HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անձը ճշտելու համար Ազատության հրապարակից տեղափոխեցինք ոստիկանության բաժին»․ վկա

Ամալյա Մարգարյան

Լրագրողներն ընդդեմ ոստիկանության աշխատակիցների դատական նիստի ընթացքում, վկա՝ ոստիկանության աշխատակից Լևոն Սադաֆյանն իր վկայության մեջ նշեց, որ տուժող Խաչատուր Եսայանին բերման են ենթարկել, քանի որ նա չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցներին և Բաղրամյան պողոտայից «փախել» է Ազատության հրապարակ։ Վկան չի տեսել, որ լրագրողի ձեռքին տեսախցիկ կա, չի նկատել նաև լրագրողական բեյջը։

Դատախազի այն հարցին, թե քանի մարու է ինքը բերման ենթարկել, վկան պատասխանեց՝ «երևի մեկ»։

Իր ցուցմունքի մեջ Սադաֆյանը նշեց նաև, որ «ձևի համար չեն բերման ենթարկել, զանգվածային անկարգություններ էին անում և անձնագրային տվյալներ ճշտելու համար են հրավիրում բաժին»։

«Հրավիրում են, բայց ոչ բերման ենթարկում»,-միջամտեց դատախազը։

Վկան նշեց նաև, որ ձեռնաշղթա չի կիրառվել, իսկ չենթարկվելու դեպքում կկիրառվեր հարկադրանք, բայց իրենք «հրավիրել» են բաժին․«Մտանք թևերը, ինքը մեզ հետ եկավ»։

Դատարան ներկայացած երեք վկաներից որևէ մեկը տեղյակ չի եղել և չի հարցրել, թե ինչու՞ են բերման ենթարկում քաղաքացիներին, իրենք միայն կատարել են իրենց գնդի հրամանատարի հրամանը։

 Տուժող «Ուտոպիանա» ՀԿ-ի և ACTV առցանց հեռուստաընկերության լրագրող  Աշոտ Բոյաջյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում կատարել զանգվածային անկարգություն, ինչ են հասկանում դա ասելով։ 

Դատավոր Արշակ Վարդանյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք հասարակական կարգը խախտելը և զանգվածայաին անկարգությւնները իրարից տարբերակում է վկան։

Ոստիկանության աշխատակից վկան ասաց, որ ցուցարարները փակել էին Բաղրամյան փողոցը, աղբամաններն էին շարել մեջտեղում, երթևեկությունն էին խափանել։ Ավելացրեց նաև, որ իրեր էին շպրտում ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։

Վկան ասաց, որ ցուցարարների և զանգվածային անկարգություններ կատարողի նկատմամբ բերման ենթարկելու հրահանգ է տրված եղել, որ բոլորին տեղափոխեն, իսկ թե ով է տվել այդ հրահանգը, ոստիկանը պատասխանեց․«Ինձ կոնկրետ ոչ մեկը հրաման չի տվել, քանի որ ես եղել եմ ոստիակության շղթայի մեջ, սաղավարտը եղել է գլխիս և չեմ լսել ՝ով էր հրաման տալիս»։ Վկան հետո ավելացրեց, որ ինքը միայն ենթարկվել է իր վաշտի հրամանատարին։

Այսօրվա դատական նիստին ներկայացած վկա Հակոբ Մկրտչայնը, ով ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ է, նշեց, որ ճանաչում է տուժող Հայկ Բադալյանին, տեսել է նաև նրա մոտ եղած ֆոտոխցիկն ու լրագրողական բեյջը, լսել է կողքից հնչեցվող ձայները՝ «լրագրող է մի տարեք»։ Հ․ Մկրտչյանն անձամբ չի լսել տուժողի հնչեցրած հայհոյանքներն՝ ուղղված ոստիականության աշխատակիցներին, բայց հավատացել է ծառայակից ընկերների ասածին։ Նախորդ դատական նիստի ընթացքում տուժող Հայկ Բադալյանը նույնպես նշել էր, որ իր նկատմամբ բռնություն չի կիրառվել, միայն տեղափոխել են ոստիկանության բաժին։

Այսօրվա դատական նիստին ներկայացած մյուս վկան ՝ Սամվել Սարուխանյանն էլ պատմեց, որ չի ճանաչում ո՛չ տուժողներին, ո՛չ էլ ամբաստանյալներից որևէ մեկին։ Նախկին ոստիկանը, ով  հուլիսի 22-ին ներկա է եղել Բաղրամյան փողոցում ընթացող ցույցերին, չի հիշում այն անձի դեմքը որին բերման է ենթարկել դեպի ոստիկանական մեքենա, պատճառը խառնաշփոթն է։ Վկան չէր լսել նաև ոստիականության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի անունը, չէր մտաբերում, թե բացի իր վաշտի հրամանատարից, ով է ներկա եղել Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ընթացող ցույցին։

Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին, կհարցաքննվեն  գործով մյուս վկաները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter