջնորդի, ինչ-որ գումարներ հայթայթվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter