Վարչապետը գլխավոր դատախազին հորդորեց ուշադիր լինել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների քրեական գործերի քննությանը
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին հանձնարարականեր տվեց նախարարությունների ղեկավարներին։
Մասնավորապես՝ պետական մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման, դրանց նպատակային ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունը ապահովելու նպատակով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին Կարապետյանը հանձնարարեց մինչև 2016 թվականի դեկտեմբերի 9-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման արտաբյուջետային միջոցների վերաբերյալ կառավարության համապատասխան որոշման նախագիծ։
Բացի դրանից, Կարապետյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հորդորեց ուշադրություն դարձնել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների քրեական գործերի քննության հարցին։ Վարչապետի փոխանցմամբ՝ իրեն և կառավարության աշխատակազմին են դիմել այդ զինծառայողների ծնողները, որոնց բարձրաձայնած խնդիրները վերաբերում են ստույգ քրեական գործերի քննությանը, որոնց մասով հսկողությունը իրականացնում է դատախազությունը։
Կարապետյանը դատախազին խոստացավ իրենց ուղղված գրությունները, որտեղ նաև նշված են դիմած ծնողների կոնտակտային տվյալները, փոխանցել դատախազությանը՝ հանդիպում կազմակերպելու համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել