Հանրապետությունում հանցագործությունների թվաքանակը աճել է. «ամենահանցագործը» Երևանն է
Համաձայն ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ հանրապետությունում 2016թ. հունվար-հոկտեմբերին, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, հանցագործությունների թվաքանակի աճ է գրանցվել։
Այս տարվա առաջին տասը ամիսներին հանցագործությունների ընդհանուր թվաքանակը կազմել է 15 461՝ նախորդ տարվա 14 015-ի փոխարեն։
Համեմատելով 2015-հունվար-հոկտեմբերը այս տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ կարելի է նկատել, որ աճել են միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունները, դրան զուգահեռ նվազել ոչ մեծ ծանրության, ծանր և հրազենի գործադրմամբ տեղի ունեցած հանցաքանակները։
Հանրապետությունում տեղի ունեցած հանցագործությունների գրեթե կեսը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են, հատկապես գողության դեպքերը, հաջորդիվ անձի դեմ ուղղված հանցագործություններն են։ Ի համեմատ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի, այս տարվա առաջին տասը ամիսների աճել են սեփականության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, ի դեպ վերջինս աճել է 2,5 անգամ։
Իսկ հանցաքանակի նվազում գրանցվել է անձի, հասարակական անվտանգության/ կարգի, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում:
Հանրապետությունում ամենամեծ քանակով գրանցվում են գողության դեպքերը, այնուհետ՝ անձի դեմ ուղղված այլ հանցագործությունները, հաջորդիվ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններն են:
Բացառությամբ անձի դեմ ուղղված այլ հանցագործությունների` մնացած վերը նշված չորս հանցատեսակներում քանակական աճ է գրանցվել, անգամ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների թվաքանակը գրեթե 3,5 անգամ է աճել:
Հանցաքանակների ամենամեծ չափաբաժինը «բաժին է ընկել» մայրաքաղաքին. 2016 հունվար-հոկտեմբերին 15 461 հանցագործություններից 7585-ը արձանագրվել է Երևանում, հաջորդիվ հանցագործությունների քանակով «ակտիվ» են Կոտայքն ու Լոռին:
Երևանում, Զվարթնոց օդանավակայում և ՀՀ մարզերում, բացառությամբ Տավուշի աճել են հանցաքանակները, իսկ օրինակ Վայոց ձորում, ինչպես 2015-ի առաջին տասը ամիսների, այնպես էլ այս տարվա նույնաժամանակ ամսիներին գրանցվել է նույնաքանակ 149 հանցագործություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել