HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Բնապահպանական խնդիրները գերմանական մամուլում. Լրագրողներն այստեղ քաղաքականություն են թելադրում

սկիզբը

Գերմանական մամուլում բավականին ակտուալ են բնապահպանական թեմաները: Հայտնի է, որ Գերմանիան ունի շրջակա միջավայրի պահպանության առաջատար մոդելներից մեկն աշխարհում: Դժվար է տարանջատել, թե այդ մոդելի ստեղծման ու զարգացման ընթացքում որքան է եղել քաղաքական գործիչների, որքան՝ քաղաքացիական հասարակության, եւ որքան՝ մամուլի դերը:

Մեկ բան ակնհայտ է. մամուլը Գերմանիայում կարողանում է իրողություն ստեղծել, թելադրել օրակարգ: Շրջակա միջավայրի խնդիրների լուսաբանումը Գերմանիայում իրականացվում է բարձր մակարդակով եւ խորքային մոտեցմամբ: Բազմաթիվ լրատվամիջոցներ ունեն հատուկ հավելվածներ, նախագծեր, որոնք եւ իրազեկող բնույթ ունեն, եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը քարոզելու նպատակ:

Լրագրողներն իրենք հաճախ ակցիաներ են նախաձեռնում: «Taz» էկոլոգիական հանդեսի աշխատակիցները շաբաթվա մեկ օրը հրաժարվում են մսից եւ կենդանական սննդից:

Օրինակ «Դոյչե Վելե» հեռուստաընկերությունն իր լսարանին է ներկայացնում կենցաղում ռեսուրսները խնայողությամբ օգտագործելու այլընտրանքային մոտեցումների մասին նախագիծ: Մեկ այլ հրատարակչություն լույս է ընծայում «Fleschatlas», «Boden Atlas», «Coal Atlas» հավելվածները, որոնք համապատասխանաբար մսի, հողի եւ քարածխի մասին են: Օրինակ «Fleschatlas»-ը գրում է, թե որ երկրում կենդանիներին ինչպիսի կերով են սնում, ինչպիսի հակաբիոտիկներով, որտեղի միսը որքանով է համապատասխանում եվրոպական չափանիշներին:

«Der Tegespiegel»-ը, հիմնադրված 1946 թվականին, առաջին պարբերականն է, որ երեք սոցիալիստական օկուպացիոն ռեժիմների կողմից էլ ստացել է հրատարակվելու թույլտվություն: Այսօր «Der Tegespiegel»-ի տպաքանակը 160 հազար է: Հանդեսի բնապահպանական բաժնի պատասխանատու Դագմար Դեմլերը Լեյպցիգի «Մոլդովա-Ինստիտուտի» աշնանային ակադեմիայի մասնակիցներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչպես եղավ, որ գերմանական մամուլը սկսեց հատուկ ուշադրություն ցուցաբերել էկոլոգիական խնդիրների վրա, ասում է.«Դա 1970-ական թվականներին էր: Գետերի աղտոտումը, անտառահատումները, ջրային կենդանիների անկումը առիթ դարձան, որպեսզի ձեւավորվեն բնապահպանական շարժումներ, որոնցից մեկը դարձավ կուսակցություն»:

Բանախոսը ներկայումս հետաքննում է գերմանական նավերով հին էլեկտրոնիկայի տեղափոխումը Արեւմտյան Աֆրիկա: Խոսքը կոնտրաբանդայի մասին է: Ընկերությունները մեծ գումարներ են ստանում աղբը օրենքով եւ եվրոպական չափանիշներով վերամշակելու կամ ոչնչացնելու նպատակով, սակայն քիչ ծախսերով՝ հին էլեկտրոնիկան տեղափոխում են աֆրիկյան երկրներ՝ այնտեղ այրելու միջոցով ոչնչացնելու նպատակով:

Գերմանիայում չափազանց խիստ են վերաբերվում ածխահանքարյունաբերությանը, ինչպես նաեւ ատոմային էներգիայի արտադրությանը: Այստեղ էլեկտրաէներգիայի 1/3-րդն արդեն ստացվում է վերականգնվող էներգիայի աղբյուրներից:

Ինչպես գրել շրջակա խնդիրների մասին մասին

Պրոֆեսոր Տորստեն Շաֆերը Դարմշտադտ քաղաքից է: Նա ասում է, որ կլիմայի փոփոխության մասին գրելը դժվար է, որովհետեւ հասարակությունը կլիմայի փոփոխության հետեւանքներն առանձնապես չի զգում: Այդ պատճառով, պրոֆեսոր Շաֆերը խորհուրդ է տալիս թեման բացել, մասնավորեցնել, որպեսզի հասարակությունը շատ հստակ պատկերացնի, թե ինչի մասին է խոսքը: «Պետք է կարողանալ փոխել հանրային պատկերացումները: Մարդկանց համոզելու համար՝ պետք է գտնել կոնկրետ պատմություններ: Պետք է հաշվի առնել, որ մարդկանց հետաքրքրում է մեկ բան՝ այլ մարդկանց կյանքը: Հակառակ դեպքում դժվար կլին հասարակությանը համոզել, որ 100 տարվա ընթացքում 3 աստիճանով ջերմաստիճանի փոփոխությունը վտանգավոր է»:

Գերմանացի լրագրողները վստահելի գործընկեր ունեն՝ հանձին Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության գործակալության: Այս կառույցի տարեկան բյուջեն 132 միլիոն եվրո է: Գործակալությունն իրականացնում է դիտարկումներ եւ ստացված տեղեկատվությունը թափանցիկության սկզբունքով հրապարակում կայքում, պաշտոնական տեղեկագրերում, անհրաժեշտության դեպքում՝ տրամադրում լրատվամիջոցներին:

Դոկտոր Յորգ Ռեքենբերգը լրագրողներին վստահեցնում է, որ գործակալությունը, չնայած նախարարության ենթակայության կառույց է, քաղաքականապես բացարձակ անկախ է: «Այստեղ որեւէ մեկը չի կարող իրեն իրավունք վերապահել տեղեկատվությունը թաքցնելու: Նախարարությունում էլ են հստակ հասկանում, որ հանրային շահից բխող տեղեկատվությունը թաքցնելը պատժվում է Գերմանիայի օրենքներով ու միջազգային կոնվենցիաներով»,-ասում է Ռեքենբերգը:

Նա պատմում է, որ 1991-2015 թվականներին Գերմանիայում 2 անգամ նվազել է արդյունաբերության մեջ ջրի օգտագործումը: Սրան հաջողվել է հասնել ջրային ռեսուրսների խնայողության նպատակով իրականացված կոնկրետ քաղաքականության արդյունքում: Յորգ Ռեքենբերգն ասում է, որ իր երկրում ստորգետնյա ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանման խիստ օրենքներ են գործում: Գերմանիայի գյուղատնտեսական շրջաններում արգելվում է որոշ թունաքիմիկատների կիրառումը, որպեսզի ջրային պաշարների քիմիական կազմը չտուժի:

Հասկանալու համար, թե ինչ է նշանակում գերմանական մոտեցում շրջակա միջավայրին, պետք է տեսնել գործակալության շենքը, որը գտնվում է Բեռլինից մոտ 150 կմ հեռավորության վրա գտնվող Դեասու-Ռոսլաու քաղաքում: Այն նման է բացօթյա փակ պարտեզի, որի օդափոխության եւ ջեռուցման համակարգերն իրականացվում են նվազագույն ծախսերով: Ճարտարապետների եւ ինժեներների խումբը 65 միլիոն եվրո արժեցած այս կառույցում կիրառել է նորագույն մոտեցումներ:

Հարեւանությամբ կառուցվում է գործակալության նոր մասնաշենքը, որը գրասենյակային տարածք լինելուց բացի՝ նաեւ էլեկտրաէներգիա է արտադրելու: Ընդ որում՝ կարտադրվի մի քանի անգամ ավելի շատ էներգիա, քան անհրաժեշտ կլինի աշխատակազմի գործունեության համար: Հատուկ սարքավորումների միջոցով էլեկտրաէներգիա է ստացվելու երկրակեղեւից 25 մետր խորությամբ տեղադրված սարքավորումների միջոցով: Օգտագործվելու է հենց մոլորակի մագնիսական դաշտը:

«Գերմանացիները հրեշտակներ չեն»

ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների լրագրողները «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչ Յասպեր Հայնցեին հարցնում են, թե ինչու գերմանական ընկերությունները, իրենց երկրում հետեւելով օրենքի տառին, այլ երկրներում իրականացնում են ծրագրեր, որոնք մեծ վնաս են պատճառում շրջակա միջավայրին: Յասպերն ասում է. «Չզարմանաք, բայց գերմանացիները սրբեր չեն: Նրանք անում են այն, ինչ նրանց թույլատրվում է: Այն, ինչ անում են օրինակ Ռումինիայում՝ անտառների հատումներ, չեն կարող անել Գերմանիայում, որովհետեւ այստեղ դա նրանց չեն թույլատրի: Դա կհանգեցնի դատական պրոցեսների: Գերմանիան համարվոմ է ամենախիստ օրենքներով երկրներից մեկը: Եթե այստեղ օրենքով չշարժվես, ապա ավելի շուտ կսկսես խնդիրներ ունենալ, քան այլ երկրներում: Ես գտնում եմ, որ տվյալ երկիրը պետք է ճնշում գործադրի մեր ընկերությունների վրա, որպեսզի նրանք շարժվեն ընդունված ստանդարտներով: Կեղծիքների բացառումը պետք է լինի տվյալ երկրի իշխանությունների ջանքերով»:

Լուսանկարները՝ հեղինակի

կարդացեք նաեւ