Սիգի որսը դեկտեմբեր-հունվարին կարգելվի
Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում արգելվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: Բնապահպանության նախարարության, ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները, ստորագրված համատեղ ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 1-ից արգելքի ռեժիմի պահպանմանն ուղղված միջոցառումներ են իրականացնելու:
Ինչպես հայտնում է Բնապահպանության նախարարության մամլո ծառայությոնը, որսի արգելքի միջոցառումները թույլ կտան Սևանա լճում ունենալ սիգի արդյունագործական որսի չափաքանակ, ինչն առաջիկայում պետությանը հնարավորություն կտա տեղի բնակչությանը տալ արդյունագործական որսի թույլտվություն: Մյուս կողմից էլ, նախարարությունը հույս ունի, որ օրինական որսը հնարավորություն կստեղծի հստակ հաշվարկել ձկան չափաքանակը և կարգավորել այն, ինչն անհնար է ապօրինի որսի առկայության դեպքում: Որսի արգելքի այս կարճ ժամանակահատվածը նպատակ է հետապնդում տեղի բնակչության համար լուծել սոցիալական խնդիրներ` ապահովելով ձկան երկարաժամկետ արդյունագործական որսի պաշարներ, իսկ Հանրապետության ողջ բնակչությունը հնարավորություն կունենա կայուն կերպով օգտվել Սևանի բարիքներից:
ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Նմանատիպ դեպքերի հայտնաբերման դեպքում մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել