HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բա սա բնության պահպանությամբ մտահոգվողի հոգեբանություն ու վերաբերմո՞ւնք է»

Ի պատասխան` «Բնապահպանները դատապարտում են եւ պահանջում Ազգային ժողովի նիստի օրակարգից հանել նախագիծը» հրապարակմանը ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության (այսուհետև՝ ԲՆ ՄԾ) արձագանքին.

Հաշվի առնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 1995 թվականին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հույժ կարևորությունը իրավական կարգավորման առումով՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության առողջության, բնության, շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության համար, ես ինքս կրկին միանում եմ բնապահպանների ահազանգին և խնդրում բոլոր նրանց, ովքեր կարող են ազդեցություն ունենալ գործող օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը Ազգային Ժողովից ետ կանչելու հարցում՝ միանան բնապահպաններին:

Վերստին նկատի ունենալով օրենքի կարևորությունը՝ չեմ կարծում, որ նպատակահարմար է նոր նախագիծն այսպես հոտընկայս քննարկելն ու դրանում առաջարկություններ ներկայացնելը, բայց մեկ-երկու դիտողություն, այնուամենայնիվ ստիպված եմ ներկայացնել, որպեսզի անգամ ոչ-մասնագետ անձանց համար նկատելի լինի, թե որքան անհաս (խակ) է Ազգային ժողով ներկայացված նախագիծը:

Չհաշված՝ օրինագիծը Ազգային ժողով հասցնելու գործընթացն ամբողջությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին հակառակ իրականացված լինելը, ինչին կանդրադառնամ վերջում:

Նախագծի 1-ին և 2-րդ հոդվածների համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից արված են որոշակի փոփոխություններ գործող Օրենքի 1-ին և 4-րդ հոդվածներում:

Ինչը նշանակում է, որ գործող Օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածները մնացել են այնպես, ինչպես որ կային: Այսինքն՝ օրենքի նպատակը, սկզբունքներն ու խնդիրները մնացել են նույնը:

Այդ դեպքում ես ընդամենը մեկ, մեղմ ասած, ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ կներկայացնեմ, որը կարծում եմ, պիտի որ հետաքրքրի բոլորին:

Գործող օրենքն ընդունված է եղել հաշվի առնելով ներկա և ապագա սերունդների յուրաքանչյուր անձի, մարդու՝ «իր առողջությանը և բարեկեցությանը նպաuտող շրջակա միջավայրում»’ ապրելու սահմանադրական իրավունքը: Այդ իրավունքից ելնելով գործող օրենքը, որպես շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (այսուհետ՝ ՇՄԱՓ) հիմնական նպատակ, սահմանել է՝ 1-ին հերթին՝ մարդու առողջության վրա նախատեսվող գործունեության կամ հայեցակարգի վնասակար ազդեցության կանխորոշումը, կանխարգելումը կամ նվազագույնի հասցնումը:

Ցավոք սրտի, այս հիմնական նպատակին ուղղված փորձաքննության և գնահատման (մարդու առողջության վրա վնասակար ազդեցության կանխորոշման, կանխարգելման կամ նվազագույնի հասցման) մեխանիզմին վերաբերող դրույթ գործող օրենքում չկար: «Առաջացրել էր նոր իրողություններին համապատասխանեցնելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժետություն»,- ասում է ԲՆ ՄԾ-ն:

Անշուշտ առաջացել են, այն էլ՝ ինչքան:

Ամեն օր և ամեն տեղ հատվում են ծառեր, ոչնչացվում են մասսայական կանաչ տարածքներ, հոշոտվում է մեր երկրի ընդերքը, թունավորվում է ամբողջ Սևանն ու նրա ողջ ջրհավաք ավազանը, ամենուր բացում ենք ուրանի հրեշավոր երախը և ուղղում անպաշտպան մարդկային կյանքերի վրա:

Ես ինքս արդեն մի քանի տարի է փորձում եմ պարզել, որևէ տնտեսական գործունեություն ծավալելիս, արվե՞լ է արդյոք նախնական փորձաքննություն՝ մարդու առողջության վրա դրա հնարավոր ուղղակի և անուղղակի վնասակար ազդեցության կանխորոշման, կանխարգելման կամ նվազագույնի հասցման նպատակով: Ավաա˜աղ:

Հարցումներն ուղարկել եմ ամենուր և գրեթե՝ ամենքին. - ՀՀ վարչապետին, առողջապահության, բնապահպանության, քաղաքաշինության նախարարներին, Երևանի քաղաքապետ(եր)ին, տեղակալներին, Հանրային Խորհրդին: Պարզաբանում ստանալու նպատակով, իմ խնդրանքով այդ նույն անձանց այդ նույն հարցումն արել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ, առանձին ՀԿ-ներ:

Վերադաս մարմինները, սովորության համաձայն, ստացած հարցում-գրությունները վերահասցեագրել են բնապահպանության նախարարությանը:

Առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ ՇՄԱՓ լիազոր մարմինը ՀՀ-ում՝ բնապահպանության նախարարությունն է: Վերջինս էլ՝ ընդհանրապես չի արձագանքել այդ հարցին:

Եվ այս հիմնական նպատակին նոր նախագիծը ոչ միայն չի անդրադարձել խորությամբ, այլև ընդհանրապես հանել է իր հասկացությունների շարքից:

Մինչ այս հարցին կրկին անդրադառնալը, ստիպված եմ շեղվել դրանից, և նշել, որ նախարարությունը (համենայն դեպս՝ ԲՆ ՄԾ-ն) նույնիսկ չի տարբերում «հասկացություն»-ը «հասկացողություն»-ից:

Բառացի մեջբերում եմ ԲՆ ՄԾ-ի արձագանքից մի հատված. «...Օրենքը մոտեցվել է միջազգային չափանիշներին, մասնավորապես, ներառվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և շրջակա միջավայրի վրա ռազմավարական էկոլոգիական գնահատում հասկացողությունները…»:

«Հասկացողություն»-ը հնարավոր չի ներառել օրենքում: Դա՝ հասկանալու՝ ըմբռնելու կարողություն է: Դա մարդու գլխում է լինում (կամ՝ չի լինում): Եվ ցանկալի է, որ այն լինի օրենքներ, օրինագծեր, որոշումներ գրող-ընդունողների գլխում:

Օրենքում սահմանվում են «հասկացություն»-ները:

Ցավոք՝ նոր օրինագիծն էլ չի անդրադարձել «մարդու առողջության վրա (վնասակար) ազդեցության փորձաքննություն» և «մարդու առողջության վրա (վնասակար) ազդեցության գնահատում» ՀԱՍԿԱՑՈւԹՅՈւՆ-ներին:

Հերիք չի՝ չի անդրադարձել, դեռ մի բան էլ վատացրել է գործող իրավիճակը: Որովհետև Նախագծում սահմանված է «Ազդեցություն» հասկացությունը, և այս հասկացությունից իսպառ դուրս է մղված ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ-ներից մեկը, այն է՝ ազդեցությունը մարդու և մարդու առողջության վրա:

Ինքներդ նայեք, և տեսեք, որ մարդն անտեսված է նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով սահմանված 13-րդ հասկացությունում.«13. Ազդեցություն - հայեցակարգի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետեւանքով շրջակա միջավայրի (մթնոլորտ, ջրային ռեսուրս, հող, ընդերք, լանդշաֆտ, կենդանական ու բուսական աշխարհ, ներառյալ՝ անտառներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնակավայրերի կանաչ տարածքներ, կառույցներ, պատմության եւ մշակույթի հուշարձաններ) վրա ցանկացած ազդեցություն»:

Հարգելի Բն ՄԾ՝ - բա ո՞ւր մնացին «միջազգային չափանիշները», չէ որ՝կոնկրետ Էսպոյի Կոնվենցիայի համաձայն՝ «ազդեցությունը»՝ դա պլանավորված գործունեության հետևանքն է շրջակա միջավայրի վրա, ներառյալ՝ մարդկային առողջությունը:

Մեկ այլ միջազգային չափանիշ էլ՝ կոնկրետ Օրհուսի կոնվենցիան, պահանջում է, որ՝ շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվություն պարունակող քաղաքականությունը, վարչական միջոցառումները, պլանները, ծրագրերը, օրենսդրությունը և այլն դիտարկվեն որպես «բնապահպանական տեղեկատվություն» (տես՝ Կոնվենցիայի Հոդված 2, կետ 3 «բ» ենթակետ) պարունակող, և որպես այդպիսին ենթակա լինեն Օրհուսի կոնվենցիայով նախատեսված պարտադիր գործընթացներին:

Դեռևս չեմ ուզում խոսել Օրհուսի կոնվենցիայով պահանջվող վեճեր լուծող անկախ, անաչառ, ԱՆՎՃԱՐ (ոչ-դատական) համակարգի ստեղծման մասին: Ինչը հենց կոնվենցիայի վերնագրից էլ երևում է, որ 3-րդ կարևոր պարտավորությունն է, և, որը ստանձնել է Հայաստանը դեռևս 2001 թվականից: Սա մեր երկրի պայմաններում, հավանաբար՝ ֆանտաստիկայի ոլորտից է: ՉՆԱՅԱԾ՝ ստանձնել ենք:

Ես հիմա ուզում եմ խոսել բնապահպանական տեղեկատվություն պարունակող որոշումների ընդունմանը հանրության մասնակցության (Օրհուսի Կոնվենցիայի 2-րդ կարևոր դրույթ) և, մասնավորապես, ՆԱԽԱԳԾ-ում միջազգային չափանիշներով, օրենսդրորեն կարգավորված հանրային լսումների անցկացման ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳ-ի բացակայության մասին:

Սա այն մեխանիզմն է, որով հանրությունը, ելնելով շրջակա միջավայրի պահպանության ու պաշտպանության շահերից (և ոչ թե՝ բիզնեսի), կարող է մանրամասն նախ տեղեկանալ և հենց նախնական փուլում իր կարծիքը հայտնել նախատեսվող գործունեության (ոչ՝ իրավական ակտի) հնարավոր ուղղակի և անուղղակի ազդեցության վերաբերյալ:

Ցավոք այդ կարգը չկար նաև գործող օրենքում կամ նրանից բխող իրավական ակտերում: Թեև, այդ հարցը ևս ժամանակին բարձրացվել է: Օրենքի ընդունումից անցել է 16 տարի, սակայն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված փաստաթուղթն առ այսօր ՀՀ կառավարության կողմից ընդունված չէ:

Նոր Նախագիծը ևս չի անդրադարձել այդ կարևոր հարցին և չի սահմանել արարողակարգը:

Դեռ ավելի վատ՝ ներառել է այնպիսի դրույթներ, որոնք ոչ մի դեպքում չեն կարող կռվան հանդիսանալ հասարակական լսում պահանջողների համար: Ահա՝ օրինակ.

«Լրացուցիչ տեղեկատվության տրամադրման և հասարակայնությունից կարծիքներ ստանալու նպատակով ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը և ձեռնարկողը կարողեն անցկացնելհասարակականլսումևտրամադրելխորհրդատվություն»:

Սա նշանակում է, որ հասարակական լսումը կարող է անցկացվել (կամ՝ չանցկացվել) որոշ անձանց ցանկությամբ: Կարող են անցկացնել, կարող են՝ ոչ:

Կամ՝ ինչ է նշանակում հետևյալ դրույթը.- «Հասարակայնության կողմից 7 օրվա ընթացքում ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարին կամ լիազորված մարմնին կարծիքներ չտրամադրելու դեպքում՝ հասարակայնության կարծիքը, իսկ ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարի կողմից 10 oրվա ընթացքում լիազորված մարմնին կարծիք չտրամադելու դեպքում՝ ազդեցության ենթարկվող համայնքի կարծիքը համարվում է դրական»:

Բա սա՝-բնության պահպանությամբ, մարդու առողջությամբ, պարտադիր պետական բնապահպանական փորձաքնության անցկացմամբ, վնասակար ազդեցության գնահատմամբ մտահոգվողի ու բնապահապանական օրենքների ու նորմերի պահանջների կատարումը պետականորեն վերահսկողի հոգեբանություն ու վերաբերմունք է...:

Եթե հասարակական լսումների արարողակարգը բացակայում է, եթե չկան պարտադիր պահանջներն այդ լսումները նախաձեռնողների, կազմակերպողների, անցկացնողների համար ու, եթե ժողովուրդն էլ իր առօրյա հոգսերի տակ կքած, ոչ ինտերնետ է մտնում, ոչ հեռուստացույց նայում, ոչ էլ ռադիո է լսում, ուրեմն կարելի է ... ինչ ուզել՝ անել: Էլ չեմ խոսում աղետի գոտու դոմիկներում ապրողների, կամ էլ ընդհանրապես՝ անտունների ու արտագաղթողների մասին: Նրանք, այսպես, թե այնպես՝ հասարակությունից դուրս են մնում: Բա որտե՞ղ է հենց բնության ու շրջակա միջավայրի համար մտահոգվող պետական Լիազոր մարմինը:

Հետաքրքիր ձևակերպում է պարունակում նաև նախագծի հետևյալ դրույթը. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանանաչառությունը եւ լիարժեքությունն ապահովելունպատակով լիազոր պետական մարմինը ձեռնարկողիցկարողէպահանջելնաեւ տվյալ գործունեությանը առնչվող փաստաթղթերեւտեղեկատվություն»:

Որևէ մեկը կարող է բացատրել, թե լրացուցիչ փաստաթղթերի եւ տեղեկատվության ստացումը ինչպե՞ս է ազդում ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈւՆ դրսևորելու վրա:

Հետաքրքիր է, որ ԲՆ ՄԾ-ն հայտարարում է, թե՝ - «Նախարարությունը շարունակում է ընդունել հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները»:

Հարգելի ԲՆ ՄԾ, նախարարության գնացքն արդեն գնացել է, և եթե Օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է գտնվում, հիմա արդեն լսումներ անցկացնելու իրավասությունն անցել է ԱԺ-ին:

Նախարարությունը, սահմանված օրենսդրական կարգին համապատասխան օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն պետք է ուղարկեր ողջ փաթեթով, ներառյալ օրենքի վերաբերյալ շահագրգիռ մարմիններից, կազմակերպություններից, անձանցից ստացած դիտողություններն ու առաջարկությունները: Եվ բացի այդ էլ, այդ բոլորի հիման վրա պետք է կազմած լիներ մեկ ամփոփաթերթ, որտեղ պետք է մեկ առ մեկ անդրադառնար արված բոլոր դիտողություններին ու առաջարկություններին, եվ մեկ առ մեկ նշեր թե դրանցից որն է ընդունել, և որը չի ընդունել: Ընդ որում՝ չընդունվածների համար պետք է ներկայացվեր հիմնավորված պատճառաբանություն:

Հիմա ի՞նչ, ուզում եք ասել, որ. - իմ այս հոդվածում արված դիտողությունների, կամ էլ՝ եթե ինձանից բացի էլի մարդիկ ու կազմակերպություններ տան իրենց դիտողություններն ու առաջարկությունները, դրանց համար Նախարարությունը պետք է առանձին ԱՄՓՈՓԱԹԵՐԹ կազմի ու ուղարկի Ազգային Ժողով:

Բայց, չէ՞ որ դա կլինի, հերթական անգամ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի և ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված Կարգի՝39, 46,49,52 և 65 կետերի պահանջների խախտում :

Իսկ արդեն արված խախտումների մասին ասեմ, որ այս վերջին 2 օրվա ընթացքում, ոչ նախարարության կայքում, ոչ էլ ՀՀ Ազգային Ժողովի օրենսդրական նախաձեռնությունների կայքում վիճահարույց Նախագիծը չի ներկայացված ինչպես որ հարկն է՝ ամբողջ փաթեթով:

Երկու կայքերում էլ Նախագծի փաթեթը /Հիմնավորումներով (հատկապես՝ օրինագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորումը), տեղեկանքներով, դրանից բխող ընդունման ենթակա այլ իրավական ակտերի ցանկով հանդերձ/՝ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ է: Այդ բացակայությունն ակնհայտ ցուցադրելու նպատակով, կարող ենք դիտարկման դնել հենց նախարարության կայքից վերցված հետևյալ պատկերը...»

«16 Մարտի, 2011թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նյութեր.

1. Օրենքի նախագիծ2. ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ3. ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ4. ՀԱՎԵԼՎԱԾ5. ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

07 Նոյեմբերի, 2011թ.

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆե ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Նյութեր.

1. Օրենքի նախագիծ

Առաջարկությունները և դիտողությունները ներկայացնել
ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Բնապահպանական փորձաքննություն›› ՊՈԱԿ-ի պետ Ա.Գևորգյանին»:

Կարո՞ղ է արդյոք ԲՆ ՄԾ-ն տալ բացատրություն, թե ինչո՞ւ 25.11.11թ. դրությամբ նախարարության կայքում դրված այս 2 օրենքների նախագծերից մեկում փաթեթն ամբողջությամբ տեղադրված է, իսկ մյուսում, որը հենց մեր խնդրո առարկա օրինագիծն է, միմիայն Օրենքի նախագիծն է: Բայց, չէ՞ որ՝ հանրության կարծիքի ու քննարկման համար կարևոր են նաև այդ օրինագծի ընդունման անհրաժեշտության դրդապատճառները, այդ օրինագծից բխող այլ իրավական ակտերի նախագծերը, բյուջեին առնչվող տեղեկանքները և այլն:

Նախարարության Մամուլի ծառայությունը, հավանաբար, անձամբ չի ուսումնասիրել նոր նախագծի փաթեթը, այլապես նկատած կլիներ, որ նոր նախագիծը մշակելու անհրաժեշտության հիմնավորման մեջ միանշանակ նշված է միայն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ» նպատակը, շրջակա միջավայրի պահպանության նպատակի մասին խոսք չկա:

Միայն այդ բառերն են նշված նաև 01.11.2011թ. դրությամբ ՀՀ ԱԺ կայքում դրված այդ նախագծի /Նախագիծ Կ-1265-01.11.2011-ԳԲ-010/0/ փաթեթի մաս կազմող մեկ այլ փաստաթղթում, որը ես հիմա ստորև ամբողջությամբ տեղադրում եմ.

«6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունումը լիովին կկարգավորի փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ, մոտեցնելով միջազգային նորմերին եւ ստանդարտներին, միաժամանակ, կնպաստիգործարարմիջավայրիբարելավմանը»:

Կրկին՝ ոչ մի խոսք շրջակա միջավայրի պահպանության մասին:

Տեղադրում եմ ամբողջությամբ նաև Հիմնավորման տեքստը /առանց եղած տառասխալներն անգամ ուղղելու/՝ իրեն հաջորդող այլ մասերով.-

«Հիմնավորում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 1995 թվականին, հասարակական զարգացումների հետեւանքով շատ դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու եւ նոր պահանջներ սահմանելու նպատակով օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում էր նաեւ ՀՀ կառավարության կողմից վավերացված «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի եւ «Կոնվենցիային կից ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրություն», «Եվրոմիության խորհրդի դիրեկտիվների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտում», ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվնցիայի /Օրհուս/ պահանջներից եւ սկզբունքներից:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի մշակման նպատակն է օրենքը համապատասխանեցնել հասարակական զարգացումների հետեւանքով առաջացած իրավահարաբերություններին, ոլորտին վերաբերող միջազգային պահանջներին, Եվրոմիության ստանդարտներին, նպաստելՀայաստանիգործարարմիջավայրիբարելավմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Օրենքը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների եւ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին»’ կոնվենցիայի քարտուղարության կողմից»:

Իսկ սա նշանակում է, որ նախարարությունը ՎԵՐԱԶԱՆՑԵԼ է իր լիազորությունները, և միաժամանակ դեմ է գնացել ՀՀ կառավարության 2002թ. oգոuտոuի 8-ի N1237-Ն որոշմամբ հաստատված իր իսկ կանոնադրությամբ սահմանված դրույթներին, դրանով իսկ հակասելով մեր երկրում բնության պահպանության նախարարության գոյության իմաստին:

Իր կանոնադրության համաձայն ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ նախարարությունը կոչված է մշակելու և իրականացնելու Հայաuտանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեuուրuների բանական oգտագործման բնա•ավառներում պետական քաղաքականությունը (Կանոնադրության 1 կետ):

Երկրի գործարար միջավայրին աջակցելու նպատակը, խնդիրը և գործառույթը՝ այլ նախարարության իրավասության ներքո է:

Եթե նախարարությունը մոռացել է, ապա ստիպված ենք հիշեցնել, որ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ նախարարության նպատակն ու խնդիրները պետք է լինեն ոչ թե՝ գործարար միջավայրին ըստ ամենայնի աջակցելը, այլ այն՝ ինչը հենց ամրագրված է իր իսկ կանոնադրության 7-րդ կետում: Այն է.

«ա) ՀՀ oրենuդրությամբ uահմանված իր իրավաuությունների uահմաններում՝ ՀՀ շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուuական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնաuակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպեu նաև բնական ռեuուրuների ողջամիտ oգտագործման ու վերականգնման պետական քաղաքականության ձեւավորումն ու կառավարումը.

բ) շրջակա միջավայրի՝ ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուuական աշխարհի, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնաuակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպեu նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բնական ռեuուրuների ողջամիտ oգտագործման եւ վերարտադրության պետական կառավարման ապահովումը.

դ) ՀՀ բնապահպանական oրենuդրությամբ uահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահuկողության իրականացման ապահովումը»:

Կարճ ասած` եւ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ ժողովրդական լեզվով ասած՝ եւ մտել է ուրիշ նախարարության բոստանը, իսկ իրավաբանական լեզվով ասած` եւ վերազանցել է իր լիազորությունները:

Եթե մի սովորական քաղաքացիական ծառայող վերազանցեր իր լիազորությունները, հիմա նրան պատասխանատվության կենթարկեին, իսկ նախարարությանը (և՝ նախարարության մասնագետներին), երևի կարելի է, վերազանցում կատարել:

Համ էլ, երևի մեր երկրում արդեն կայուն ավանդույթ է, որ պաշտոնատար անձինք իրենց գործը թողած՝ ուրիշի գործն են անում: Օրինակ, այն ժամանակ, երբ հանրապետության գլխավոր դատախազը երկրում կարգ ու կանոն հաստատելու փոխարեն, մտնելով մշակույթի նախարարի բոստանը՝ Արագած սարի շուրջը շուրջպար էր կազմակերպում, մշակույթի նախարարը զենքը ձեռքին գնացել էր ինչ-որ մի էլեկտրո-ենթակայան՝ այնտեղ կարգ ու կանոն հաստատելու: Իսկ երբ նույն դատախազն այս անգամ էլ մտել էր բնապահպանության նախարարի բոստանը… ու ծառատունկ էր կազմակերպում ու ծառ տնկում, բնապահպանության նախարարն, այդ ժամանակ, ասում են՝ լոր, թե՝ որոր էր սպանում : Ու էսպես՝ իրենց գործը թողած, մեկը մյուսի բոստանը մտնելով, … գնում ենք առաջ:

Իսկ ԲՆ ՄԾ-ին ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ բնապահպանների ահազանգը նախևառաջ վերաբերում էր Օրինագիծն Ազգային ժողով հասնելու գործընթացի ընթացակարգային խախտումներին: Նորից ուշադիր կարդալու համար ուղղակի մեջբերում եմ ահազանգից այդ մասը:

-«նշված նախագիծը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ կողմից վավերացված Օրհուսի եւ Էսպոյի կոնվենցիաների, ինչպես նաեւ ՀՀ ազգային օրեսնդրության պահանջների բացահայտ ու կոպիտ խախտումներով:

Մասնավորապես.
- չի ապահովվել Օրհուսի եւ Էսպոյի կոնվենցիաներից բխող ընթացակարգերը,
- հասարակությունը զրկվել է իր հիմնարար իրավունքները իրագործելու հնարավորությունից,
- չի ապահովվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածով եւ ՀՀ կառավարության 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշմամբ սահմանված, նախագծի քննարկման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու ընթացակարգը»:

Որից հետո նոր նշվել է, որ «ներկայացված նախագիծն ամբողջությամբ թերի է,եւ չի ապահովվում հասարակության պատշաճ ծանուցման, ձեռնարկողի/ներկայացնողի կողմից ՇՄԱԳ/ՌԷԳ իրականացման եւ դրանում հասարակության նախնական փուլում պատշաճ ներգրավման ու հասարակության կարծիքի հաշվի առնելու հարցերը,
- չի ծառայում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական նպատակի իրականացմանը, քանի որ բացակայում է օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ, մասնագիտորեն հիմնավորված նորմատիվա-իրավական հիմքը, մասնավորապես՝ շրջակա միջավայրին հասցվող վնասի տնտեսական գնահատման կարգը,
- բացակայում է փորձաքննությունն իրականացնող պետական լիազոր մարմնի եւ փորձագետների համապատասխան իրավական պատասխանատվությունը սահմանող նորմերը; և այլն», -ինչի համար էլ, հաշվի առնելով օրենքի կարևորությունը, պահանջվել է հանել այդ նախագիծը Ազգային ժողովի սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգից եւ ապահովել հասարակության պատշաճ մասնակցությունը:

Ավելացնեմ նաև, որ ԲՆ ՄԾ արձագանքում հիշատակված հանդիպման /բայց ոչ՝ հանրային քննարկման/ մասնակիցների հավաստմամբ՝ «ս.թ. նոյեմբերի 23-ին ՀՀ բնապահպանության փոխնախարարի գրասենյակում հանդիպումը ճիշտ չի հանրային քննարկում անվանել, հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերի սկզբունքներն ու պահանջները, այն ընդամենը եղել է հանդիպում, որտեղ մենք հայտնել ենք մեր դժգոհությունը, և մեր մտահգությունները տվյալ նախագծի վերաբերյալ, որ այն ունի բազմաթիվ բացեր ու թեորւթյուններ, հակասություններ, միևնույն ժամանակ էլ հետ կանչելու պահանջ ենք ներկայացրել»:

Այս առումով, իմ կողմից կցանկանայի ևս ավելացնել, որ նախարարության կողմից ՀԿ-ների հետ հանդիպումների արձանագրությունները այնքան էլ ռեալիստորեն չեն արտացոլում տվյալ հանդիպումների ողջ անցուդարձը: Վկա՝ Օրհուսի կոնվեցիայով աշխատանքների ձախողման վերաբերյալ ԶԼՄ-ներով 26 Կազմակերպությունների բողոքի կապակցությամբ, բողոքող կազմակերպությունների մասնակիցների հետ հանդիպումը՝ բնապահպանության 1-ին փոխնախարար պարոն Ս. Պապյանի հետ:

Այդ հանդիպման արձանագրության մեջ ոչ մի բառ չի արձանագրված իմ կողմից տրված հարցի և դրան հետևած գործողությունների ու պատասխանի մասին: Հիշեցնեմ, որ հարցս վերաբերում էր 10 տարի առաջ, Օրհուսի Կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորության (Կոնվենցիայի տակ ընկնող անձանց համար վեճեր լուծող, ԱՆՎՃԱՐ, ոչ դատական համակարգի ստեղծման) կատարման, ավելի ճիշտ՝ ՉԿԱՏԱՐՄԱՆ խնդրին: Ներկաները հաստատ չեն մոռանա, որ սկզբնապես, պարոն Պապյանն առաջարկեց, որ ինքը վճարի այդ ծախսերը, ու դեռ ձեռքն էլ սեփական գրպանը տարավ: Հետո՝ փոշմանեց: Իսկ այդ օրվա արձանագրության մեջ այդ մասին ոչինչ չկա գրված:

Ելնելով ողջ վերոգրյալից ու նորից հաշվի առնելով ՇՄԱՓ Օրենքի կարևորությունը՝ պահանջում ենք հանել այդ նախագիծը Ազգային ժողովի սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգից:

Ռուզաննա Ղազարյան
«Դալմա-Սոնա» հիմնադրամի ՀԽ նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter