HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Խանումյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հարցազրույցին

Ազգային ժողովի այսօրվա նիստում` պատգամավորական հայտարարությունների ժամին, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 17-ին ռուս լրագրող Դ. Կիսիլյովին տված հարցազրույցին: Պատգամավորի ելույթն ամբողջությամբ ներկայացված է ստորև.

«2016թ. նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանը ռուս լրագրողին տված իր հարցազրույցում կրկին հանդես է եկել պարտվողական և զիջողական հայտարարություններով՝ մասնավորապես  հաստատելով, որ 2011թ. Կազանի եռակողմ հանդիպման ժամանակ ինքը պատրաստ է եղել ստորագրել փաստաթուղթ, որով Ադրբեջանին կտրվեին իր խոսքերով «յոթ շրջանները»: Սերժ Սարգսյանը վստահորեն ասում է, որ հայկական կողմերը, Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պատրաստ են հեռանալ այդ շրջաններից:

Սերժ Սարգսյանի այս հանձնվողական դիրքորոշումը որդեգրվել է Հայաստանի մի շարք քաղաքական և պետական գործիչների կողմից, որոնք տեղի-անտեղի խոսում են տարածք հանձնելու մասին: Նրանց մի մասին Արցախի քաղաքական ուժերը թե՛ հրապարակային, թե՛ անմիջական հանդիպումներում անդրադարձել են, հորդորել, պահանջել հրաժարվել պարտվողական հռետորաբանությունից: Ինչպես տեսնում ենք, արդյունքներ դեռ չկան:

Այսօր ես մեկ անգամ ևս այս ամբիոնից ցանկանում եմ հիշեցնել, որ տարածքային զիջումների մասին խոսելը դավաճանություն է: Պարտվողական հռետորաբանությունը լկտիացնում է մեր թշնամուն, բացասական է ազդում մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա, հետ է պահում պոտենցիալ ներդրողներին Արցախի որոշ շրջաններում ներդրումներ կատարելու մտքից, Արցախի որոշակի շրջաններում բնակվող մարդկանց մոտ առաջ է բերում արտագաղթի մտադրություններ:

Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի ասածի վերաբերյալ պարզաբանում եմ պահանջում Արցախի նախագահ Բակո Սահակյանից: Արդյո՞ք նա ևս 2011թ. պատրաստ է եղել տարածքային զիջումների:  Ի՞նչ հիմնավորվածությամբ է Սերժ Սարգսյանը պնդում, որ հայկական կողմերը պատրաստ են Ադրբեջանին հանձնել յոթ շրջաններ:

Սա առանցքային հարց է, քանզի մտավախություններ կան, որ Արցախում սահմանադրական փոփոխություններ են պարտադրվում լեգիտիմության պակասով նախագահ ունենալու համար, որպեսզի նա ստորագրի Արցախի, ամբողջ հայության շահերին հակասող պայմանագրեր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter