
Վանաձորի մանկապարտեզների տնօրենները շռայլումներ են թույլ տվել սննդամթերքի ձեռք բերման ու հավելյալ հաստիքներ պահելու հաշվին
Գայանե Սարգսյան
Վանաձորի մանկապարտեզները միևնույն ժամանակաշրջանում նույն սննդամթերքը և գյուղմթերքը միևնույն մատակարարից միևնույն սննդատեսակը գնել են էականորեն տարբեր գներով: Սա արձանագրել է Վերահսկիչ պալատը այս տարվա մարտ-սեպտեմբեր ամիսներին Վանաձորի մանկապարտեզներում անցկացված ստուգումների արդյունքում: (Ստուգման է ենթարկվել մանկապարտեզների 2015թ.-ի և 2016թ.-ի հունվար-սեպտեմբերի գործունեությունը):
Որպես ասվածի ապացույց Վերահսկիչ պալատը ներկայացրել է ամենօրյա օգտագործման մի քանի սննդատեսակի ցանկն ու մատակարարման արժեքը՝ ըստ մանկապարտեզների:
Ըստ այդմ, «Արամ Սերվիզ» ՍՊԸ-ի կողմից մատակարարված 1-ին կարգի տավարի միսն օրինակ Վանաձորի թիվ 2 մանկապարտեզը գնել է 1 կգ-ը 3 000, թիվ 19-ը՝ 3 100, թիվ 41-ը՝ 3200 դրամով:
Հավի կրծքամիսը մանկապարտեզները գնել են մեկ կգ-ը 2100-2600 դրամով: Թիվ 2 մանկապարտեզն օրինակ, 1 կգ-ի համար վճարել է 2600, իսկ թիվ 15-ը՝ 2100 դրամ:
Ձվի դեպքում ևս գնի էական տատանում է արձանագրվել. ամենացածր գինը՝ մեկ հատի համար 70 դրամ վճարել է թիվ 35 մանկապարտեզը, ամենաբարձրը՝ 90 դրամ՝ թիվ 41-ը:
Մեկ կգ չամիչի համար թիվ 35 մանկապարտեզը վճարել է 1500 դրամ, իսկ թիվ 2-ն օրինակ, 1800 դրամ:
Մեկ լիտր կաթը մանկապարտեզները գնել են 330-ից 470 դրամով: Ամենացածր գինը վճարել է թիվ 35, ամենաբարձրը՝ թիվ 41 մանկապարտեզը:
Մածունի դեպքում ևս ամենացածր գինը վճարողներից է թիվ 35 մանկապարտեզը՝ 1 լիտրի համար 360 դրամ: Առավել բարձր գին՝ 1 լիտրի համար 450 դրամ, վճարել են թիվ 24, 41մանկապարտեզները:
Կարագի մեկ կգ-ը մանկապարտեզները գնել են մինչև 500 դրամի տարբերությամբ: Թիվ 35 մանկապարտեզն այն գնել է 2800, թիվ 24-ը՝ 3500 դրամով:
Հալած յուղի դեպքում ևս 400 դրամի չափով տարբերվել է 1 կգ-ի արժեքը:
Որոշ սննդատեսակների, ինչպես օրինակ հնդկաձավարի դեպքում գները ոչ միայն էականորեն տարբերվել են, այլև որոշ դեպքերում նույնիսկ նշանակալի բարձր են եղել շուկայականից:
Մեկ կգ հնդակաձավարը «Արամ Սերվիզ» ՍՊԸ-ն մանկապարտեզներից մի քանիսին մատակարարել է 1 կգ-ը 650, որոշներին՝ 900 դրամով:
Ոսպի 1 կգ-ի արժեքը տատանվել է 720-ից 1000 դրամի սահմաններում:
Ալյուրի և շաքարավազի դեպքում ևս գնային տարօրինակ տատանումներ են արձանագրվել: Մեկ կգ շաքարավազը թիվ 35 մանկապարտեզը գնել է 380, թիվ 24-ը՝ 540 դրամով: Եվ սա այն դեպքում, երբ մանրածախ առևտրով զբաղվող մթերային խանութներում շաքարավազի 1 կգ-ի արժեքը 390 դրամ է:
Ալյուրի դեպքում ևս ամենացածր գին վճարողը թիվ 35 մանկապարտեզն է՝ 1 կգ-ի համար 250 դրամ: Թիվ 19-ը այն գնել է կգ-ը 350 դրամով:
Վանաձորի մանկապարտեզները սննդամթերքի ձեռք բերման գործընթացքում շռայել են համայնքային միջոցները: Սրա վկայությունը ստուգման ավարտին վերահսկիչ պալատի եզրակացությունն է. «Մրցույթների մասնակիցների գնային առաջարկների նկատմամբ միասնականություն ցուցաբերելու դեպքում կարող էին տնտեսել միջոցները»: Ինչը, սակայն, չի արվել:
Նույն ապրանքը տարբեր գնով ձեռք բերելու հարցում Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնի պետ Գոռ Բադյանի կարծիքով կա ինչպես համայնքապետարանի, այնպես էլ մանկապարտեզների տնօրենների մեղքի բաժինը:
«Նրբություններ կան, որ սխալը մերն է եղել մեծ հաշվով, այսինքն՝ համայնքապետարանինը և համայնքապետարանի ենթակայության հիմնարկներինը: Հիմա մենք փորձում ենք այդ սխալը շտկել»,- օրեր առաջ տեղական «Ֆորտունա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է բաժնի պետը:
Ի դեպ, Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է նաև մանկապարտեզների տարիֆիկացիայով հաստատված երեխաների թիվն ու հաստիքային միավորները, ինչի արդյունքում պարզվել է, որ համայնքի 20 մանկապարտեզներից 12-ում առկա է փոխտնօրենի հաստիք, ինչը հակասում է Կրթության և գիտության նախարարի «ՀՀ պետական և համայնքային ՆՈՒՀ-երի օրինակելի հաստիքացուցակի, խմբերի խտության և նորմատիվները» հաստատելու մասին 26.01.2007թ. թիվ 29-Ն հրամանին:
Ըստ այդ հրամանի 2-3 խումբ ունեցող մանկապարտեզները չեն կարող ունենալ փոխտնօրենի հաստիք: 4 և ավելի խումբ ունենալու դեպքում փոխտնօրենի հաստիքը կարող է լինել 0.5, 5-9 խումբ ունենալու դեպքում՝ 1 և 10-12 խումբ ունենալու դեպքում՝ 1.25 դրույքաչափով:
Փոխտնօրեններ պահելու հետ կապված շռայլումներ են թույլ տվել Վանաձորի թիվ 2, 5, 8, 11, 15, 19, 24, 30, 31, 33, 35, 41 մանկապարտեզները: ԿԳ նախարարի թիվ 29-Ն հրամանին հակասող բուժքրոջ, օժանդակ բանվորի, դաստիարակի օգնականի, տնտեսվարի, հոգեբանի, մեթոդիստի, դաստիարակի, երաժշտական մասի դաստիրակի հավելյալ դրույքաչափով հաստիքներ են հայտնաբերվել քաղաքի տարբեր մանկապարտեզներում:
Ընդհանուր առմամբ վերահսկիչ պալատը Վանաձորի մանկապարտեզներում աձանագրել է 44,8 դրույքի ավելցուկ, որը հակասում է վերը նշված հրամանին: Ընդ որում, այս կամ այն չափով ավելցուկ արձանագրվել է համայնքի բոլոր մանկապարտեզներում: Եվ հետևաբար, աշխատավարձի տեսքով գումարների շռայլում ու վատնում թույլ են տվել համայնքապատկան բոլոր մանկապարտեզները:Թե որքան է կազմել հավելյալ հաստիքների համար ծախսված գումարը, Վերահսկիչ պալատն իր հաշվետվությունում անդրադարձ չի կատարել:
Մեկնաբանել