
Մագնուս Կառլսենը պահպանեց շախմատային թագը
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը դժվարին պայքարում կարողացավ պահպանել թագը Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի հետ պայքարում, որը ծավալվել էր Նյու Յորքում: Դասական շախմատի 12 պարտիաներում գրանցվեց 6-6 հաշիվ: Ընդ որում՝ կողմերը կարողացան միայն մեկական հաղթանակ տանել, իսկ 10 պարտիա խաղաղ ելք ունեցավ: Կանոնակարգի համաձայն՝ դասական պարտիաներից հետո նշանակվեց թայ-բրեյք, որի ժամանակ նախ խաղացվեց արագ շախմատի 4 պարտիա:
Ահա այստեղ էլ նորվեգացին երկու ոչ-ոքի խաղալուց հետո 3-րդ եւ 4-րդ պարտիաներում կարողացավ կոտրել հավակնորդի դիմադրությունը, որի հետ Ռուսաստանում սկսել էին ավելի ու ավելի մեծ հույսեր կապել: Այսպիսով՝ թայ-բրեյքում գրանցված 3-1 հաշվով հաղթանակից հետո աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը կշարունակի կրել չեմպիոնի թագը, որը նրան է պատկանում 2013-ից:
Հիշեցնենք, որ 2013-ին Կառլսենն իբրեւ հավակնորդ 6,5-3,5 հաշվով հաղթեց այն ժամանակվա գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին՝ «Մադրասի վագրին»: Ընդ որում՝ մրցամարտը կայացավ հենց Չեննայում (Մադրաս): 2014-ին Սոչիում արդեն հավակնորդ Անանդը փորձեց հետ բերել թագը, սակայն նորվեգացին ուժեղ էր՝ 6,5-4,5:
Կարյակինի հետ մրցամարտը դժվարագույնն էր Կառլսենի համար այս դիմակայությունների շարքում, սակայն այս անգամ էլ նա հաղթող դուրս եկավ:
Մեկնաբանել