
Ռուսաստանը զրկո՞ւմ է Հայաստանին «Իսկանդեր»-ն օգտագործելու հեռանկարից
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում կայցած ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում ունեցած հանդիպման ժամանակ ստորագրել են «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը:
Նոյեմբերի 14-ին ռուսական կողմը պաշտոնապես հաստատել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այս համաձայնագիրը ստորագրելու ՌԴ կառավարության առաջարկին: Սա նշանակում է, որ չնայած համաձայնագրի դետալները բանակցվել են ավելի վաղ, սակայն ինքնին զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու նախաձեռնողը եղել է Մոսկվան: Հայտնի է, որ համաձայնագրի շուրջ բանակցությունների համար հուլիսին Երևանում է եղել ՌԴ Պաշտպանության նախարարության մի պատվիրակություն: Ըստ ռուսական lenta.ru տեղեկատվական ռեսուրսի՝ համաձայնագրով խմբավորումը ստեղծվում է «կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունը պահպանելու» նպատակով։ Համաձայնագիրը գործելու է հինգ տարի: Այն ավտոմատ կերպով համարվում է երկարաձգված, եթե կողմերից մեկն այն դադարեցնելու նախաձեռնություն չի ցուցաբերի:
Ինչ է զորքերի միացյալ խմբավորումը
Սակայն թե կոնկրետ ի՞նչ է այն նախատեսում, ո՞ր ուժերն են ընդգրկվում միացյալ խմբավորման մեջ, ինչպե՞ս է իրականացվելու միացյալ խմբավորման կառավարումը, պաշտոնական մակարդակով չի հրապարակվում: Սակայն այս տարվա օգոստոսին «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթը տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի միացյալ խմբավորման մեջ ներգրավվում են մի կողմից ՀՀ ԶՈՒ 4-րդ կորպուսը, որն ապահովում է Նախիջևանի հետ սահմանների անվտանգությունը, մյուս կողմից՝ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան: Խմբավորման հրամանատարը Ռուսաստանի նախագահի համաձայնությամբ նշանակվում է Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի՝ այսինքն այս պահին նախագահի, իսկ 2018թ. ապրիլից հետո Կառավարության կողմից: Խմբավորումը սովորական պայմաններում ենթարկվելու է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին: Սակայն ինչպես է այն կառավարվելու պատերազմական իրավիճակում, չի կոնկրետացվում: Ըստ ռուսական վերոնշյալ պաշտոնաթերթի՝ այդ ընթացքում խմբավորումը կենթարկվի ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։
Իրավապայմանագրային հիմքով երկու երկրների ԶՈՒ միացյալ խմբավորում, պարզվում է՝ ստեղծված է եղել դեռ 2000-ականների սկզբներին: Այս տարվա օգոստոսին տեղեկություն տարածվեց, որ խմբավորումը զորավարժություններ է անցկացրել «Ալագյազ» զորավարժարանում: Մինչ այս համաձայանգիրը հայ-ռուսական զինված ուժերի խմբավորման առկայության փաստն օրեր առաջ հաստատեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
Ակնհայտ է, որ եթե դրանով հանդերձ կողմերը գնում են նոր համաձայնագրի ստորագրմանը, այն էլ նման երկար բանակցություններից հետո, նշանակում է սկզբունքային նոր լուծումներ են ամրագրվում, և խմբավորումը, առաջադրված խնդիրների առումով, ձեռք է բերում նոր ռազմաքաղաքական նշանակություն:
Սա առնվազն տարօրինակ է: Իրականում հարավկովկասյան տարածաշրջանում երկու երկրների անվտանգությունն ապահովելու նպատակով հատուկ միացյալ խմբավորում ստեղծելու անհրաժեշտություն չպետք է լիներ: Հայաստանը և Ռուսաստանն ունեն ռազմական առանցքային բաղադրիչ ընդգրկող ստրատեգիական գործընկերության պայմանագիր: Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը տարեցտարի ընդլայնվում է: Առանձին պայմանագրով Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանների անվտանգության ապահովումը դրված է ռուսական սահմանապահ ուժերի վրա: Ե՛վ Հայաստանը, և՛ Ռուսաստանը հանդիսանում են ռազմաքաղաքական միևնույն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ և ունեն փոխադարձ պարտավորություններ ռազմական օժանդակություն ցուցաբերել միմյանց՝ եթե կազմակերպության անդամ կողմերից որևէ մեկի նկատմամբ արտաքին ագրեսիա է իրականացվել: Իսկ այս տարվա հունիսին Հայաստանը վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության հարավկովկասյան հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:
Այսինքն ռազմական համագործակցության ոլորտում ացնած 25 տարիների ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի ստեղծված իրավապայմանագրային բազան, առավել քան բավարար պայմաններ պետք է ապահովեր Հայաստանի անվտանգության, և այս տարածաշրջանում Ռուսաստանի ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու համար: Եվ իսկապես հարց է առաջանում՝ ինչո՞ւ են կողմերը գնում նոր և մեղմ ասած չափազանց կասկածելի լուծումներով նման խմբավորման ստեղծմանը, որքանո՞վ է առհասարակ այս համաձայանգիրը բխում Հայաստանի և հատկապես Արցախի շահերից:
Հայկական անիտասեական շահերը
Այն տեղեկությունը, որ միացյալ խմբավորման մեջ կարող են ընդգրկվել ՀՀ ԶՈՒ 4-րդ կորպուսը և ռուսական ռազմաբազան, տեսականորեն թույլ հույսեր է առաջացնում, որ փորձ է արվում ռուսական ռազմական կոնտիգենտը, զինտեխնիկան ներգրավել Նախիջևանի հետ սահմանների պաշտպանությանը: Սա մարտավարական երկու կարևոր խնդիր կարող էր լուծել: Առաջին՝ Արցախում ռազմական նոր, ավելի մասշտաբային գործողությունների վերսկսման և այնտեղ ռեզերվային ուժեր տեղափոխելու անհրաժեշտություն առաջանալիս Նախիջևանից թիկունքը պահելու համար ռեսուրս հատկացնելու առումով մտահոգությունն ավելի քիչ կլիներ: Երկրորդ՝ Նախիջևանի քթի տակ ռուսական զինուժի ներգրավմամբ խմբավորման առկայությունը կարող է քաղաքական աումով զսպող գործոն լինել Ադրբեջանի համար՝ Հայաստանի դեմ այդ ուղությունից երկրորդ ճակատ բացելու պլաններ ունենալու պարագայում: Իսկ որ Ադրբեջանը պատրաստվում է դրան, վկայում է ինչպես Նախիջևանում առանձին համազորային բանակի ստեղծումն ու ժամանակակից զինտեխնկայով հագեցումը, ինտենսիվորեն մասշտաբային զորավարժությունների անցկացումը և 2016թ. առաջին կեսին սահմանի այդ հատվածում հրադադարի ռեժիմը հաճախակի խախտելով հայկական դիրքապահ ուժերի զգոնությունն ստուգելով: Պետք է նշել, որ երկու դեպքում էլ գործ ունենք զուտ տեսական կանխավարկածների հետ, որովհետև մինչ այս Ռուսական կողմը երբևէ չի ցուցաբերել որևէ ձևաչափով հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ներքաշվելու, Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները կատարելու անգամ թեթև պատրաստակամություն: Բայցևայնպես, ոչ մի կռվան այս պահին չկա պնդելու, որ հենց այս խնդիրն է դրվում նման խմբավորման ստեղծմամբ:
Որքան մշուշոտ են այս խմբավորման ստեղծումից հայկական կողմի օգուտները կամ շահերը (հուսանք, որ դրանք թեև գաղտնի, բայց կան), նույնքան շոշափելի են Մոսկվայի հետապնդած նպատակները:
Ռուսական իրատեսական շահերը
Օգոստոսին, այսինքն հենց այն ժամանակ, երբ Հայաստանի հետ ընթանում էին միացյալ խմբավորման վերաֆորմատավորման շուրջ բանակցությունները, Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատեց, որ Կալինինգրադի մարզում «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ է տեղակայում: Դրան Արևմուտքը պատասխանեց Վրաստանում իր ներկայության ապահովման և կազմակերպությանը Վրաստանի ինտեգրումն էլ ավելի խորացնելու գործընթացներն արագացնելով: Նոյեմբերի 10-20-ին Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի ուսումնավարժական կենտրոնում անցկացվեցին «ՆԱՏՕ-Վրաստան-2016» հրամանատարա-շտաբային զորավարժություններ:
Հայաստանում զորքերի միացյալ խմբավորման ստեղծմամբ Մոսկվան հետապնդում է մի կողմից Վրաստանի «նատօականացումը» զսպելու, մյուս կողմից դրա անկարողության դեպքում իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակ: Ահա թե ինչու է խմբավորման ստեղծման համաձայնագրում շեշտվում կովկասյան տարածաշրջանում «երկու երկրների անվտանգությունն ապահովելու» նպատակ: Եթե իսկապես միացյալ խմբավորումն ստեղծելու նպատակը կամ նպատակներից մեկը սա է, ապա տեղի է ունենում Հայաստանը Ռուսաստան-ՆԱՏՕ խորացող հակամարտության մեջ ներքաշելու, այդ դիմակայությունում Հայաստանի մանևրելու դաշտը սահմանափակելու վտանգավոր գործընթաց:
Երկրորդ՝ սեպտեմբերին բացահայտվեց, որ Հայաստանը տիրապետում է ռուսական «Իսկանդեր-Է» հրթիռային համալիրների, որը, ի թիվս նոր ձեռք բերված զինտեխնիկայի, ցուցադրվեց Հանրապետության 25-ամյակին նվիրված զորահանդեսում: Ընդ որում՝ նկատի ունենալով, որ այդ համալիրների ձեռբերումը նախատեսված չէր ՌԴ-ի հետ կնքված 220 մլն դոլարի վարկային համաձայնագրով, պարզ է դառնում, որ համալիրները Հայաստանում են գտնվում ավելի վաղուց, ըստ ամենայնի՝ 2013թ-ից: Թե՛ պաշտոնական Մոսկվան և թե՛ Երևանը հաստատել են, որ դրանք իսկապես գտնվում են Հայաստանի ԶՈՒ բալանսում, այլ ոչ թե ռուսական 102-րդ ռազմակայանի: Ինքնին ԼՂ-ի պայթյունավտանգ հակամարտության մեջ գտնվող երկրի տրամադրության տակ նման զինատեսակի լինելու հանգամանքը ամբողջությամբ փոխում է տարածաշրջանային անվտանգության ստրատեգիական քարտեզը և որ էլ ավելի էական է՝ ստեղծում Ռուսաստանի վերահսկողությունից դուրս դրա գործադրման իրական վտանգ: Դրա սպառնալիքը ՌԴ-ն զգաց հատկապես ապրիլյան պատերազմի պարագայում, երբ Ադրբեջանը, գործի դնելով «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգը, ինքնստինքյան սադրում էր հայկական կողմին համարժեք և գուցե նաև անհամարժեք պատասխանի: Ամենևին չի բացառվում, որ եթե պատերազմը նման արյունալի սցենարով շարունակվեր ևս որոշ ժամանակ, հայկական կողմը կարող էր ստիպված լինել նաև նմանատիպ հեռահար և ստրատեգիական զինատեսակներ կիրառել: Համենայնդեպս դրանից հետո ՀՀ նախագահն առնվազն երկու անգամ սպառնացել է, որ նոր մասշտաբային ռազմական սադրանքի դեպքում հայկական կողմը ավերիչ հարված կհասցնի հակառակորդին: Նման բան Ռուսաստանը թույլ տալ չի կարող: Եթե մինչև Հայաստանում «Իսկանդեր Է»-ի առկայության քողազերծումը Ռուսաստանը կարող էր ներքին խողովակներով ստիպել Հայաստանին ձեռնպահ մնալ դրա գործարկումից, ապա սեպտեմբերի 21-ին դրա քողազերծումից հետո դա այլևս իրատեսական չէ, քանի որ մեծանում է անհրաժեշտության դեպքում այն գործադրելու՝ իշխանության նկատմամբ հանրային անհաղթահարելի ճնշման հնարավորությունը: Սա գործնականում Հայաստանը Ռուսաստանի համար դարձնելու էր անվերահսկելի: Առավել քան պարզ է, որ Մոսկվան պետք է փորձեր գտնել իրավական մեխանիզմներ դա թույլ չտալու և հայկական կողմի ձեռքերը շղթայելու համար: Միացյալ խմբավորման ստեղծումը կարող է լուծել այդ խնդիրը, եթե նկատի ունենանք այն կարծես թե հաստատվող պայմանը, որ պատերազմական իրավիճակում միացյալ խմբավորման կառավարումն իրականացվելու է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի՝ ասել է թե ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից: Այդպես է թե ոչ, կախված է նրանից, թե արդյո՞ք ստրատեգիական նշանակության այդ զինատեսակները ևս ընդգրկվելու են զորքերի միացյալ խմբավորման մեջ:
Միացյալ խմբավորման վտանգները
Խմբավորման ստեղծման հետ կապված վտանգները պայմանավորված են երկու կարևոր իրողությամբ: Առաջին՝ փաստացի ստեղծվում է ոչ թե համատեղ, այլ միավորված խմբավորում, որը էականորեն սահմանափակում է հայկական կողմի ինքնուրույնության մակարդակը գոնե այն զորամիավորումների կտրվածքով, որն ընդգրկվելու է խմբավորման մեջ: Որքան մեծ լինի զորամիավորման շրջանակը, այնքան, բնականաբար, փոքրանում է Հայաստանի սուվերեն իրավունքը սեփական բանակի կառավարման առումով, հակառակ համեմատականով նույնքան մեծանում է Ռուսաստանից հայկական զինված ուժերի կախվածությունը: Սրանով այս խմբավորման ձևավորումը սկզբունքորեն տարբերվում է այս տարվա ամռանը հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգի ձևավորումից, քանի որ վերջինս ձևավորվեց համատեղության, այլ ոչ թե միավորման միասնականացման սկզբունքով: Անկախ սրանից, իհարկե, թե ցամաքային և թե ռազմաօդային ուժերի համակարգերում տեղի ունեցող ծուլման այս պրոցեսները չափազանց խոսուն են:
Երկրորդ մտահոգիչ գործոնը պատերազմական իրավիճակներում խմբավորման ներգրավման, մասնակցության, կառավարման հետ կապված որոշումները ռուսական կողմին պատվիրակելն է: Եթե անգամ սա չի նշանակում, որ ռուսական կողմը ստանում է այդ խմբավորման մեջ մտնող հայկական զորամիավորումները անհրաժեշտության դեպքում օգտագործելու իրավունքից Հայաստանին զրկելու իրավունք, ամեն դեպքում օպերատիվ որոշումների կայացման մեխանիզմը բարդանում է, քանի որ բաղկացած է լինելու փաստացի մի քանի փուլից՝ Մոսկվայի մասնակցությամբ: Իսկ նման հարցերում երկրորդ կողմի ներգրավումը, այն էլ այնպիսի անկանխատեսելի երկրի, ինչպիսին Ռուսաստանն է, չի կարող շրջանցել քաղաքական գործոնները: Թե ի՞նչ է սա նշանակում պատերազմական և ԼՂ հակամարտության ներկայիս նախապատերազմական վիճակում, թերևս չարժե մեկնաբանել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել